Արարատի (ծիրանենու սորտ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Արարատի (ծիրանենու սորտ)

«Արարատի», ծիրանենու միջահաս սորտ։ Ստացել է Է. Մորիկյանը Խոսրովենի կարմիրի հետ Երևանի սորտերի խաչասերումից։

Մշակում են Արարատյան դաշտավայրի նախալեռնային գոտում։ Ծառը միջին բարձրության է։ Պտղաբերությունը՝ տնկման 4–5-րդ տարում։

Պտուղը՝ շատ խոշոր (մինչև 120 գ, միջինը՝ 70 գ), լայն էլիպսաձև, հիմքը և գագաթը՝ կլորավուն, միջուկակարը՝ թույլ արտահայտված։ Մաշկը՝ միջին հաստության, ամուր, նուրբ թավապատ, պտղամսից չանջատվող, հիմնականում նարնջագույն, արևահայաց կողմում 1/4 մասով՝ կարմրամանուշակագույն։ Պտղամիսը՝ հոծ, կռճիկային, մսալի, միջին հյութալիությամբ, շատ քաղցր, հաճելի զովացնող թթվությամբ։ Կորիզը՝ պտղից անջատվող։

Պտուղների հասունացումը լինում է հուլիսի 10–20-ը։ Բերքատվությունը՝ 230–250 ց/հա։

Ցրտադիմացկունությունը բարձր է։

Միջին դիմացկուն է հիվանդությունների և վնասատուների նկատմամբ։ Լավագույն փոշոտիչներն են՝ Սաթենի, Խոսրովենի, Համբան և Արագածի սորտերը։

Պտուղները պիտանի են օգտագործման բոլոր ձևերով։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Գյուղատնտեսական հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։