Դրվագման աշխատանքներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Դրվագման (հարդարման) աշխատանքներ շինարարության մեջ, շենքերի և կառույցների շահագործման և գեղագիտական հատկությունները բարձրացնելու նպատակով ներքին և արտաքին դրվագման շինարարական աշխատանքների համալիր։ Դրվագման աշխատանքներ են երեսապատումը, սվաղումը, հատակի պատումը, ներկումը, երեսքաշումը, ապակեպատումը։ Լայն կիրառություն են ստանում մեծ չափերի տարրերը, գործարանային պատրաստման կոնստրուկցիան ու մասերը, որոնք, շինարարական հրապարակ բերվելով պատրաստի վիճակում (օրինակ, պատերի և ծածկերի պանելներ, սանիտարատեխնիկական խցիկներ, դռների և պատուհանների բլոկներ և այլն), զգալիորեն կրճատում են հետմոնտաժային դրվագման աշխատանքների ընդհանուր ծավալը։ Արդյունաբերությունը յուրացրել է մի շարք արդյունավետ դրվագման նյութերի թողարկումը, որը հնարավորություն է տալիս ազատվելու առավել աշխատատար ու երկարատև պրոցեսներից և բարելավելու դրվագման որակը։ Դրվագման աշխատանքների շինարարական օբյեկտներում կատարվում են մեքենայացման տարբեր միջոցներով (սվաղման և ներկման շարժական կայաններ, պոլիմերային նյութերով հատակի պատման ագրեգատներ, ծեփման ապարատներ, հղկիչ հաստոցներ և այլն), որոնք թեթևացնում և արագացնում են շենքերի դրվագման աշխատանքները և պակասեցնում տեխնոլոգիական գործողությունների քանակը։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 455