Բրնձաոռոգման համակարգ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Բրնձավոռոգման համակարգ, նախատեսված է բրնձի ցանքերը և դրա ցանքաշրջանառությանն ուղեկցող մշակաբույսերը ոռոգելու համար։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բրնձավոռոգման համակարգ բաղկացած է ոռոգման և ջրահեռացման ջրանցքներից, ոռոգվող քարտերից (որոնք թմբերով բաժանված են չեկերի),կառույցներից (ջրառներ, պոմպակայաններ, պարզարաններ), ճանապարհացանցերից, անտառաշերտերից, շահագործման պահանջներին անհրաժեշտ սարքավորումներից և շինություններից։ Բրնձավոռոգման համակարգի կազմում կարող են լինել պատնեշող ամբարտակներ (գետի ողողա հուներում և գետաբերաններում)։ Ջուրը բրնձի դաշտի թմբապատված մաս է լցվում առանձին ոռոգիչներից՝ ոռոգման համակարգի վերջին օղակից։ Չոր հողի մեջ սերմերը ցանելուց հետո դաշտը ջրածածկում են 5–7 սմ-անոց ջրաշերտով, որի մի մասը գոլորշանում է, որոշ քանակություններ ծծվում է հողի մեջ, մնացածը մի քանի օր անց դուրս է հոսում։ Այնուհետև դաշտը ջրածածկում են 20–25 սմ-անոց ջրաշերտով, որը ոչնչացնում է մոլախոտերը։ Թփակալման փուլում ջրաշերտի մակարդակն իջեցնում են մինչև 5 սմ, իսկ դրա ավարտից հետո նորից բարձրացնում մինչև 12–15 սմ և դաշտի թմբապատված մասում այդ մակարդակը պահպանում են մինչև բրնձի կաթնահասունության փուլը։ Մոմահասունության փուլի սկզբում դաշտի թմբապատված մասում մնացած ջուրը դուրս են թողնում, իսկ հողը չորացնում են բրնձի բերքահավաքի համար։ Ոռոգման ցանցը բաց է կամ փակ։ Ուղեկցող մշակաբույսերը ջրում են ջրցան ագրեգատներով։ Տես նաև Ոռոգման համակարգ։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Գյուղատնտեսական հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։