Անտառի ալպյան սահման

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Անտառի ալպյան սահման, անտառի վերին սահմանը, բնորոշ է լեռնային երկրներին։ Բարեխառն գոտու միջին լայնություններում այն սկսվում է 2000 մ-ից, Հայաստանում՝ 2000-2450 մ-ից։ Այդ սահմանը հաճախ անվանում են մերձալպյան անտառային գոտի (լայնությունը՝ 100-150 մ), որը կազմված է ելունդավոր և Լիտվինովի կեչու, սովորական արոսենու, արաքսյան կաղնու ծառուտներից։ Ունի կարևոր բնապահպանական և անտառաբուծական նշանակություն։ Բնական կանխարգելող գոտի է, որն անտառը պահպանում է լեռներից փչող սառը քամիներից և ձնահոսքերից։ Մարդու գործունեության և այլ արտածին փոփոխությունների պատճառով Հայաստանում մերձալպյան անտառային գոտին գրեթե ոչնչացվել է, առանձին հատվածներ պահպանվել են մեծ թեքության լանջերին, ամենուրեք խախտվել է անտառի բնական վերին սահմանը՝ իջնելով 100-200 (երբեմն 500) մ։ Անտառի ալպյան սահմանի վերականգնումը բնապահպան Նշանակության առաջնահերթ խնդիրներից է։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։