Արաբերենն Իսրայելում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Եբրայերեն, արաբերեն և անգլերեն ճանապարհային նշան Իսրայելում:

Արաբերենը Իսրայելում 2018 թվականից պաշտոնական լեզու չէ, սակայն ունի հատուկ կարգավիճակ։ Այն օգտագործվում է Իսրայելի արաբ բնակչության կողմից, որոնք կազմում են երկրի բնակչության մոտ հինգերորդ մասը, մինչդեռ իսրայելական արաբների ճնշող մեծամասնությունը արաբերենից բացի տիրապետում է եբրայերենին։

Լեզվային քաղաքականությունը Պաղեստինում բրիտանական մանդատի ժամանակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պաղեստինում բրիտանական մանդատի ժամանակ (1922-1948թթ.) անգլերենը, եբրայերենը և արաբերենը ճանաչվել են որպես պաշտոնական լեզուներ։ Բրիտանական մանդատի ամբողջ ընթացքում նշանների, թղթադրամների, մետաղադրամների, նամականիշների, բրիտանական վարչակազմի հրամանագրերի և պաշտոնական հայտարարությունների մշակումը, ինչպես նաև «Երուսաղեմի ձայն» ռադիոկայանի ծրագրերի մի մասի հեռարձակումը կատարվել են երեք լեզվով։

Արաբերենի օգտագործման կանոնավորումն Իսրայելում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ներկայումս իսրայելական օրենսդրությունը սահմանում է, որ իսրայելական պետական հեռուստաալիքները եթերի մի մասը պետք է հեռարձակեն արաբերեն (կամ եբրայերեն հեռարձակումների թարգմանություն ապահովեն), մասնավոր ընկերությունները պետք է աշխատանքի պաշտպանության փաստաթղթերը թարգմանեն արաբերեն, եթե նրանց աշխատողների զգալի մասը արաբներ են, դեղերի կամ վտանգավոր քիմիական նյութերի, ինչպես նաև ընտրությունների վերաբերյալ տեղեկատվությունը պետք է տրամադրվի արաբերեն։

Քնեսեթի կողմից ընդունված օրենքները ստեղծվում են եբրայերեն, այնուհետև թարգմանվում արաբերեն և անգլերեն։ Օրենքներն ուժի մեջ են մտնում երկրի պաշտոնական թերթերից մեկում եբրայերեն տեքստի հրապարակումից անմիջապես հետո։ Արաբերեն չթարգմանված տեքստի անհասանելիությունը կարող է համարվել որպես իրավական պաշտպանության միջոց, եթե մեղադրյալն ապացուցի, որ նա չի կարող հասկանալ օրենքի իմաստը։

1990-ական թվականներին Իսրայելի Գերագույն դատարան ուղղված բազմաթիվ դիմումների արդյունքում երկրում կտրուկ աճել է արաբերեն ճանապարհային նշանների թիվը։ Արաբա-իսրայելական կազմակերպությունների կողմից այդ դիմումներից մեկից հետո Գերագույն դատարանը որոշել է եբրայերենից հետո արաբերենը դարձնել Իսրայելի պաշտոնական լեզուն և ավելի լայնորեն կիրառել[1]։ Արաբերենը օրինականորեն կարող է օգտագործվել Քնեսեթում, բայց արաբ պատգամավորները հազվադեպ են օգտվում այդ հնարավորությունից, քանի որ արաբալեզու բոլոր պատգամավորները խոսում են եբրայերեն, բայց եբրայերեն խոսող ոչ բոլոր պատգամավորներն են տիրապետում արաբերենին։

Եբրայերեն դպրոցներում յոթերորդից իններորդ դասարաններում դասավանդվում է արաբերեն։ Միևնույն ժամանակ, բոլորը կարող են շարունակել արաբերեն սովորել մինչև տասներկուերորդ (ավարտական) դասարանը և ավարտական քննությունը հանձնել արաբերեն։

2007 թվականի մարտին Քնեսեթն ընդունել է Իսրայելում արաբերենի ակադեմիա հիմնելու մասին օրենք՝ եբրայերենի ակադեմիայի նման։ Այս ակադեմիան հիմնադրվել է 2008 թվականին Հայֆայում, որը ներկայումս ղեկավարում է պրոֆեսոր Մահմուդ Ղանայեմը[2][3]։

2008 թվականին Քնեսեթի մի խումբ պատգամավորներ ներկայացրել են Իսրայելում արաբերենը պաշտոնական լեզվի կարգավիճակից զրկելու մասին օրինագիծ, սակայն նախաձեռնությունը մերժվել է[4][5]։

2009 թվականին Իսրայելի տրանսպորտի նախարար Իսրայել Կացը հայտարարել է, որ Իսրայելի բոլոր գլխավոր ճանապարհներին, Արևելյան Երուսաղեմում և հնարավոր է Արևմտյան ափին ճանապարհային նշանները փոփոխվելու են. անգլերեն և արաբերեն տեղանունները կփոխարինվեն եբրայերեն թարգմանությամբ։ Ներկայումս Իսրայելում ճանապարհային նշանների մեծ մասը գրված է բոլոր երեք լեզուներով։ Նշված փոխարինումը աստիճանաբար կկատարի տրանսպորտի նախարարությունը, քանի որ նշանները մաշվում են։

Համաձայն «Իսրայելը հրեական ժողովրդի ազգային պետությունն է» հիմնական օրենքի, որն ընդունվել է 2018 թվականին, արաբերենը զրկվել է պետական լեզվի կարգավիճակից, սակայն ունի հատուկ կարգավիճակ[6][7]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «The official text of the Israeli supreme court ruling (in Hebrew)». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 28-ին. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 12-ին.
  2. The law in Hebrew Արխիվացված 2013-10-15 Wayback Machine in the Israeli official gazette (publication no. 2092 from 28 March 2007).
  3. «Arabic Language Academy – Haifa». Arabicac.com. 2007 թ․ մարտի 21. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 8-ին. Վերցված է 2012 թ․ մայիսի 4-ին.
  4. «Knesset Hawks Move To Strip Arabic of Official Status in Israel –». Forward.com. Վերցված է 2012 թ․ մայիսի 4-ին.
  5. Ilan, Shahar (2012 թ․ փետրվարի 17). «MKs: Make Hebrew the only official language – Haaretz Daily Newspaper | Israel News». Haaretz. Israel. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ դեկտեմբերի 24-ին. Վերցված է 2012 թ․ մայիսի 4-ին.
  6. «Зачем в Израиле принят закон о национальном еврейском государстве. Ответы на главные вопросы». BBC.
  7. «Кнессет: Основные законы Государства Израиль». Сайт Кнессета.