Ամիրյանի տրագեդիան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ամիրյանի տրագեդիան
ՀեղինակՆար-Դոս
Ժանրպատմվածք
Լեզուհայերեն
Հրատարակման տարեթիվ1891

«Ամիրյանի տրագեդիան», Նար-Դոսի պատմվածքներից, որը գրվել է 1891 թվականին։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Հեղինակը պատմում է, որ ամռան արձակուրդին Բագրատ Ամիրյանը վերադառնում է քաղաք, որտեղ ապրում էին նրա պառավ մայրը, քույրը և եղբոր երկու երեխաները, որոնք ծնողների մահից հետո մնացել էին նրանց խնամքի ներքո։ Վերադարձի երկրորդ օրը գնում է բժշկի։ Բիշկը, տեսնելով նրա արտաքինը, մտածում է, որ հասարակ բանվոր է և ուզում է բանվորին վայել զննումը սկսել անփույթ, անուշադիր, բայց երբ իմանում է, որ ուսուցիչ է, ավելի քաղաքավարի է իրեն սկսում պահել և ինչպես կարգն է, անց է կացնում բուժզննումը։ Բուժզննումը անցնելուց հետո բժիշկը հայտնում է ախտանիշները։ Բժիշկը ասում է, որ դեղեր չի նշանակի։ Նա ասում է, որ նրան հարկավոր է սնունդ և հանգիստ՝ ամենաքիչը մեկ տարի բոլորովին պետք է չաշխատի։ Ամռանը չպետք է մնա քաղաքում։ Խորհուրդ է տալիս գնալ Սև ծովի ափերը կամ Ղրիմ։ Նշում, որ նրան օգուտ կտան հանքային ջրերը։ Ամիրյանը զարմանքով նայում է բժշկի դեմքին և չի հասկանում՝ կատակ է անում, թե լուրջ է խոսում։ Երբ բժիշկը վերջացնում է իր խորհուրդներ, Ամիրյանը գումարը վճարում և դուրս է գալիս։ Բժշկի սենյակից նոր էր դուրս եկել, երբ հանդիպում է իր վաղեմի ընկեր Շամիրյանին։ Շամիրյանը նշում է, որ դժվար ճանաչեց ընկերոջը, քանի որ նա շատ նիհարել էր և նրա նիհարության պատճառը գտնում քիչ սնվելու մեջ։ Ամիրյանը ասում է, որ ինքը մորթվելու չէ և չաղանալու պատճառ չունի։ Շամիրյանը հետաքրքրվում է, թե Ամիրյանը ինչ պատճառով էր դուրս եկել բժշկի մոտից։ Ամիրյանը թվարկեց բժշկի ախտորոշումները․ մի խոսքով տառապում է հայկական վարժապետական հիվանդությամբ։ Ամիրյանը Շամիրյանից հետաքրքրվում է, թե նա ինչով է զբաղվում։ Շամիրյանը պատասխանում է, որ ռուսական մի ֆիրմայի ներկայացուցիչ է ամբողջ Անդրկովկասում։ Շամիրյանը նրան առաջարկում է, որ կարող է լավ աշխատանք տալ՝ լավ աշխատավարձով։ Ամիրյանը ասում է, որ կտեսնեն, թե ինչպես կստացվի։ Շամիրյանը ասում է, որ չի սիրում անվճռական մարդկանց, սակայն տալիս է իր հասցեն։ Ամիրյանը դանդաղ քայլերով բռնում է իրենց տան ճանապարհը։ Նրա միտքը կենտրոնացած էր իր բազմապիսի հիվանդության վրա։ Տունը շատ հեռու չէր, բայց երբ հասնում է, հոգնածություն էր զգում, կարծես երկար ճանապարհ է անցել։ Քույրը հետաքրքրվում էր եղբոր առողջական վիճակից։ Ամիրյանը քրոջը ներկայացնում է բժշկի ախտորոշումները։ Մորը, չվախեցնելու համար, ավելի հանգստացնող տեղեկություններ է հաղորդում Գիշերը, Ամիրյանը դուրսը թախտի վրա պառկեց քնելու։ Քույրը, տեսնելով, որ եղբայրը առանց վերմակ պառկած է, խոնարհվեց, որ վերմակը քաշի, տեսավ՝ քնած չէ։ Եղբայրը ասում է, որ չի կարողանում քնել։ Քույրը ասում է, որ նա շատ է մտածում իր առողջական վիճակի մասին և պետք է հետևի բժշկի ցուցումներին։ Սակայն Ամիրյանի տղամարդկային ինքնասիրությունը վիրավորում էր, երբ քույրն էր հոգում տան ծախսերը։ Թեմական տեսուչին հանդիպելուց հետո Ամիրյանը այլևս ուսուցիչ էր։ Քրոջ հարցերին համառոտ կերպով ներկայացրեց տեսուչի մոտ ունեցած իր անհաջողությունը։ Նա մտածում էր գնալ Շամիրյանի ուղով։ Քույրը շատ լավ էր ճանաչում այդ մարդուն, քանի որ մի ժամանակ սիրային հարաբերություններ էր ունեցել նրա հետ, սակայն նրան դավաճանում է և ամուսնանում մի հարուստ հարսնացուի հետ։ Զարմանում է, որ եղբոր բերանից լսում է այդ մարդու անունը։ Իմ տրագեդիան էլ հենց այդ է, ասում է նա ընկած ձայնով, նստում է ու տաքացած ճակատն առնում ձեռքի ափի մեջ։

Անհեռանկարության դրսևորումը պատմվածքում[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատմվածքները ստվերագծորեն կատարում են մտավորակայնության յուրօրինակ դասաբաժանում հասարակական կյանքի ու շարժման նկատմամբ նրանց դիրքորոշման և վերաբերմունքի տեսանկյունից։ Այս դասի մի առանձին շերտ են ներկայացնում այն մարդիկ, որոնք հարմարվում են ժամանակի հարաբերություների ուժին, յուրացնում պարտանդրանքի դասերը և դիմակավորվելով՝ կարողանում են որոշակի կապերի մեջ դառնալ դրության տերեր։ Այսինքն՝ նրանք իրենց շատ ու քիչ մտավոր կարողությունները ստորադասում են կապիտալի շահերին, դառնում դրա կցորդը։ Երևույթի ուղղակի արտահայտությունն է «Ամիրյանի տրագեդիան» պատմվածքի Շամիրյանի կերպարը։ Երբեմնի մտավորականը հիմա իր ունևոր ու ապահով տեսքի ամբողջ վստահությամբ խորհուրդ է տալիս ընկերոջը՝ Ամիրյանին, թողնել վարժապետություը, հետևել իր օրինակին, բացատրում կյանքի իմաստի իր ընկալումը, վստահեցնում, որ շատերը, այդ թվում՝ ընկերը, կարող են գտնել կյանքը կարգավորելու, լավ ապրելու ուղին[1]։

Կերպարներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Բագրատ Ամիրյան
  • Ամիրյանի քույր
  • Ամիրյանի մայր
  • Ամիրյանի եղբոր երեխաներ
  • Բժիշկ
  • Շամիրյան

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Սաֆարյան, Վազգեն (2021). Գրողի և կերպարի անհատականությունը. ԵՊՀ Երևան. էջեր 260–261.