Գիտական շարադրանք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Գիտական շարադրանք

Գիտական շարադրանքով գրվում են գիտական ամենատարբեր աշխատանքներ և մենագրություններ, դասագրքեր, հոդվածներ, ռեֆերատներ, զեկուցումներ, կուրսային և ավարտական աշխատանքներ, ատենախոսություններ և այլն։ Սրանցից յուրաքանչյուրն ունի իրեն բնորոշ հատկանիշները, որոնցով էլ տարբերվում է մյուսներից, բայց բոլորն էլ շարադրվում են գիտական ոճով։ Գիտական խոսքի լեզվական նյութը գրական լեզուն է, սակայն յուրաքանչյուր գիտաճյուղի համար մշակվում են տվյալ բնագավառին վերաբերող տերմինաբանություն, արտահայտման պայմանական նշանների համակարգ։ Հեղինակը գիտական շարադրանքի միջոցով իր մտքերը, տեսակետները ուսումնասիրությունների արդյունքներն է ներկայացնում որևէ իրողություն վերլուծելով և ապացուցելով, ժխտելով ու համաձայնվելով, հակադրվելով տարբեր կարծիքների։ Այդ պատճառով էլ գիտական խոսքը գեղարվեստականի նման պատկերավոր ու հուզական չէ։ Այստեղ շատ են զանազան ձևակերպումները, սահմանումները, եզրահանգումները և այլն։ Գիտական խոսքը ձևով մենախոսական է, այսինքն՝ հեղինակը ներկայացնում է իր գիտական ուսումնասիրությունները, սակայն կարող է լինել նաև բանավիճային, եթե հեղինակը հակադրվում է այլ հեղինակների կարծիքներին, վերլուծում դրանք, հաստատում կամ ժխտում։ Ընթերցողների լայն շրջանակի համար նախատեսված տեքստերը գրվում են գիտահանրամատչելի լեզվով, որպեսզի հասկանալի լինեն նաև ոչ մասնագետներին. դրանք հիմնականում ուսուցողական-ճանաչողական դեր ունեն։ Գիտական շարադրանք գրելիս անհրաժեշտ է հետևել տրամաբանական հաջորդականությանը, իմաստի հստակ արտահայտմանը։ Թեև գիտական աշխատանքների նպատակը գեղարվեստականի նման գեղեցիկ խոսքով ընթերցողին հաճույք պարգևելը, հուզական լիցքեր հաղորդելը չէ, սակայն գիտական աշխատանք գրելիս էլ անհրաժեշտ է ուշադրություն դարձնել շարադրանքի լեզվին, շարադրել ընդունված գիտական ոճով, թույլ չտալ բառագործածության, ձևաբանական ու շարահյուսական սխալներ[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Լ. Կ. Եզ­եկ­յան «Հայոց լեզվի ոճագիտություն», Երևան, 2003