Աքսոր. Մի հայ աղջկա պատմություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Աքսոր. Մի հայ աղջկա պատմություն
անգլ.՝ Exiled. Story of an Armenian Girl
ՀեղինակՍրբուհի Թավուքչյան
Տեսակգրական ստեղծագործություն
Ժանրվավերագրական
ԹեմաՀայոց ցեղասպանություն
Բնօրինակ լեզուանգլերեն
Էջեր126
ՀրատարակիչReview and Herald Publishing Association
Հրատարակման տարեթիվ1933
OCLC3860120

Աքսոր. Մի հայ աղջկա պատմություն (անգլ.՝ Exiled. Story of an Armenian Girl), Սրբուհի Թավուքչյանի 1933 թվականին Վաշինգտոնում հրատարակած գիրքն է։

Հեղինակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սրբուհի Թավուկչյանը ծնվել է Օսմանյան կայսրության Իզմիթ քաղաքի մոտ գտնվող Օվեջիկ գյուղաքաղաքում։ Նա տասը տարեկան աղջիկ էր, երբ հազարավոր հայերի նման իր հարազատների հետ աքսորվեց։ Գաղթի ճանապարհին սովից մահացան նրա մայրը, քույրերն ու եղբայրը, իսկ իրեն վաճառեցին արաբներին։ Հրաշքով փրկվելով արաբական հարեմից և գտնելով հորը՝ նա կարողանում է տեղափոխվել ԱՄՆ և 1933 թվականին հրատարակել իր հուշերը։

Բովանդակություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գիրքն այն բացառիկ հուշերից է, որը տպագրվել է ցեղասպանությունից ընդամենը տաս տարի հետո, և պատմում է Սրբուհի Թավուկչյանի ընտանիքի մասին, ցեղասպանության տարիների, ինչպես նաև այն դժվարությունների մասին, որոնց հանդիպեցին վերապրող հայերը պատերազմից հետո։ Գիրքը հատկապես արժեքավոր է ցեղասպանության տարիներին մուսուլմանների կողմից բռնի դաջված հայ կանանց և աղջիկների ծանր դրության ուսումնասիրության համար։ Սրբուհին մանրամասն ներկայացնում է կանանց առևանգումների, բռնաբարության, նվաստացումների և վաճառքի դաժան փորձությունները, որոնց միջով ստիպված էր անցնել հենց ինքը[1]։

Քաղվածքներ գրքից[խմբագրել | խմբագրել կոդը]

Գաղթի ճանապարհին ցերեկվա ժամերին թուրք ոստիկանները զննում էին գեղեցիկ աղջիկներին, և երբ գալիս էր գիշերը, նշում էին այն վայրերը, որտեղ տեղակայված էին վերջիններիս վրանները։ Գիշերվա խավարի մեջ սողոսկելով նրանց վրաններ` թուրքերը գողանում և տանում էին աղջիկներին անհայտ ուղղությամբ։ Երբեմն այդ խեղջ աղջիկները վերադառնում էին` ճղճղված շորերով, ամոթի անջնջելի դաջվածքը երեսներին, և այն մեծ վախով, այդ ամենը պետք է կրկնվի ամեն գիշեր։ Սա մի երևույթ էր, որը վերջնականապես կոտրում էր նրանց կյանքը` փակելով ճանապարհն անգամ դեպի սեփական ընտանիք։ Երբեմն գիշերվա խավարի մեջ լսելի էր լինում նրանց սոսկալի ճիչերը, որոնք քարացնում էին ողջ քարավանը։ Առևանգված աղջիների մեծամասնությունն այդպես էլ չէր վերադառնում, և մենք այլև երբեք չէինք տեսնում նրանց։
Երբ անցնում էինք թուրքական գյուղերով` տղամարդիկ գալիս էին իրենց համար աղջիկ ընտրելու։ Ընտրված աղջկա դիմաց նրանք ստիպված էին վճարել թուրք ոստիկաններին, իսկ երբեմն էլ աղջկա ընտանիքին, ինչը մի կտոր հաց էր ապահովում սովահարներին։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Tavoukdjian Serpouhi, Exiled. Story of an Armenian Girl, Review and Herald Publishing ASSN. Takoma Park, Washington, D. C., U.S.A., 1933, (p 126.)