Jump to content

Գյումրու սելեկցիոն կայան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

<<Գյումրիի սելեկցիոն կայան>> ՓԲԸ-ն կազմավորվել է 1924 թվականի աշնանը ռուս գիտնական, բնախույզ և կենսաբան Ս. Ի. Վավիլովի ցուցումներով ու լայնամասշտաբ գործունեության շնորհիվ։ 1924 թվականի աշնանը բուսաբուծության Համամիութենական գիտահետազոտական ինստիտուտի (ВИР) կողմից Հայաստան են ուղարկվել մի քանի տասնյակ գյուղատնտեսական մշակաբույսերի հավաքածուների սերմեր  ՀՍՍՀ-ի նախալեռնային և լեռնային գոտիներում փորձարկելու համար։ Սելեկցիոն կայանը որպես գիտական հիմնարկ սկսել է գործել 1925 թվականից։ Այդ նպատակի համար ՍՍՀՄ, Համամիութենական բուսաբուծության գիտահետազոտական ինստիտուտի և ՍՍՀՄ Հողժողկոմի հրամանով Գյումրիի (Լենինականի) գյուղատնտեսական մշակաբույսերի տեսակափորձարկման հենակետին լրացուցիչ հատկացվում է պետական հատուկ նշանակության հողերից 12 հա, որի մի մասը Ամերիկոմինն էր, մի մասն էլ Կոմինխոզինը[1]։

1929 թվականին ՍՍՀՄ Հողժողկոմատի գծով փորձակայանի դաշտում կազմակերպվում է սերմ-տնկարան, որին հատկացվում է ճակնդեղացան սովխոզին պատկանող հողերը։ 1931 թվականին փորձադաշտի բազայի վրա կազմակերպվում է Սելեկցիոն բաժին, որը վերանվանվում է Սելեկցիոն-փորձակայան։

Սորտափորձարկման աշխատանքները միավորում են սելեկցիոն բաժիններին և 1929-1930 թվականներին Հողժողկոմատի որոշմամբ պետական պահուստային հատուկ նշանակության հողերից Սելեկցիոն կայանին հատկացվում են նոր հողատարածքներ։  1931 թվականին կայանի հողատարածքը կազմում է 375 հա, իսկ 1931-1932 թվականներին լրացուցիչ հանձնվում է ևս 100հա հողատարածք, կազմելով 475 հա։ Ներկայում Կայանի տիրապետության տակ են 320.3 հա սեփական վարելահողեր։

1932թ-ին Սելեկցիոն կայանը կազմված էր  6  գիտական բաժիններից.

1.     Սելեկցիոն,

2.    Ճակնդեղագործական,

3.    Բանջարաբուծության,

4.    Կերարտադրության,

5.    Ագրոտեխնիկայի,

6.   Արտադրության։

Այդ տարիներին կայանը գործել է ՍՍՀՄ գյուղատնտեսական ակադեմիայի ենթակայությամբ։

1932-1933 թվականներին կայանի ենթայայությամբ Երևանում 2 հա հողատարածության վրա կազմավորվում է բանջարաբուծական բաժինը` ՍՍՀՄ աշխատանքային հերոս Անահիտ Անանյանի  ղեկավարությամբ։ Սելեկցիոն կայանի գործունեության վերակազմավորման և ամրապնդման գործում կարևոր ազդակ է հանդիսանում ՍՍՀՄ Հողժողկոմի 1937 թվականի որոշումը` «Հացահատիկային  կուլտուրաների սերմերի բարելավման միջոցառումների մասին»,  որին անմիջապես հաջորդում է ՀՍՍՀ Հողժողկոմատի հանձնարարությունը` Լենինականի փորձասելեկցիոն կայանը վերանվանել «Լենինականի պետական սելեկցիոն կայան»-ի։

Սելեկցիոն կայանում փորձարկման նպատակով տարբեր մշակաբույսերի հավաքածուներ են ներկրվում ՎԻՐ-ից և Միության տարբեր գիտական կենտրոններից։

Նախքան երկրորդ Համաշխարհային պատերազմը և պատերազմի տարիներին Տիմիրյազևի անվան գյուղատնտեսական ակադեմիայից և այլ Միութենական խոշորագույն գիտական կենտրոններից երիտասարդ մասնագետներ են գործուղվում, որոնք լայնամասշտաբ գիտական գործունեություն են ծավալում Հայկական գյուղատնտեսական ինստիտուտի շրջանավարտների  (Ա. Գալստյան, Կ. Ստամբոլցյան,Ա.Գուլանյան, Ա. Մաթևոսյան, Գ. Աղաջանյան, Ա. Պետրոսյան, Օ. Ալեքսանյան, Ա. Ամյանևշատուրիշներ) հետ դաշտային մշակաբույսերի` աշնանացան, գարնանացան ցորենի, գարիների, խոտաբույսերի, շաքարի ճակնդեղի, հատիկաընդեղենի, յուղատու կտավատի, բանջարանոցային մշակաբույսերի շրջանացման, ագրոտեխնիկայի կատարելագործման ուղղությամբ։

Տիմիրյազևի անվան ակադեմիայից և Միության այլ գյուղատնտեսական բարձրագույն ուսումնական հաստատություններից Լենինականի Սելեկցիոն կայանում աշխատելու համար գործուղվել են Գ. Դավիդովսկին, Ա. Վերնիգորը, Ն. Դարբինյանը, Օ. Թումանովան, Ա. Դավիդովսկայան, Ն. Աբեդենենան, Ա. Խոչելևը և  ուրիշներ։  

Մինչև Սպիտակի երկրաշարժը կայանի աշխատակիցների ջանքերով ստեղծվել և արտադրության մեջ էին  ներդրվել ավելի քան 40 սորտեր։

1930 թվականի հունիսին Երևանի Պետական Համալսարանի մասնատումից հետո կազմավորվեցին առանձին ինքնուրույն շինարարական, բժշկական և գյուղատնտեսական ինստիտուտները։

Գյուղատնտեսական ինստիտուտի առաջին շրջանավարտներից էր Ա. Գալստյանը`ստացել էր ագրոնոմ-դաշտավարի մասնագիտությունը։ Նա  ուսանել է այնպիսի մարդկանց հետ ինչպիսիք էին  ակադեմիկոսներ` Մ. Թումանյանը, Գ. Աղաջանյանը, Բարուկ Գարասեֆերյանը, Գ. Գրձելյանը, Ա. Մաթևոսյանը, Պ. Քալանթարյանը և շատ ուրիշներ։

Բնակլիմայական և ագրոտեխնիկական առանձնահատկությունները

[խմբագրել | խմբագրել կոդը]

Աշխարհագրական դիրքը և հողային կազմը

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ախուրյանի շրջանը զբաղեցնում է Շիրակի (Գյումրի) սարահարթի կենտրոնական մասը։ Այն գտնվում է 40045/ - 40055/ հյուսիսային լայնության և 43043/ - 44020/ արևելյան երկարության միջև։

Բարձրավանդակն (սարահարթը) արևմտյան կողմից սահմանակից է Ախուրյան գետին և նրան ընդհուպ մոտեցող Ղարսի սարահարթին, հարավ- արևելքից՝ Արագածի լեռնային զանգվածին, իսկ հյուսիս- արևելքից Յասաղուլի լեռներին։

Դեպի հյուսիս-արևմուտք՝ Ախուրյան գետի երկայնքով սարահարթն անցնում է Էլլի-Դարա-ի հարթությամբ (1800մ), որը գետի բարձրադիր մասերում փոխարկվում է Ղուկասյանի (Աղբաբայի) հարթությանը (2012մ.):

Ախուրյանի շրջանն ընկած է Արագած լեռան հյուսիս-արևմտյան լանջին, ծովի մակերևույթից 1470-1600մ բարձրության վրա։ Հյուսիսից  և հյուսիս-արևմուտքից Ախուրյանը սահմանակից է Ղուկասյանի և Ամասիայի շրջաններին, հարավ-արևելքից՝ Արթիկի, հարավից Անիի շրջաններին, իսկ արևմուտքից  եզրափակվում է ՀՀ պետական սահմանը Թուրքիայի հետ։ Շիրակի մարզի ընդհանուր գյուղատնտեսական նշանակության հողերը կազմում են մոտ 204 հազ. հա, որից վարելահողեր՝ 78,7 հազար հա, այդ թվում ջրովի՝ 158 հազար հա։  

Հայաստանը լեռնոտ և մակերևույթային կտրտվածությամբ օժտված երկիր է։ Բայց Արագածի հյուսիս-արևմտյան լանջը, որի  վրա փռված է Ախուրյանի շրջանը օրոգրաֆիկական1 տեսակետից աչքի է ընկնում հարթ ու խաղաղ մակերևույթով /ռելիեֆ/:  Շիրակի մարզի ախուրյանի շրջանի հողային մակերևույթի  ձևավորումը հիմնականում պայմանավորված է Արագածի հրաբխային գործունեությամբ և դրան զուգակցված լեռնակազմող պրոցեսների բնույթով։ Ըստ Գ. Աբիխի Կովկասում ոչ մի տեղ հրաբխային գործունեությունն իբրև  ռելիեֆ ստեղծող գործոն, այն աստիճան չի արտահայտվել, ինչպես Արագած- Արարատի սահմաններում։

Հայկական ռելիեֆն ըստ կառուցվածքի  բաղկացած է ծալքավոր լեռներից, հրաբխային լեռներից և հրաբխային ապարներից։ Դրանցից  Ախուրյանի շրջանի  ռելիեֆի ձևավորման վրա վճռական ազդեցություն է թողել  Արագածի լեռնային  համակարգը  /հրաբխային լեռներ/: Այն ներկայացնում է մի հսկայական զանգված, պսակված չորս գագաթներով, որոնցից  ամենամեծը ծովի մակերևույթից ունի 4096մ բարձրություն։ Զանգվածն իր հովհարաձև փռված լանջերի հետ միասին գրավում է շուրջ 4000 քառ. կմ տարածություն։ Լեռնագագաթները հնագույն խառնարանի պատերն են։ Խառնարանն ունի  300մ խորություն, որի մեջ հավաքված ջրերը սկիզբ են տալիս մի շարք  գետակների ու աղբյուրների, որոնցից մի մասը հոսում են դեպի Ախուրյանի շրջանը։

Արագածի լեռնային զանգվածի ուսումնասիրությամբ  զբաղվել են Գ. Աբիխը (1889թ.), Կ. Ն. Պաֆենգոլցը (1937թ.), Պ. Ի. Լեբեդևը (1931թ.),Բ. Հ. Լիչկովը (1931թ.), Հ. Տ. Կարապետյանը(1934թ.) և շատ ուրիշներ։  Ըստ նշված հետազոտողների Արագածի լանջերն ու արոտները համատարած ձևով ծածկված են երրորդական և չորրորդական  շրջանի լավաներով։

Դրանք դուրս են ժայթքել հսկայական քանակներով և մեծ հաստությամբ  շերտերով ծածկել են մնացած բոլոր տիպի պրոդուկտները` գոյացնելով հրաբխային ծածկույթներ, որոնք բաղկացած են տարբեր տիպի ապարներից՝ տուֆերից, բազալտներից և անդեզիտներից։ Դրանցից առաջացել է կարբոնատներով հարուստ մայրատեսակը, որի վրա հետագայում ձևավորվել են շրջանի հողերը։

Հայաստանի հողերն աչքի են ընկնում մեծ բազմազանությամբ և բնութագրվում են ուղղաձիգ գոտիականությամբ՝ հարավից-հյուսիս։ Հայաստանի հողերի ուսումնասիրությամբ (այդ թվում նաև Շիրակի հարթավայրի ) զբաղվել են  Վ. Վ. Ակիմցևը (1926թ.). Ս. Ա. Զախարովը(1934թ.), Դ. Ա. Կլոպատովսկին (1947թ.), Խ. Պ. Միրիմանյանը (1933թ.), Բ. Յ. Գալստյանը (1937թ), Գ. Խ. Դավթյանը (1946թ.) և ուրիշներ։

Շնորհիվ յուրահատուկ բուսաբանական և կլիմայական պայմանների հրաբխային ծագում ունեցող մայրական տեսակների վրա Շիրակի հարթավայրում առաջացել են ինքնատիպ լեռնային սևահողեր, որոնք աչքի են ընկնում կարբոնատների և հումուսի պարունակության տարբեր աստիճաններով։ Ըստ Խ. Պ. Միրիմանյանի (1933թ.) Ախուրյանի շրջանի  հողերն ըստ կարբոնատների պարունակության առանձնանում են.

1.     Կարբոնատային սևահողեր տուֆային լավաների վրա

2.     Կարբոնատային սևահողեր դելուվիալ բերվածքների վրա

3.     Թույլ կարբոնատային   սևահողեր

4.     ՈՒժեղ կարբոնատային   սևահողեր

5.     Թույլ լվացված  սևահողեր և այլն։

Ախուրյանի շրջանի հողերի հիմնական մասը տուֆային լավաների վրա առաջացած կարբոնատային սևահողեր են։

Ըստ Խ. Պ. Միրիմանյանի (1933թ.) օրգանական նյութերի քանակը այդ հողերում կազմում է շուրջ 5 տոկոս, իսկ կարբոնատներինը՝ 32-35 տոկոս։ Օրգանական նյութերով հարուստ շերտի ( գենետիկական Ա և Բ հորիզոնները միասին) հզորությունը տատանվում է 37-70 սմ, հողերի մեխանիկական կազմը կավաավազային է և նույնիսկ կավային։ Ֆիզիկական կավի մասնիկների պարունակությունը սովորաբար անցնում է 50 տոկոսից։ Հումուսի պարունակությունը համաձայն սելեկցիոն կայանի հողերում՝ վերևի հորիզոնում կազմել է 4.26 տոկոս։

Կլանող հիմքերի գումարը Կայանի կարբոնատային սևահողերում, ըստ Խ. Պ.  Միրիմանյանի (1933թ.) հասնում է մինչև 71.38 միլիէկվիվալենտի։ Կլանող հիմքերից գլխավորապես գերիշխում է կալցիումը՝ 51.0, ապա մագնեզիումը՝ 15.08 միլ. էկվ., իսկ 5.3 միլ. էկվիվալենտ կամ կլանող հիմքերի 7.4 տոկոս բաժին է ընկնում նատրիումին։ Նատրիումի առկայությունը մեծ ազդեցություն է գործում հողի  ֆիզիկական վիճակի վրա, դրանով է պայմանավորված շրջանի սևահողերի թույլ հիմնայնությունը, հողերի կապակցվածությունը, պնդությունը և կոշտեր գոյացնելու հատկությունը՝ չոր վիճակում մշակելիս։

Կայանի հողամասերում ազոտի (2.23-9.8մգ) և կալիումի (18.6-58.8մգ) պարունակությունը բավական բարձր է, իսկ ֆոսֆորաթթվինը համեմատաբար ցածր՝ 1.15-8.08մգ։ Հողային լուծույթի ռեակցիան տատանվում է, նայած վերցրած նմուշի խորությանը՝ PH = 6.7 – 7.3:

Կայանի հողերի մաքսիմալ հիդրոսկոպիկությունը բավական բարձր է (13.5 – 14) տոկոս, որի պատճառով էլ վեգետացիայի ընթացքում, տեղումների սակավության պատճառով, չնայած հողում ջրի ընդհանուր պաշարի բավարար առկայությանը, այնուամենայնիվ, բույսերը զգում են ջրի կարիք և մասամբ տուժում են հողային երաշտից։ Այդ է պատճառը, որ ոռոգման հարցը սուր է դրվել Ախուրյանի շրջանում, չնայած տեղումների տարեկան քանակը, բազմամյա տարիների միջինով, կազմում է 459մմ։

Սելեկցիոն կայանի հողերը տիպիկ են ինչպես Ախուրյանի, այնպես էլ Շիրակի գոտու հողերը՝ կարբոնատային են, չեզոք ռեակցիայով և իրենց  բերրիությամբ պիտանի են մի շարք գյուղատնտեսական կուլտուրաների մշակության համար, այդ թվում նաև շաքարի ճակնդեղի, որի մուտքը (1928թ.) Շիրակի հողագործության մեջ մեծ բեկում մտցրեց դաշտավարության ինտենսիվացման և երկրագործության կուլտուրայի բարձրացման բնագավառում։

«Գյումրիի սելեկցիոն կայան» գիտաարտադրական ՓԲԸ-ն, որպես տարածաշրջանի խոշորագույն ինստիտուտ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Երկու տարվա գործունեությունից հետո, 1926 թվականին Համամիութենական բուսաբուծության գիտահետազոտական ինստիտուտի միջնորդությամբ Հայաստանի հողժողկոմատը Լենինականի սերմփորձագետը վերակառուցում է տեսակափորձադաշտի, դաշտերը բաժանում են հինգդաշտյա սերմափոխահողամասերի և կազմակերպվում է սերմաշրջանառության հետևյալ սխեման՝

ա/ զբաղված ցել

բ/ աշնանացան /փորձնական ցանքեր/

գ/ գարնանացան / հավաք. գ.-ներ/

դ/ արմատապտուղներ  / շաքարի ճակնդեղ և այլն/

ե/ գարնանացան  /հավաքածու  գարիներ/

Լենինականի տեսակափորձադաշտում, չնայած համապատասխան  մասնագետների պակասին, տնտեսական ու տեխնիկական պայմանների բացակայությանը, բավականին լուրջ ու ծավալուն աշխատանք է կատարվում՝ տեղում տարածված ու ներմուծված տարբեր մշակաբույսերի ուսումնասիրման ուղղությամբ։

1924 -1926 թվականներին ուսումնասիրություններ են կատարվել։

Վարսակի 17 տեսակի վրա երեք կրկնողությամբ

Ցորենի 19 տեսակի վրա 3 կրկնողությամբ

Գարու 20 տեսակի վրա 2 կրկնողությամբ

Եգիպտացորենի 17 տեսակի վրա 2 կրկնողությամբ

Սուդանի  խոտ 1 տեսակ, 4 տարբերակով

Շաքարի ճակնդեղ 7 սորտ և այլն։

Այդ տարիներին փորձարկվել են ներմուծված տարբեր մշակաբույսերի   աշխարհագրական հավաքածուի ավելի քան 200 սորտանմուշներ։

1926-1927 թվականներին աշխատանքների նպատակն  է եղել ուսումնասիրել և Հայաստանի նախալեռնային գոտու համար ընտրել գարնանացան և աշնանացան հացաբույսերի արդյունավետ սորտեր՝ 1929 թվականին համամիութենական հողժողկոմատի և կիրառական բուսաբանության ու նոր մշակաբույսերի գիտահետազոտական ինստիտուտի միջոցով։ Լենինականի սորտափորձարկման տեղամասի բազային հատկացվում է լրացուցիչ քսան դեսյատին վարելահող և  կազմակերպվում է հատիկաընդեղեն և կերային  կուլտուրաների, ապա հետագայում նաև տեխնիկական և շարահերկ մշակաբույսերի փորձարկումներ։ 1929 թվականին հայժողկոմատի գծով փորձադաշտում կազմակերպվում է մշակաբույսերի սերմերի աճեցման տնկարաններ, որը մի տարի հետո միացվում է նորաստեղծ ճակնդեղագործական սովխոզին։ Ի դեպ հարկ է նշել, որ հանրապետությունում  շաքարի ճակնդեղի փորձարկումներն ու ագրոտեխնիկական հարցերը կազմակերպվել են 1924 թվականից։

Լենինականի փորձադաշտի պայմաններում, երեք տարվա հետազոտական աշխատանքների արդյունքներով, առաջարկություն է արվել  Հայաստանում զբաղվել ճակնդեղագործությամբ, որի արտադրական  նշանակության  առաջին ցանքերը 12 հա-ի վրա կատարվել են 1928 թվականին փորձադաշտին  կից կազմակերպված ճակնդեղագործական սովխոզում։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Գյումրիի, սելեկցիոն կայան (20.04.2021). [www.gselection.am «վեբ կայք»]. Gselection. Վերցված է 20.04.2021-ին. {{cite web}}: Check |url= value (օգնություն)
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 555