Գրունտների մեխանիկա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Գրունտների մեխանիկա, տեխնիկական գիտության ճյուղ, որն ուսումնասիրում է գրունտների լարումը, ձևափոխությունը, ամրության և կայունության պայմանները, նրանց վիճակի ն հատկությունների փոփոխություններն արտաքին, գլխավորապես մեխանիկական ներգործությամբ։ Հիմնվում է առաձգականության, պլաստիկության ու սողքի տեսությունների, հիդրավլիկայի, թերմոդինամիկայի, գրունտագիտության, ֆիզիկական և կոլոիդների քիմիայի դրույթների վրա։ Հետազոտում է գրունտները՝ որպես շինությունների հիմքեր, հողային կառուցվածքների նյութ և ստորերկրյա կառույցների միջավայր։ Գրունտների փոփոխությունները դրսևորվում են խտացման և դուրս մղման հետևանքով կառույցների նստմամբ, լանջերի ու շեպերի դանդաղ սողքով, աղետային սողանքներով ու փլվածքներով։ Գրունտների մեխանիկայի եզրակացությունները կիրառվում են ստորերկրյա կառույցների, շինությունների հիմքերի, օդանավակայանների, ճանապարհների և այլնի նախագծման գործում։ Գրունտների մեխանիկայի առաջին դրույթները տվել են Շ․ Կուլոնը, Ս․ Ռենկինը։ ժամանակակից Գրունտների մեխանիկայի հիմնադիրն է Կ․ Տերցագին (1925)։ Գրունտների մեխանիկայի վերջնական ձևավորվել է ԽՍՀՄ-ում 1930-ական թվականներին։ Նրա զարգացմանը նպաստել են խորհրդային գիտնականները (Ն․ Մ․ Գերսևանով, Վ․ Ա․ Ֆլորին, Վ․ վ․ Սոկոլովսկի, Ն․ Ա․ Ցիտովիչ և ուրիշներ)։ Արտասահմանյան գիտնականներից զգալի ավանդ ունեն Ա․ Սկեմտոնը, Ա․ Բիշոպը, Լ․ Բյերումը, Ռ․ Պեկը և ուրիշներ։ 1936 թվականին ստեղծվել է Գրունտների մեխանիկայի և հիմքաշինության միջազգային ընկերությունը, որի աշխատանքներին ԽՍՀՄ-ը մասնակցում է 1957 թվականից։ ՀԽՍՀ-ում Գրունտների մեխանիկայի բնագավառի հետազոտություններ կատարվում են ԳԱ համակարգում, ուսումնասիրվում են լանջային սողանքները, ժայռային գրունտների մեխանիկան և այլ հարցեր։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 238 CC-BY-SA-icon-80x15.png