Դպրոցական տարիք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Դպրոցական տարիք, մարդու կյանքի տարիքային որոշակի ժամանակաշրջան։ Մարդը այդ ժամանակաշրջանը նվիրում է կրթությանը և դպրոցական կրթության ստացմանը՝ օրենսդրորեն հաստատված նվազագույն չափով։ Իր մեջ ներառում է տարիքային խմբերի սահմանված քանակ, որը համապատասխանում է օրենսդրորեն հաստատված պարտադիր կրթության նվազագույն ծավալի ժամկետին։ Դպրոցական տարիքի հստակ սահմանված ժամկետները անհրաժեշտ են դպրոցական կրթությանը ենթակա տարիքում գտնվող մարդկանց թվաքանակը հաշվարկելու համար։

Դպրոցական տարիքի սահմաններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Դպրոցական տարիքը սահմանվում է 6-7 տարեկանից մինչև 17-18 տարեկան հասակը[1]։ Բաժանվում է կրտսեր դպրոցական տարիքի և ավագ դպրոցական տարիքի։ Առաջին շրջանը համարվում է կրտսեր դպրոցական տարիքը (6-7-ից մինչև 10-11 տարեկան)[1], երբ երեխան սովորում է տարրական դասարաններում։ Այդ շրջանում տեղի է ունենում փորձի յուրացում, և ձևավորվում են հոգեկան պրոցեսների ազատ կարգավորման հնարավորությունը և գործողությունների ներքին պլանը[2]։

Ավագ դպրոցական տարիքը նաև կոչվում է պուբերտատ շրջան կամ սեռական հասունացման շրջան։ Սկսվում է միջինում 12 տարեկանից[1], տղաների մոտ՝ 13-ից մինչև 17-18 տարեկան, աղջիկների մոտ՝ 12-ից 16 տարեկանում[3]։

Հոգեբանական զարգացումը դպրոցական տարիքում[խմբագրել | խմբագրել կոդը]

Դպրոցական տարիք՝ ժամանակաշրջան, որի ընթացքում մարդկանց ճնշող մեծամասնության մոտ անհետանում են մանկական վախերը։ Դպրոց ընդունվելուց հետո շատ երեխաների մոտ սկզբում նկատելի մեծանում է մանկական տարիքային վախերի քանակը։ Բելառուսական Վիտեբսկ քաղաքում անցկացված հետազոտությունը ցույց տվեց, որ առաջին դասարանցիների շրջանում, ի տարբերություն ավագ նախադպրոցական երեխաների, առկա են երկու նոր վախեր՝ ուշանալ և հիվանդանալ[4]։ Վիտեբսկ քաղաքի հետազոտված 40 առաջին դասարանցիների մոտ հայտնաբերվել են ընդամենը 30 տեսակի մանկական վախեր, որոնց մեջ գերակշռում էին մահից, ծնողների մահից, հրդեհից, հանցագործների հարձակումից, ինչ-որ բան վատ անելու, տարերային աղետներից, կրակից, ուշանալու և այլ վախերը[5]։ Պարզվեց,որ հետազոտված առաջին դասարանցու վախերի միջին քանակը ավելի բարձր է, քան ավագ նախադպրոցականի մոտ[5]։ 8-9 տարեկան երեխաների մոտ (Նիժնի Նովգորոդի դպրոցի երկրորդ և երրորդ դասարանցիների մոտ) գերակշռում էին երեք տեսակի վախեր՝ մահ (հարցվածների 82 %-ի մոտ), պատերազմ (հարցվածների 82 %-ի մոտ), հարձակում (հարցվածների 81 %-ի մոտ)[6]։ Դեռահասության տարիքում բնական մանկական վախերը (մթությունից, մահից և այլն), որպես կանոն, անհետանում են, և դեռահասների մոտ հիմնականում սոցիալական վախեր են լինում։ Ա․ Ի․ Զախարովը նշում էր, որ դեռահասների մոտ սոցիալական վախերի պիկը համընկնում էր 15 տարեկան տարիքի հետ[7]։ Հայտնի են 5 տեսակի սոցիալական վախեր՝ «չլինել ինքդ քեզ նման», ձախողումներից, քննադատությունից և պատժից, ֆիզիկական տգեղությունից, մենակությունից և ինքնադրսևորման անհնարինությունից[8]։ Մանկական վախերի վերացման համար կիրառում են հոգեբանական ուղղման տարբեր մեթոդներ՝ արտ-թերապիա, հեքիաթաթերապիա և այլն[9]։

Հայաստանում ուսումնական հաստատություն ընդունվելու կարգ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Սովորողների ընդունելությունը դպրոց իրականացվում է տնօրենի հրամանով՝ երեխայի ծնողի կամ նրա օրինական ներկայացուցչի դիմումի և հաստատության միջև կնքված պայմանագրի հիման վրա։
  • Դպրոցի առաջին դասարան ընդունվում են այն երեխաները, որոնց վեց տարին լրացել կամ լրանում է տվյալ օրացուցային տարվա դեկտեմբերի 31-ը ներառյալ։ Ավելի փոքր տարիքի երեխաների ընդունելությունը ուսումնական հաստատություն արգելվում է։ Ընդունելությունը դպրոցում կազմակերպվում է տվյալ տարվա հունիսի 1-ից մինչև սեպտեմբերի 1-ը։
  • Հատուկ դպրոցի 1-ին դասարան ընդունվում են տվյալ օրացուցային տարում վեց տարին լրացած և ավելի բարձր տարիքի դպրոց չհաճախած երեխաները։
  • Մինչև 16 տարին լրանալը, հիմնական կրթություն չստացած երեխային դպրոց ընդգրկելու համար պատասխանատու է ծնողը՝ օրենքով սահմանված կարգով։
  • Սահմանված ժամկետից ուշ երեխան դպրոց ընդունվում է հետևյալ կարգով՝
  1. մինչև երկու տարի ուշացման դեպքում՝ առաջին դասարան ընդհանուր հիմունքներով,
  2. երկու տարուց ավելի ուշ (մինչև 13 տարին լրանալը) երեխան ընդունվում է դպրոցի՝ իր տարիքային խմբին համապատասխան դասարան։
  • Պետական դպրոցի տնօրենը տվյալ վարչական տարածքում բնակվող երեխաներին, ծնողի կողմից դիմում ներկայացնելու դեպքում, ընդունում է դպրոց։
  • Դպրոց ընդունելության ժամանակ սովորողի գիտելիքների ստուգում չի թույլատրվում։
  • Հայաստանում դպրոցական կրթության տևողությունը 12 տարի է։ Այն բաժանվում է հետևյալ փուլերի՝ տարրական դպրոց (1-4-րդ դասարաններ), միջին դպրոց (5-9-րդ դասարաններ) և ավագ դպրոց (10-12-րդ դասարաններ)։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Школьный возраст // Малая медицинская энциклопедия.
  2. Младший Школьный Возраст // Психологический словарь. 2000.
  3. Пубертатный возраст // Сексологический словарь
  4. Алецкая И. А. Негативные эмоциональные состояния детей дошкольного и младшего школьного возраста // Веснік Магілёўскага дзяржаўнага ўніверсітэта імя А. А. Куляшова. — Серыя C. Псіхолага-педагагічныя навукі: педагогіка, псіхалогія, методыка. — 2015. — № 2 (46). — С. 71
  5. 5,0 5,1 Алецкая И. А. Негативные эмоциональные состояния детей дошкольного и младшего школьного возраста // Веснік Магілёўскага дзяржаўнага ўніверсітэта імя А. А. Куляшова. — Серыя C. Псіхолага-педагагічныя навукі: педагогіка, псіхалогія, методыка. — 2015. — № 2 (46). — С. 70 — 71
  6. Сокинина А. А. Особенности эмоционального развития младших школьников // Начальная школа. — 2013. — № 6. — С. 51
  7. Захаров А. И. Дневные и ночные страхи у детей. — СПб.: Союз, 2000. — С. 90 — 91
  8. Петрова М. В. Ресурсы социально-культурной деятельности детских общественных организаций в преодолении социальных страхов у подростков // Современные проблемы науки и образования. — 2014. — № 6. — С. 712
  9. Саржанова А. С., Егенисова А. К. Детские страхи и пути их преодоления // Современные наукоемкие технологии. — 2013. — № 7-2. — С. 156

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]