Բաբ Ալիի ցույց (1895)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Բաբը Ալիի ցույց, հայերի քաղաքական խաղաղ ցույց, որը տեղի է ունեցել 1895 թվականի սեպտեմբերի 18–ին Կոստանդնուպոլսում՝ սուլթանի նստավայր Բաբը Ալիի շրջակայքում, (այստեղից էլ՝ անվանումը)՝ ի պաշտպանություն 1895 թվականի «Մայիսյան բարենորոգումների»։ Ցույցը կազմակերպել էին հնչակյանները (Մ. Հացագործյան, Ա. Կամսարական, Վ. Արզումանյան, Լ. Մկրտչյան և ուրիշներ), ովքեր ցուցարարների նկատմամբ հնարավոր հաշվեհարդարը կանխելու համար ցույցի մասին նախապես հայտնել էին թուրքական իշխանություններին և եվրոպական երկրների դեսպաններին։ Ցուցարարները (շուրջ 4 հազար մարդ) «Մայիսյան բարենորոգումների» ոգով կազմել էին մի փաստաթուղթ՝ վարչատարածքային, տնտեսական, դատաիրավական վերափոխումների պահանջներով։ Չնայած ցույցի խաղաղ բնույթին և կազմակերպիչների ձեռնարկած նախազգուշական միջոցներին՝ թուրքական իշխանությունները արյունալի ջարդ կազմակերպեցին։ Թեև ցույցի մասնակիցները դիմադրություն ցույց տվեցին, այնուամենայնիվ, կոտորվեց շուրջ 2 հազար մարդ։ Այդպիսով Կոստանդնուպոլսում սկսվեց հայերի կոտորածը։ Թուրքական բարբարոսության այդ նոր դրսևորումը առաջ բերեց միջազգային հասարակայնության բողոքը։ Եվրոպական պետությունների ճնշման տակ Բարձր դուռը 1895 թվականի հոկտեմբերին հաստատեց «Մայիսյան բարենորոգումները», սակայն այդ փաստաթուղթը մնաց անկատար, իսկ Արևմտյան Հայաստանում և Օսմանյան կայսրության այլ վայրերում նոր ուժով բռնկեցին հայերի զանգվածային կոտորածները։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է «Հայկական հարց» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png