Գյուղատնտեսական կենդանիների արտակազմվածք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Գյուղատնտեսական կենդանիների արտակազմվածք, կենդանիների մարմնակազմի արտաքին ձևերը, լայն առումով՝ արտաքնատեսքով կենդանիների տնտեսական հատկանիշների գնահատման ուսմունք։ Նպատակն է որոշել կենդանու մարմնակառուցվածքի տիպը, ցեղայնությունը, մթերատվության ուղղության աստիճանը։ Կենդանիներին ըստ արտակազմվածքի գնահատելիս հաշվի է առնվում, որ մթերատվության չափը պայմանավորված է անատոմիական, ֆիզիոլոգիական, նյարդահումորալ, մարմնակառուցվածքային առանձնահատկություններով և այլ գործոններով։

Ուսմունքի ձևավորում[խմբագրել | խմբագրել կոդը]

Կենդանիների արտակազմվածքի մասին ուսմունքը ձևավորվել է 18-րդ դարում, իսկ «արտակազմվածք» («էքստերիեր») եզրն անասնաբուծական գրականության մեջ առաջին անգամ կիրառել է ֆրանսացի գիտնական Կ. Բուրժելը (1768 թվականին)։ Արտակազմվածքի մասին ուսմունքի զարգացման գործում կարևոր ներդրում ունեն գերմանացի գիտնական Գ. Նատուուսը, ռուս և խորհրդային գիտնականներ Մ. Խ. Պրիդորոգինը, Վ. Ի. Վսեվոլոդովը, Ի. Ի. Ռավիչը, Պ. Ն. Կուլեշովը, Ե. Ֆ. Լիսկունը և ուրիշներ։

Արտակազմվածքի ձևեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Գոյություն ունեն արտակազմվածքով գնահատելու նկարագրական (աչքաչափային), կետային չափագրման և լուսանկարման եղանակներ։ Մթերատվության տարբեր ուղղության կենդանիներին բնորոշ են արտակազմվածքի տարբեր ձևեր։ Օրինակ՝ մսատու խոշոր եղջերավոր կենդանիների մարմնի ձևը մոտ է զուգահեռանիստի, իրանը խորն է և լայն, վերջույթները կարճ ու լայն դրվածքով են, մկանունքը՝ լավ զարգացած։ Գլուխը և պարանոցը՝ կարճ, հաստ, մեջքը և գոտկատեղը՝ հավասար, լայն ու մսոտ, գավակը՝ լայն ու ընդգծված մկանունքով, մաշկը՝ փուխր։ Կաթնատու տավարի իրանը կոնաձևն է, առավել զարգացած է գավակի հատվածը։ Գլուխը և պարանոցը՝ երկար, կուրծքը խորը, երկար, բայց ոչ լայն․ մեջքը և գոտկատեղը՝ ուղիղ, մաշկը՝ նուրբ և առաձգական։ Կուրծը մեծ է ու բաժակաձև, հիմքում՝ լայն։ Կենդանիներին արտակազմվածքով գնահատելու տարբեր հարցեր կան ընդգրկված հայկական մատենագիտական աղբյուրներում, ձիաբուծական ձեռագիր գրվածքներում, 11-12-րդ և 18-21-րդ դարերի հայ գիտնականների (Ս. Երեմյան, Ն. Տաղավայան և ուրիշներ) աշխատություններում։ Հայաստանում արտակազմվածքի հարցերը գիտականորեն լուսաբանվել են Ալ. Թամամշյանի, Ս. Կարապետյանի, Ա. Ռուխկյանի, Վ. Ոսկանյանի և ուրիշների աշխատություններում՝ ընդունելով այն որպես ձևի ու ֆունկցիայի (արտակազմվածքի և մթերատվության) փոխադարձ կապի արդյունք։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Գյուղատնտեսական հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։