Գավազանագիրք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Գավազանագիրք, գահացանկ, հոգևոր և աշխարհիկ իշխանավորների հաջորդության ժամանակագրական ցանկ, կարգ, աղյուսակ։ Հայ միջնադարյան մատենագրության տեսակ, պատմական երկ։ Տարածված են հատկապես աստվածաշնչական նահապետների հաջորդության գավազանագրքեր, որոնք ունեն նաև տարաբնույթ տոհմածառեր կամ տոհմածառերով հավելվածներ։ Հայ մատենագրության մեջ ավելի հաճախ հանդիպում են Հայոց կաթողիկոսների գավազանագիրք-գահացանկերը, որոնք հայտնի են «Կաթողիկոսք Հայոց», «Ըստ կաթողիկոսացն Հայոց», «Անուանք հայրապետացն Հայոց» և այլ խորագրերով։ Հնագույնը վերագրվում է 5–րդ դարի մատենագիր Եզնիկ Կողբացուն։ Հայտնի է նաև նույն ցանկի Կանոնագրքի տարբերակը, որը կազմվել է Մաշտոց Ա Եղիվարդեցի կաթողիկոսի (897–898) օրոք։ Հաջորդը պատկանում է Հովհաննես Ե Դրասխանակերտցի կաթողիկոսին (898–929)՝ «Շարից հայրապետացն Հայոց յայտարարութիւն» խորագրով, որը նաև նրա «Պատմութիւն Հայոց» երկի հենքն է։ Գավազանագրքի արժեքավոր և նորություններ պարունակող տարբերակ հեղինակել է Ներսես Լամբրոնացին (1153–1198)։ Ամենատարողունակը և աղբյուրագիտական առավել մեծ արժեք ունեցողը Հայոց կաթողիկոս Կոստանդին Գ Կեսարացու օրոք (1307–1322) կազմված գահացանկն է, որն ընդարձակ և մանրամասն լինելուց բացի պարունակում է նաև Հայոց կաթողիկոս Գրիգոր Է Անավարզեցու (1293–1307) թուղթը Կիլիկյան Հայաստանի Հեթում Բ թագավորին, Սսի 1307 թվականի և Ադանայի 1316 թվականի ժողովների արձանագրություններն ու որոշումները։ Հայտնի են նաև XIV դ. մատենագիր, ունիթոր Ներսես Պալիանենցի՝ լատ-ից թարգմանած «Գաւազանագիրք Հռոմայեցւոց պապից և կայսերաց» (1348–51) երկի վերջում Հայոց կաթողիկոսների, թագավորների և իշխանների անվանացանկերը, Կ. Պոլսի և Երուսաղեմի հայոց պատրիարք Ավետիք Եվդոկացու «Գիրք պատմութեանց, որ կոչի Գաւազանագիրք համահաւաքացեալ հին գաւազանագրաց», XVII–XVIII դդ. մշակութ. գործիչ, գիտնական և գրիչ Ավետիք Տիգրանակերտցու «Աղիւսակապատմագիր» երկերը ևն։ Նմանատիպ ցանկեր իրենց պատմ. երկերի մեջ ունեն XII դ. պատմիչ Սամուել Անեցին, ասորի ժամանակագիր Միխայել Ասորին և ուր.։ Կան նաև առանձին թեմերի, աթոռների, վիճակների առաջնորդների Գ-եր, ինչպես նաև թարգմանական ցանկեր, որոնք ներկայացնում են քրիստ. այլ երկրների հոգևոր կամ աշխարհիկ իշխանությունների գահակալներին և նրանց ժամանակագրությունը։ Նոր ժամանակներում Հայոց կաթողիկոսների ամենաամբողջական ցանկը՝ աղբյուրների համադիր քննության հիման վրա, կազմել է Մաղաքիա արք. Օրմանյանը («Ազգապատում», հ. 3, մաս 3, էջ ԽԱ–ԽԶ)։ Գ-երը մեծ արժեք են ներկայացնում Հայոց կաթողիկոսների գահակալության ժամանակագր. ցանկը, ինչպես նաև Հայ եկեղեցու և նրա առանձին վիճակների կամ նվիրապետ. մասնավոր աթոռների պատմության ժամանակագր. հենքը ճշտելու համար։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 695 CC-BY-SA-icon-80x15.png