Աֆրիկյան լեզուներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Աֆրիկյան լեզուներ, Աֆրիկա մայրցամաքի բնիկ ժողովուրդների (ավելի քան 400) լեզուները, որոնք (չհաշված առանձին ընտանիք կազմող սեմա–քամյան լեզուները) բաժանվում են մի շարք լեզվաընտանիքների ու լեզվախմբերի։ Աֆրիկյան լեզուները հիմնականում բաժանվում են 9 լեզվաընտանիքների՝

  1. Բանտու լեզուներ
  2. Բանտոիդ լեզվախումբ
  3. Մանդե լեզվախումբ
  4. Գվինեական լեզվախումբ
  5. Սոնգաի լեզվախումբ
  6. Կենտրոնական և Արևելյան Սուդանի լեզվախումբ
  7. Կորդոֆանյան լեզվախումբ
  8. Նեղոսյան լեզվախումբ
  9. Կոսյան կամ հնաֆրիկյան լեզվախումբ

Կառուցվածքային տիպով աֆրիկյան լեզուները բաժանվում են տարբեր խմբերի, կցական՝ թեքականի որոշ երևույթներով (օրինակ, բանտու լեզուներ), անջատական (օրինակ, գվինեական որոշ լեզուներ)։ Անվանական դասերի քերականական կարգը առավել բնորոշ է դրսևորվում բանտու (նաև բանտոիդ) լեզուներում։ Ինքնատիպ կառուցվածքային արտահայտություն ունի նաև թվի կարգը։ Քերականական սեռը նկատելի է նեղոսյան ու կոյսան խմբերի առանձին լեզուներում։ Առկա է նաև երաժշտական շեշտը (բանտու, գվինեական, նեղոսյան և այլ լեզուներում)։ Կոյսան լեզվախմբում կան ինքնատիպ արտաբերություն ունեցող հնչյուններ, որոնք հայտնի են ներշնչական կամ ներծծական անուններով, իրենց բնույթով սրանք բացառիկ հնչյուններ են։ Հիմնական գրատեսակներն արաբական ու լատինական են։ Աֆրիկյան լեզուները ինչպես ծագումնաբանական, կառուցվածքային առումով, այնպես էլ գրավոր կամ անգիր լինելու և այլ հատկանիշներով խիստ բազմազան են։ Տարբերվում են նաև զարգացման մակարդակով, խոսողների թվով, տերիտորիալ ընդգրկումով։ Խոշոր զանգվածային լեզուների սակավությունը պայմանավորված է աֆրիկյան ժողովուրդների պատմահասարակական ուրույն գործոններով, գաղութային տիրապետության տևականությամբ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 182