Ցանքերի խնամք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լոլիկի դաշտ Հայաստանում

Ցանքերի խնամք, ագրոտեխնիկական միջոցառումների համալիր, կիրառվում է գյուղատնտեսական մշակաբույսերի ցանքերում բույսերի աճը, զարգացումը բարելավելու և բերքատվությունը բարձրացնելու նպատակով։ Խնամքի ձևերը, դրանց համադրումը, ժամկետները և կատարման հաջորդականությունը կախված են բույսերի (աշնանացան կամ գարնանացան) կենսաբանական առանձնահատկություններից, մշակման նպատակից (հատիկի, կանաչ զանգվածի համար), ցանքի եղանակից (շարային, բնային, լայնաշար), բույսի հասակից, հողային, բնակլիմայական պայմաններից և այլն։ Հիմնական ձևերն են՝ աշնանացան բույսերի համար՝ աշնանային սնուցումը հանքային պարարտանյութերով (բարձրացնում է բույսերի ցրտադիմացկունությունը), ձնակուտակում, գարնանային սնուցում, փոցխում։ Գարնանացան բույսերի համատարած ցանքի դեպքում՝ ետցանքային տափանում (երաշտի շրջաններում), փոցխում, սնուցումներ։ Շարահերկ բույսերի համար՝ հողի միջշարային մշակում, փնջավորում, ծիլերի նոսրացում, սնուցումներ։ Բազմամյա խոտաբույսերի համար՝ գարնանային և ետքաղյա փոցխումներ, սնուցում։ Առանձին բույսերի համար կիրառվում են խնամքի հատուկ ձևեր՝ բուկլից, ծերատում, բճատում և այլն։ Խնամքի միջոցառումներից են նաև մոլախոտերի, վնասատուների և հիվանդությունների դեմ ագրոտեխնիկական, կենսաբանական, քիմիական և պայքարի այլ ձևերը, ոռոգումը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 60