Բիոմեխանիկա (թատրոն)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Բիոմեխանիկա (հուն․՝ bios` կյանք և mechanike` մեքենա սարքելու արվեստ), թատրոնում մարմնի տիրապետման վարժեցնող միջոցների այն համակարգը, որը կիրառել է ռեժիսոր Վսևոլոդ Մեյերխոլդը։ Բիոմեխանիկայի նպատակն է հասնել մարմնի տիրապետման այնպիսի կատարելության, որ դերասանը կարողանա գիտակցաբար, բնական ու թեթև իր մարմինը ենթարկել ռիթմային որևէ շարքի ու նրա ելևէջներին, ամեն մի բեմավիճակի առաջադրած պահանջներին, ակնթարթային արագությամբ և անսխալ կարգավորել մարմնի դիրքն ու շարժումն ըստ ռեժիսորի ցուցումների ստույգ և անհապաղ կատարել նրա առաջադրած խնդիրները։ Առաջնային դարձնելով մարմնի արտաքին տեխնիկայի տիրապետումը՝ բիոմեխանիկան հակադրվել է զգացմունքները վերապրելու հոգեբանական անձնավորման դպրոցին, բայց դա չի խանգարել, որ Մեյերխոլդի դերասանները դառնան առաջնակարգ դերասաններ՝ Մ․ Բաբանովա, Մ․ Ժարով, Ի․ Իլինսկի, Լ․ Սվերդլին, Ն․ Օխլոպկով, Մ․ Շտրաուխ և այլն[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Լևոն Հախվերդյան, Թատերագիտական բառարան (Հայկական ՍՍՀ գիտությունների ակադեմիայի արվեստի ինստիտուտ) (խմբ. Ռ․ Զարյան), Երևան, «Հայաստան» (ИБ 4742), 1986, էջ 33-34 — 208 էջ. — 5000 հատ։