Jump to content

Անընդհատ ֆունկցիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Անընդհատ ֆունկցիա , [a,b] հատվածի վրա որոշված մեկ իրական փոփոխականի

y=f(x)

ֆունկցիան կոչվում է անընդհատ [a,b]-ի x0 կետում, եթե

limx→x0f(x)

սահմանը գոյություն ունի և հավասար է f(x0)–ի, կամ, համարժեքորեն, եթե յուրաքանչյուր ε>0 թվի համար գոյություն ունի այնպիսի δ>0 թիվ, որ

|x−x0|<δ

անհավասարությունից հետևում է

|f(x)−f(x0)|<ε,

որտեղ x∈[a,b]։

Եթե f(x)–ն անընդհատ չէ x0 կետում, ապա կոչվում է խզվող այդ կետում։

Ֆունկցիան անընդհատ է [a,b]-ում, եթե այն անընդհատ է [a,b]-ի յուրաքանչյուր կետում։ Համանման եղանակով սահմանվում է նաև մի քանի իրական փոփոխականների ֆունկցիաների անընդհատությունը։ Բոլոր տարրական ֆունկցիաներն անընդհատ են իրենց որոշման տիրույթներում։

Մասնավորաբար, բազմանդամը, sin⁡x,cos⁡x,ax(a>0) և այլն ֆունկցիաներն անընդհատ են թվային առանցքի յուրաքանչյուր կետում։ Եթե f(x), g(x) ֆունկցիաներն անընդհատ են [a,b]-ում, ապա

f(x)⋅g(x),f(x)+g(x),αf(x)

ֆունկցիաները, որտեղ α-ն իրական թիվ է, ևս անընդհատ են [a,b]-ում։

Եթե բացի այդ g(x)–ը զրո չի դառնում [a,b]-ի ոչ մի կետում, ապա

f(x)g(x)-ը ևս անընդհատ է [a,b]-ում։

Եթե f(x) ֆունկցիան անընդհատ է [a,b]-ում, ապա գոյություն ունեն [a,b]–ի այնպիսի c և d կետեր, որ կամայական x∈[a,b] կետի համար f(c)⩽f(x)⩽f(d), ընդ որում f(x)–ն ընդունում է [f(c),f(d)] հատվածին պատկանող յուրաքանչյուր արժեք։ Անընդհատ ֆունկցիան կարելի է հավասարաչափ մոտարկել բազմանդամներով։

Պարզվում է, որ այդ հատկությունը բնորոշ է միայն անընդհատ ֆունկցիայի համար, և այն կարելի է դնել հատվածում անընդհատ ֆունկցիայի սահմանման հիմքում («կոնստրուկտիվ» սահմանում)։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 404)։