Գոյացման ջերմություն
Գոյացման ջերմություն, ջերմություն առաջացման, որոշակի ելանյութերից տվյալ նյութի առաջացման ռեակցիայի ջերմային էֆեկտը։ Տարբերում են տվյալ նյութի գոյացման ջերմություն ազատ ատոմներից և պարզ նյութերից։ Առանձին դեպքերում օգտագործում են հատուկ տերմիններ ջերմություն սոլվատացման՝ նյութի և լուծիչի փոխազդեցության հետևանքով իոնների (մոլեկուլների) շուրջը սոլվատային շերտի առաջացման ջերմությունն է, ջերմություն բյուրեղացման՝ ատոմներից, մոլեկուլներից, իոններից բյուրեղի գոյացման ջերմությունն է և այլն։ Նյութի քայքայման (նախկին ելանյութերի առաջացմամբ) ռեակցիայի ջերմային էֆեկտը թվապես հավասար է նրա գոյացման ջերմությանը և ունի հակառակ նշանը։ Գոյացման ջեմրությունները սովորաբար բերվում են ստանդարտ վիճակում գտնվող նյութերի համար։ Գոյացման ջերմությունը որոշում են անմիջական չափումով (կալորաչափություն) կամ հաշվում են նյութի առաջացման ռեակցիայի հավասարակշռության հաստատունի ջերմաստիճանային կախման տվյալների, այդ նյութի մասնակցությամբ ընթացող ռեակցիայի ջերմային էֆեկտի, ռեակցիային մասնակցող նյութերի Գիբսի էներգիայի և էնտրոպիայի, տարբեր ջերմաստիճաններում գալվանական էլեմենտի էլշու-ի արժեքներից և այլ եղանակներով։ Գոյացման ջերմությունի արժեքները վստահելիորեն որոշված են մոտ 5000 նյութի համար, որոնց օգնությամբ կարելի է հաշվել տասնյակ հազարավոր ռեակցիաների ջերմային էֆեկտները, գնահատել քիմիական միացությունների կայունությունը և լուծել բազմաթիվ այլ կիրառական խնդիրներ։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ |