Բազմակուլտուրա (ձկնաբուծություն)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Բազմակուլտուրա (ձկնաբուծության մեջ), ձկների մի քանի տեսակների համատեղ աճեցումը ջրամբարների բնական կերային բազայի լիակատար օգտագործման համար։ Սովորաբար աճեցնում են ձկներ, որոնք տարբերվում են սպառվող բնական կերերի (բենթոս, պլանկտոն, ջրիմուռներ, ջրային բարձրակարգ բույսեր) հավաքածուով, որի շնորհիվ առավել լրիվությամբ օգտագործվում են ջրամբարների կերային պաշարները։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մի շարք երկրներում (այդ թվում՝ Հայաստանում) բազմակուլտուրայի միջավայրում աճեցնում են բուսակեր ձկներ՝ սպիտակ և խայտաբղետ հաստաճակատ, սպիտակ ամուր։ Ծածանի և բուսակեր ձկների սնման սպեկտրները միմյանցից տարբերվում են։

Սնուցում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծածանը սնվում է բենթոսով և կենդանապլանկտոնով, որոնց անբավարար քանակության դեպքում այն անարդյունավետ է յուրացնում արհեստական կերը և վատ է աճում։ Սպիտակ հաստաճակատի համար կեր են ծառայում բուսապլանկտոնը և դետրիտը, խայտաբղետի համար՝ կենդանապլանկտոնի մանր ձևերը, բուսապլանկտոնն ու դետրիտը, սպիտակ ամուրի՝ բարձրակարգ ջրային բուսականությունը, որոշ ջրիմուռներ և արհեստական կերեր։ Կարպային ջրամբարների ձկնալցումը բուսակեր ձկներով հնարավորություն է տալիս օգտահանել առաջնին արտադրանքի մի մասը (բուսապլանկտոն և ջրիմուռներ) և ապրանքային արտադրանքն ստանալ սննդային շղթայի 2-րդ օղակում։ Այդ ձկների համալրման բարենպաստ խտության դեպքում բարելավվում են կենսամիջավայրը և բնական կերային պաշարների օգտագործումը, որը հնարավորություն է տալիս (կախված կլիմայի գոտուց) ստանալ լրացուցիչ ապրանքի արտադրանք (4,5-ից մինչև 24 ց/հա և ավելի)՝ առանց կերի ու լրակերի էական կորստի։ Բազմակուլտուրայով ձկների աճեցումը լայնորեն տարածված է Հարավ և Հարավ Արևելյան Ասիայում ու Աֆրիկայում։ Բուսակեր ձկների աճեցման դեպքում ավանդական տեղական տեսակների հետ համատեղ ջրամբարների ձկնամթերատվությունը կազմում է 60–90 ց/հա։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Գյուղատնտեսական հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։