Անտառի մանուկը

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անտառի մանուկը
ՀեղինակՂազարոս Աղայան
Ժանրհեքիաթ
Լեզուհայերեն
Ստեղծման տարեթիվ1882
ՎիքիդարանԱնտառի մանուկը

«Անտառի մանուկը», Ղազարոս Աղայանի հեքիաթներից, որը նա գրել է 1882 թվականին։ Սա Աղայանի այն հեքիաթներից է, որոնց վերջում բարին անպատճառ հաղթում է։ Նրա հեքիաթների չար ու վնասակար ուժերին ոչնչացնում են դրական հերոսները և այդպես ոգևորում մանուկ ընթերցողներին, նրանց առջև պատուհան բացում դեպի կյանքը և տառապանքներից ու ճնշումներից ազատվելու հույս ու պայքարի ոգի ներշնչում[1]։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Անտառի խորքում մի ճոճ կար կապած և նրա մեջ մի մանուկ դրած։ Լաց էր լինում մանուկը։ Մայր չկար մոտը, որ ծիծ տար, հայր չկար, որ պահպաներ։ Անտառում մարդ չկար։ Մի գթոտ պախրա՝ կաթնալից կրծքով, եկավ ճոճի մոտ իր հորթուկի հետ և տխուր ձայնով երեխային ասաց, որ նրա մորը գերի են տարել, և որ մայրը նրան կապել է լայն տերևներով, դրել ճոճի մեջ և լաց լինելով վերջին նանիկն է ասել նրան։ Պախրան երեխային պահում ու ծիծ է տալիս իր հորթուկի հետ միասին։ Երեխան օրեցօր մեծանում է, առույգանում։ Ով որ տարով կմեծանա, այս երեխան օրով մեծացավ։ Շատ չանցավ՝ նա դուրս է գալիս ճոճից, մի օր չորեքթաթ է անում, մյուս օրը՝ ոտքի կանգնում ու քայլում, մի քանի անգամ սահում, վայր ընկնում, բայց շուտով ամրանում է և սկսեց պախրայի հետևից վազվզել։ Մի թագավոր որդի չի ունենում։ Մի անգամ երազում նրան ասում են՝ «Թագավո՛ր, Աստված քեզ մի որդի պիտի տա անտառի խորքում»։ Մի օր թագավորը որսի է գնում իր որսորդների հետ։ Շատ է ման գալիս, բայց ոչինչ չեն գտնում, բայց երբ հասնում են անտառի խորքը, այնտեղ մի պախրայի հետք են գտնում և նրա մոտ՝ մի երեխայի ոտնատեղեր։ Բոլորը զարմանում են և չէին հավատում, որ ոտնատեղերն երեխայի կլինեն, բայց թագավորն իսկույն հիշում է իր երազը և հրամայում է որսորդներին, որ երեխայի հետքով գնան և ուր որ լինի՝ գտնեն նրան։ Որսորդները գնում են և, երկու ժամ չանցած՝ մի սիրուն մերկ տղա են բերում թագավորի մոտ և պատմում են, թե ինչպե՛ս գտան նրան պախրայիի ծիծը ծծելիս։ Թագավորը շատ է ուրախանում, երեխային գրկում է, համբուրում և անունը դնում Պախրատուր (պախրայի տված)։ Պախրատուրը մեծանում է թագավորի պալատում, լավ կրթություն ստանում, վերջը դառնում է թագավոր և մեծ զորքով գնում և իր մորն ազատում գերությունից[2]։

Կերպարներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Մայր
  • Երեխա-Պախրատուր
  • Պախրա
  • Հորթուկ
  • Թագավոր
  • Որսորդներ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Ղազարոս Աղայան».
  2. «Անտառի մանուկը».