Արոսենի Հայաստանի
Արոսենի Հայաստանի | ||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Գիտական դասակարգում | ||||||||||
|
||||||||||
Լատիներեն անվանում | ||||||||||
Sorbus hajastana
|
Արոսենի Հայաստանի (լատին․՝ Sorbus hajastana), վարդազգիներ ընտանիքի, արոսենի ցեղի բույս։
Նկարագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Փոքր ծառ կամ խոշոր թուփ է, 3-5 մ բարձրությամբ և 8-15 սմ բնի տրամագծով։ Տերևներն էլիպսաձև են, 913 սմ երկարությամբ և 5-9 սմ լայնությամբ, գագաթում և հիմքում՝ սեպաձև սեղմված, խիստ կաշվեկերպ, վերևի կողմից մերկ, փայլուն, ներքևի կողմից ձյունասպիտակ աղվամազով, խոշոր ատամնաեզր։ Բաժակը խիտ, սպիտակ թաղիքանման աղվամազապատ, բաժակաթերթիկները եռանկյուն, երկար-սրածայր, ներսից և դրսից խիտ մազմզուկապատ։ Պսակաթերթիկներն ունեն հիմքից չորս ճյուղավորությամբ ջղեր։ Առէջներն ունեն խոշոր, ուղղանկյուն փոշեպարկեր։ Պտուղները մուգ կարմիր են, ամբողջ մակերեսի վրա սփռված բաց գույնի ոսպնյակներով։ Էնդոկարպում կան քարաբջիջներ։
Տարածվածություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարածված է Ապարանի շրջանում, Սևանի ավազանում և Գեղարդի շրջակայքում, վերին լեռնային գոտում, լեռնալանջերում, ծովի մակերևույթից մինչև 2000 մ բարձրությունների վրա։ Տիպիկ հայկական տեսակ է, որը Հայաստանից դուրս հանդիպում է միայն Կովկասում։ Լավ մեղրատու է։ Բավականին դիմացկուն ծառատեսակ է։ Լավ է դիմանում սառնամանիքներին, երկարատև ձմռանն ու առատ ձյունատեղումներին, ուժեղ քամիներին։ Հողի նկատմամբ պահանջկոտ չէ, չորադիմացկուն է ու բավականին լուսասեր։
Կիրառություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բարձր դեկորատիվ ծառատեսակ է։ Առանձնապես գեղեցիկ են տերևները, որոնք քամոտ եղանակին հրաշալի կոնտրաստ են առաջացնում ստորին մակերեսի սպիտակ և վերին մակերեսի մուգ կանաչ գույների շնորհիվ։ Գեղեցիկ է նաև ծաղկման և պտղակալման շրջանում[1]։
Էկոլոգիա
[խմբագրել | խմբագրել կոդը]Աճում է միջին լեռնային և ենթալպյան գոտիներում՝ ծովի մակարդակից 1600-2400 մ բարձրությունների վրա, ժայռոտ զառիթափ լանջերին, մնացորդային անտառներում, անտառի վերին սահմանի ենթալպյան բարձրախոտերում։ Գերադասում է հյուսիսային և հյուսիսարևմտյան էքսպոզիցիաները։ Ծաղկում է մայիս-հունիս ամիսներին, պտղաբերում՝ հուլիս-հոկտեմբերին[2]։
Պահպանություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Խոցելի տեսակ է, որի տարածման շրջանի մակերեսը 5000 կմ²-ից պակաս է, բնակության շրջանի մակերեսը՝ 500 կմ²-ից պակաս։ Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված էր որպես կրճատվող տեսակ։ Ընդգրկված չէ CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում[2]։
Պոպուլյացիայի մի մասը պահպանվում է «Սևան» ազգային պարկի տարածքում[2]։
Պահպանության գործողությունների չեն իրականացվում[2]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Հարությունյան Լ․ Վ․, Հարությունյան Ս․ Լ․, Հայաստանի դենդրոֆլորան, հ. 1, Երևան, «Լույս հրատարակչություն», 1985, էջ 362։
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 Հայաստանի Կարմիր գիրք. Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն. 2010. ISBN 978-99941-2-420-6.