Մարմինը (երկարությունը՝ 30-150 մմ) կազմված է 80-300 օղակից (մետամերներ)։ Գույնը բաց մոխրագույն է կամ կարմիր։ Մաշկը հարուստ է լորձային հյութ արտադրող գեղձային բջիջներով և մշտապես խոնավ է։ Շարժվում է խոզանների օգնությամբ, որոնք անզեն աչքով անտեսանելի են և տեղադրված են մարմնի հատվածների կողքերին։
Ապրում է խոնավ հողերում։ Գիշերային կյանք է վարում, ցերեկը դուրս է գալիս միայն ուժեղ անձրևից հետո (այստեղից էլ անվանումը)։ Սնվում է բուսական մնացորդներով, գոմաղբով և այլն։
Երկսեռ է, բազմանում է կոկոնի առաջացմամբ, որի ներսում ձվաբջիջը բեղմնավորվում է։
Արյունատար համակարգը փակ է։ Անձրևորդը իր շարժումներով փխրեցնում է հողը, նպաստում բուսական մնացորդների քայքայմանը։ Վնասակար է. խոզերի թոքաճիճվային հիվանդությունների փոխանցող է։
Այսօր հայտնի են մոտ 3500 տեսակներ։ Մարմնի առջևում գտնվում է մուգ գույնի լորձային հաստացում՝ գոտի, որը մասնակցում է բազմացմանը։ Այն հերմաֆրոդիտ կենդանի է։
Նրանց բեղմնավորումը իրականացվում է խաչաձև եղանակով։ Երկու որդեր փոխանակում են իրենց սերմնահեղուկները, այնուհետև որդերի հեռանում են միմյանցից։ Որդերից յուրաքանչյուրի գոտու վրա սկսում է լորձ արտադրվել, առաջանում է կցորդ։ Կցորդի մեջ են ընկնում ձվաբջիջները և սերմնահեղուկը, տեղի է ունենում բեղմնավորում։ Բեղմնավորված ձվերով կցորդը, դուրս ընկնելով մարմնից, կարծրանում և վերածվում է բոժոժի, որտեղ էլ զարգանում են ձվերը։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 428)։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված էՀայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։