Անալոգիա (հունարեն՝ άναλογία - համապատասխանում, նմանություն), նմանակում տրամաբանության մեջ, ճշմարտանման մտահանգման տեսակ, որի դեպքում ելնելով երկու առարկաների որոշ հատկությունների նույնությունից և այն բանից, որ այդ առարկաներից մեկն օժտված՝ ևս մի հատկությամբ, որը չի նկատվել մյուս առարկայի հատկությունների թվում, եզրակացնում ենք, որ այն նույնպես օժտված է տվյալ հատկությամբ։ Այսպես, Հյուգենսը, ելնելով այն փաստից, որ ձայնը և լույսը ունեն մի շարք ընդհանուր հատկություններ, և այն փաստից, որ ձայնն ունի ալիքային բնույթ, հանգեց այն եզրակացության, որ լույսը ևս ունի ալիքային բնույթ։ Անալոգիաի սխեման է. «A-ն ունի a, b, c...ո հատկությունները, B-ն՝ a, b, c... հատկությունները, հետևաբար B-ն նույնպես ունի ո հատկությունը»։ Ա. միայն հավանական եզրակացություն է տալիս։ Որքան շատ են համեմատվող առարկաների նույնական հատկությունները, և որքան էական է դրանց կապը եզրակացությամբ արձանագրվող հատկության հետ, այնքան մեծ է անալոգիայի եզրակացության հավանականությունը։ Անալոգիայի եզրակացության հավանականության բարձրացման հարցերով է զբաղվում նմանության տեսությունը։ Անալոգիան կիրառվում է մեծ մասամբ գիտական հետազոտության սկզբնական փուլերում, մասնավորապես մոդելավորման Ժամանակ։ Մի շարք կարևոր գիտական կռահումներ կատարվել են անալոգիաի միջոցով։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 360)։