Դերեկի եկեղեցի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Դերեկի եկեղեցի (հայտնի է նաև որպես Ջառջառիսի եկեղեցի), Հայաստանի վաղ միջնադարի ամենախոշոր միանավ եկեղեցիներից։ Գտնվում է Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Դերեկ գյուղի հյուսիսային ծայրամասում, Փամբակի լեռնաշղթայի հարավային լանջին։ Կառուցված է բազմաստիճան որմնախարսխի վրա, մոխրագույն, սրբատաշ տուֆից։ Պահպանվել են հյուսիսային պատը լրիվ և արևելյանի կեսից ավելին։ Աղոթասրահը (6, 62 մ x 17, 63 մ) արևելքից ավարտվում է ներսից պայտաձև, արտաքուստ հնգանիստ խորանով, որը լուսամուտ չունի, դրա տեղում քանդակված է շրջանագծի մեջ վերցված հավասարաթև խաչ։ Սրահը երեք զույգ որմնամույթերով և թաղակիր կամարներով բաժանվում է չորս հատվածի։ Երկայնական պատերին կից, որմնամույթերի միջե ձգվում են կամարներ, որոնցից արևելյանները սլաքաձև են (երկկենտրոն), իսկ մյուսները՝ պայտաձև։

Դերեկի եկեղեցու որմնակամարները Հայաստանում այդ տիպի կամարի հնագույն օրինակներից են։ Որմնամույթերի իմպոստները իրենց ձևով (կորագիծ վերջավորությամբ պատին ձուլվող սալիկ) բնորոշ են վաղ միջնադարի կառույցներին։ Եկեղեցու հյուսիսային պատը զուրկ է բացվածքներից, մուտքը հավանաբար եղել է արևմտյան կողմից։ Արևելյան ճակատում պահպանվել են մոդուլյոններով քիվի մնացորդներ։ Տանիքը ծածկված է եղել կղմինդրով։ Քիվը, խորանի հավասարաթև խաչը ներկված են կարմրավուն ներկով։

Դերեկի եկեղեցին իր հատակագծային ու ծավալատարածական հորինվածքի առանձնահատկությունների, մանրամասների հնագույն ձևերի հիման վրա թվագրվում է IV - V դդ.։

Ներկա վիճակը[խմբագրել | խմբագրել կոդը]

Հուշարձանը զգալի տուժել է նաև 1988 թ. երկրաշարժի ժամանակ։ Մասնավորապես քանդվել է մինչ այդ կանգուն հյուսիսային պատի արևմտյան թևը։ Ներկայումս կանգուն են հյուսիսային պատի մի մասը և խորանի մի փոքր հատվածը[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC-BY-SA-icon-80x15.png