Արևամանուկ (Ղազարոս Աղայան)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Արևամանուկ
Ժանրբանահյուսական
Ձևհեքիաթ
ՀեղինակՂազարոս Աղայան
ԵրկիրՀայաստան
Բնագիր լեզուհայերեն
Գրվել է1883
ԿերպարներԱրևամանուկ, հայրը՝ Արևամանյակ նահապետը, մայրը, Նանե, շները՝ Խեղդանը, Կտրանը։
ՎիքիդարանԱրևամանուկ

«Արևամանուկ», Ղազարոս Աղայանի հեքիաթը, որը լույս է տեսել 1883 թվականին։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Հեքիաթն սկսվում է Մասիս սարի գեղեցիկ նկարագրությամբ։ Այդ գեղեցիկ տեսարանը ոչ ոքի ուշադրությունը չէր գրավում։ Ամեն մեկը շտապում էր իր գործին։ Բայց կար մի մանուկ, որ անդադար նայում, հիանում և զվարճանում էր Մասիսի տեսքով։ Ամեն առավոտ, երբ արևի շողքն ընկնում էր Մասիսի վրա, Արևամանուկը՝ Արևամանյակ նահապետի որդին, պետք է վեր կացած լիներ, որ մայր արևի առաջին ողջույնն ընդուներ։ Նա օրեցօր հասակ էր առնում։ Արդեն տասնհինգ տարեկան էր, բայց իր ծնողների հսկողության տակ էր։ Ինչքան նրան պահում էին տանը՝ ավելի շատ էր դուրս գալու ցանկությունը։ Նա ամեն օր մորը խնդրում էր, որպեսզի ինքն էլ անասուններին տանի արածեցնելու՝ ինչպես իր ընկերները։ Բայց մայրը փորձում էր հասկացնել, որ նրան տուն պահել, ընտանիք կազմել են փորձում սովորեցնել, ոչ թե սարերում հովիվ լինել։ Արմավանի երեխաների սկզբնական ուսումն ու կրթությունն էլ խաղն էր։ Դպրոց չէին հաճախում։ Խաղում էին առավոտից երեկո։ Ժամանակի ընթացքում զորանում էր Արևամանուկը։ Շուտով արդեն տավարածապետ էր։ Մի անգամ մի եզ էր կորել։ Մինչև Արևամանուկը ձայների ուղղությամբ կգնար, իր շները՝ Խեղդանն ու Կտրանը, արդեն մոտ էին գնացել և հաչում էին՝ վախենալով մոտենալ։ Արևամանուկի ձեռքին միայն հաստագլուխ մահակ էր, ուրիշ ոչինչ չուներ, իսկ դիմացը մի վայրի գազան, որ ձորակի մեջ հարձակվել էր եզների վրա։ Արևամանուկը ճարպիկ ոստյունով թռնում է ընկնում գազանի մեջքին ու բռնում վիզը։ Շներն էլ, տեսնելով տիրոջը, սիրտ են առնում և վազում դեպի գազանը։ Արևամանուկը ձեռքը գցում է և այնպես քաշում լեզվի տակից, որ գազանը թուլանում է։ Շներն էլ հետը միասին գազանին անշնչացնում են և սատկացնում։ Արևամանուկի մասին բոլորն արդեն խոսում էին․ հեշտ բան չէր վագր սպանելը այդ տարիքում։ Արևամանուկն այդ բոլոր հարվածներին դիմացել էր առանց ցավ զգալու, բայց տուն հասնելուն պես ուշագնաց էր եղել։ Սաստիկ հիվանդացել էր այդ օրվանից հետո և անկողին ընկել։ Նրան բոլորը ծառայում էին, ինչն ավելի էր ուրախացնում տղային։ Մի առավոտ, երբ արդեն լավանում էր տղան, ծառի տակ պառկած հիանում էր Մասիսի գեղեցկությամբ և հարցեր տալիս պառավներին՝ որ նստած էին իր կողքը։ Պառավներից մեկը՝ Նանեն, ասաց, որ Մասիսի վրայի ձյունը չի հալում, որպեսզի մեծ նավը չբացվի և արևից ու անձրևից չփչանա։ Տղայի հետաքրքրությանը չափ չկար։ Նանեն պատմում է, որ մի անգամ աշխարհը ջրով ծածկվում է և մի մարդ մեծ նավ է պատրաստում և իր ընտանիքը փրկում։ Ջրի բարձրանալու հետ նավը հասնում է Մասիսի գագաթին և մնում այնտեղ, մինչև ջրերը պակասեն։ «Նրա անո՞ւնը… սպասի՛ր… Նավ, Նով, Նո… ինչ որ է, այսպես մի բան է. լավ չէ միտս»։ Կինը պատմում է, որ այդ ժամանակ միայն Նովն է արդարացի եղել, բոլորը մեղավոր են եղել։ Ասում է, որ նա մեր նախահայրն է, մեր նահապետն է։ Նա մեր Մասիս սարի վրա է ազատվել ջրհեղեղից, մեր աշխարհում է ապրել, մեր աշխարհում թաղվել։ Երբ որ Նոյ նահապետը իջնում է Մասիս սարից և բնակվում նրա ստորոտում՝ այդտեղ նրա որդիներն ու թոռները սկսում են շատանալ։ Պառավն ասում է․ «Եվ, ճշմարիտ որ՝ մի հասարակ մահկանացու չէր մեր պապը։ Արմի՛կ ջան, Աստված պահի, դու որ մեծանաս՝ իսկ և իսկ նրա նման կլինիս»[1]։

Կերպարներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Արևամանուկ
  • Հայրը՝ Արևամանյակ նահապետը
  • մայրը
  • Նանե
  • Շները՝ Խեղդանը, Կտրանը։

Աղայանի հեքիաթները[խմբագրել | խմբագրել կոդը]

Աղայանի դրական գործունեության մեջ կարևոր տեղ են գրավում նրա հեքիաթները, որոնք անցյալում ջերմ ընդունելություն են գտել և հռչակել հեղինակին իբրև «Հայ Անդերսեն»։ Հեղինակին հուզող հասարակական հարցերը այստեղ էլ գտել են իրենց արատահայտությունը։ Իր հեքիաթներում ընթերցողին տանելով կախարդական աշխարհներ, նա մոռացության չի տալիս իրական կյանքը, չի կտրվում իրական հողից։ Աղայանն իր հեքիաթներում հանդես է բերում զարմանալի լավատեսություն։ Անսահման չարին Աղայանը հակադրում է անսահման բարին, անմեղը։ Հակառակ այն ընդհանուր ջերմ ու հրճվալի ընդունելության, որ գտան Աղայանի հեքիաթները թե՛ փոքրերի և թե՛ մեծերի աշխարհում, բայց և այնպես որոշ քննադատներ ժամանակին չկարողացան հասկանալ նրանց դեղարվեստական և դաստիարակչական արժեքն ու նշանակությունը։ Աղայանը հեքիաթների ակտիվ մշակող է։ Նա պատահական թեմաներ չի վերցնում, ժողովրդական սյուժեների մեջ որոնում է իր աշխարհայացքին հարազատ հասարակական գաղափարներ։ Ժողովրդի մոտ երբեմն աղոտ կերպով արտահայտված այդ գաղափարները անցնելով Աղայանի մշակման բովից, դառնում են պարզորոշ և շեշտակի։ Աղայանի հեքիաթների աչքի ընկնող առանձնահատկություններից մեկը նրանց գաղափարական շեշտվածությունն է։ Աղայանն իր հեքիաթներում կարողացավ ստեղծել լեզվական բարձր կուլտուրա։ Ժողովրդական բառապաշարի և ոճերի օգտագործման շնորհիվ, նրա լեզուն դարձավ կենդանի և արտահայտիչ։ Աղայանը պարզ և գրավիչ պատմելու վարպետ է։ Այդ է պատճառը, որ նրա հեքիաթները կարդացվում են մեծ հետաքրքրությամբ[2]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Աղայան, Ղազարոս (1979). Երկեր. Երևան: Սովետական գրող. էջեր 395–419.
  2. Մուրադյան, Հրայր (1941). Ղազարոս Աղայան․ Կյանքը և գործը. Երևան: Հայպետհրատ. էջեր 82–83, 91–92, 94–95.