Գյուղատնտեսական կենդանիների բոնիտավորում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Գյուղատնտեսական կենդանիների բոնիտավորում, կենդանիների տոհմային և մթերատվության հատկանիշների համալիր գնահատում։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նպատակն է տոհմային վերարտադրության համար լավագույն կենդանիների ընտրությունը՝ ապահովելով տվյալ ցեղի հետագա կատարելագործումն ընդունված ուղղությամբ։ Հայաստանում գյուղատնտեսական կենդանիներիների բոնիտավորումը կիրառվել է 1934 թվականից ինչպես տոհմային, այնպես էլ ապրանքային տնտեսություններում։ Գնահատումն անցկացնում են տնտեսության անասնաբույծներն ու գիտական աշխատակիցները՝ ամեն տարի՝ սահմանված ժամկետներում։ Բոնիտավորում են կենդանիների բոլոր սեռահասակային խմբերը, դրանց գնահատում են ըստ ծագման, արտակազմվածքի, կենդանի զանգվածի, մթերատվության, վերարտադրողականության, դրանցից ստացված սերնդի արժեքավորության, իսկ մատղաշները՝ հիմնականում ըստ ծագման, արտակազմվածքի և կենդանի զանգվածի։ Առաջին փուլում որոշվում է կենդանու ցեղն ու ցեղային աստիճանը, երկրորդ փուլում՝ կենդանիներին բաժանում են դասերի։ Դասերի համար սահմանված են կենդանու տոհմային և մթերատվության հատկանիշների նվազագույն ցուցանիշներ։ Վերջին փուլում կենդանիներին բաժանում են տոհմային, արտադրական և խոտանվող խմբերի։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Գյուղատնտեսական հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։