Գազանը, որ սեր էր գոռում աշխարհի սրտում (պատմվածք)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գազանը, որ սեր էր գոռում աշխարհի սրտում
անգլ.՝ The Beast that Shouted Love at the Heart of the World
Տեսակգրական ստեղծագործություն
Ժանրգիտական ֆանտաստիկա
Ձևպատմվածք
ՀեղինակՀարլան Էլիսոն
Երկիր ԱՄՆ
Բնագիր լեզուամերիկյան անգլերեն
Հրատարակվել է1968

«Գազանը, որ սեր էր գոռում աշխարհի սրտում», գիտաֆանտաստիկ կարճ պատմվածք՝ գրված ամերիկյան գրող Հարլան Էլիսոնի (Harlan Ellison) կողմից։
Արժանացել է Հյուգո մրցանակի։ Համարվում է Էլիսոնի գրական հասունության և նորարարության ապացույցներից մեկը։
Պատմվածքը փորձում է այլընտրանքային բացատրություն տալ մարդկանց ներհատուկ անբացատրելի չարության աղբյուրի մասին։

Ամփոփում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ուշադրություն. այս հատվածը ներառում է տվյալներ, որոնք հնարավոր է՝ չցանկանաք իմանալ նախքան պատմվածքը կարդալը։
Պատմվածքը կրում է փորձարարական բնույթ և կազմված է ժամանակագրական կարգով ոչ հաջորդական, բայց կապակցված իրադարձությունների շղթաներից։ Ներկայացվող ամփոփումը փորձում է ժամանակագրական հերթականությամբ ներկայացնել նկարագրված իրադարձությունների շղթաները։

Տիեզերքի կենտրոնում գտնվող գերզարգացած քաղաքակրթությունների միության գիտնականներից մեկը՝ Սեմֆը, ստեղծում է հանցագործների վայրագ և խենթ մտքերը «քամելու» հարմարանք, որը սակայն ոչ թե ամբարում, այլ դեպի տիեզերքի հեռավոր հատվածներ է ուղարկում նշված սարսափելի չարությունը։
Երբ գալիս է ժամը՝ պաշտոնապես կիրառելու նշված սարքը չարությունից յոթգլխանի դևի կերպարանք առած հանցագործի վրա, Սեմֆը խնդրում է որոշման կայացման իրավունք ունեցող իր ընկեր Լինահին չկիրառել այն, որովհետև տիեզերքի կենտրոնը մաքրելով ահռելի վնասներ են հասցնելու բոլորին և ամենուր։ Լինահը անդրդվելի է։ Այդժամ Սեմֆը հանցագործին քամելուց հետո քամում է ինքն իրեն․․․

452 թ․ Հռոմի պապ Լեո I-ը (Leo I)[1] հանդիպում է Աթիլլային (Atilla the Hun) և խնդրում դադարեցնել դեպի Հռոմ ուղղված զորքի արշավը։ Հանդիպման ժամանակ մի պահ Աթիլլան կարծես սթափվում է սարսափելի գլխացավից և հրամայում զորքին ետ դառնալ։
Նրանից առաջ 410 թ․ Հռոմը գրավել էր Ալարիկը (Alaric), իսկ ընդամենը 3 տարի անց Հռոմը կգրավի Գենսերիկը (Genseric)։
Ավանդապատումներում հրաշքներով բացատրվող՝ Աթիլլայի մտափոխությունը կապված էր Սեմֆի անձնազոհ արարքի շնորհիվ տիեզերքով մեկ բաբախող չարի ալիքի մի պահ դադարելու հետ[2]։

Դավաճանական գնահատված արարքի համար Սեմֆը դատապարտվում է ոչնչացման։ Դահիճը իր իսկ ընկեր Լինահն է։ Մահվանից առաջ Սեմֆը ցավով նշում է, որ Լինահը տիեզերքի կենտրոնից դուրս բոլորին խենթ չարության է դատապարտել՝ հանուն մերձավորի հանդեպ սիրո։ Այնուհետև նա խնդրում է, որպեսզի ավանդաբար կանգնեցվող հուշարձանը իր փոխարեն պատկերի չարիքի պատճառները մարդկության համար բացահայտելու չափ կարևոր նշանակություն ունեցող մեկին։

Երկրի վրա Վիլյամ Ստերոգ անունով մի մարդ առանց որևէ տրամաբանական պատճառի սպանությունների քստմնելի շղթա է սկսում՝ հարյուրավոր հարևանների սննդի մահացու թունավորումից մինչև ստադիոնում խաղի ժամանակ հանդիսատեսների մասսայական գնդակահարությունը։ Նա դատապարտվում է մահվան։

Երկրի վրա սկսվում է 4-րդ համաշխարհային պատերազմը։

Ժամանակի և տարածության մեջ Երկիր մոլորակից աննկարագրելիորեն հեռու նոր մոլորակ ուսումնասիրող մի արշավախումբ հայտնաբերում է ահռելի արձան՝ գեղեցկագույն դեմքի արտահայտությամբ։
Սակայն ոչ ոք չգիտի, որ այդպիսին էր Վիլյամ Ստերոգի դեմքը, երբ վերջին ատյանի դատարանի կողմից մահապատժի դատապարտվելուց առաջ նա գոռում էր․ «Ես սիրում եմ բոլորիդ, և թող Աստված օգնի ինձ»։

Հրապարակում[խմբագրել | խմբագրել կոդը]

բնօրինակի վերնագիր՝ The Beast that Shouted Love at the Heart of the World
բնօրինակի լեզու՝ անգլերեն
առաջին հրապարակման ամսաթիվ՝ 1968 թ. հունիս
առաջին հրապարակման կրիչ՝ տպագիր. Գալակտիկայի գիտական ֆանտաստիկա հանդես [Galaxy Science Fiction]
ժանր՝ գիտաֆանտաստիկ
ձևաչափ՝ պատմվածք

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Այդ ժամանակ՝ դեռևս Հռոմի եպիսկոպոս
  2. Իրականում Աթիլլան նահանջել է երաշտի հետևանքով բանակի սննդային պաշարների հետ կապված խնդիրների և Արևելահռոմեական ուժերի հարձակման վտանգի պատճառով։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]