Աղքատ մարդը ու կինը (հեքիաթ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Աղքատ մարդը ու կինը
Աղքատ մարդն ու կինը
ՀեղինակՀայկական ժողովրդական
ԺանրՀեքիաթ
ԼեզուՀայերեն

Աղքատ մարդն ու կինը, հայկական ժողովրդական հեքիաթ։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Հեքիաթը պատմում է աղքատ ամուսնու ու կնոջ մասին, ովքեր մի կերպ էին ապրում[1]։ Նրանք տարին տասներկու ամիս հաց փոխ են առնում, դժվարությամբ ապրում։ Մի օր կինը գնում է հացփոխ առնելու` չեն տալիս։ Նա վերադառնում է տուն ու պահանջում ամուսնուց, որ վերջինս աշխատանք գտնի։ Ամուսինը գնում է պանդուխտության` աշխատանք գտնելու։ Աշխատանքը բավարարում է հազիվ իրեն։ Բերքահավաքին բոլորին օգնում է, իրեն էլ են բաժին տալիս։ Իր համար մի փոքր տնակ է կառուցում, այնտեղ մնում։ Մի օր մի կատու է երևում, նրանք էլ ընկերանում են, միասին են ապրում։ Մի օր այդ մարդու երկրացի մի վաճառական է գալիս այդ երկիր։ Հարց ու փորձ է անում, խոսում են, վաճառականն էլ այդ մարդուն հարցնում է, թե նա ասելու կամ տալու բան ունի՞: Նա էլ ասում է, որ տալու ոչինչ չունի, իր աշխատածով հազիվ իր գլուխն է պահում։ Հետո որոշում է մի պարկ խնձոր ու իր կատվին տուն ուղարկել, քանի որ կինը ուտելիքի կարիք ունի, տանն էլ մկները շատ են։ Վաճառականը վերցնում է այդ ամենը և գնում մի ուրիշ երկիր, ու մի այնպիսի տեղ է ընկնում, որ բոլորովին խնձոր չի լինում։ Այստեղի մարդիկ խնդրում են, որ նա խնձորները իրենց տա, նա էլ բերում է մի խնձորը մի ոսկով վաճառում, հարստանում է ու իր ճանապարհը շարունակում։ Գնում մի երկիր է հասնում, թագավորի տանը հյուրընկալվում։ Նրանց տանը այնքան մուկ է լինում, որ չեն կարողանում հաց ուտել, կատու բառին էլ ծանոթ չեն։ Վաճառականը նրանց ասում է, որ կարող է թագավորին ազատել մկներից։ Թագավորն էլ համաձայնվում է տալ ամեն ինչ միայն, թե ազատվի մկներից։ Սա էլ կատվին բաց է թողնում, կատուն բոլոր մկներին ուտում է։ Թագավորը նրան շատ ոսկի է տալիս, նա էլ վերցնում է ու վերադառնում իր երկիր։ Ոսկու կեսը տալիս է այդ մարդու կնոջը, կինը զարմանում է, թե իր ամուսինը այդքան ոսկին ինչպե՞ս է աշխատել։ Հետո այդ ոսկով որդուն ուսման է տալիս ու մեծ, գեղեցիկ տներ է կառուցել տալիս։ Դրանից տաս-տասնհինգ տարի անց ամուսինը երեք ոսկի է աշխատում, մի թաշկինակի մեջ փաթաթում, ու գալիս է տուն։ Ճանապարհին մի տեղ հյուր է ընկնում։ Տեսնում է մի մարդ չի խոսում, կողքինին հարցնում է թե ինչո՞ւ այդ մարդը չի խոսում։ Պատասխանն այն է լինում, որ նա այնպիսի խոսքեր ունի, ամեն մեկը մի ոսկի արժի։ Սա էլ թաշկինակի միջից մի ոսկի է հանում ու ասում, որ հիմա կարող է այդ մարդը խոսել։ Այդ չխոսացող մարդը նայում է աղքատի երեսին ասում. «Մինչև մահդ չգա` չես մեռնի, որ քար ու քարափից էլ ընկնես չվախենաս»։ Խորհուրդը հավանելով` նա հանում մի ոսկին էլ է տալիս. «Սրտով սիրածը բոլորից լավը կլինի», լինում է երկրորդ խորհուրդը։ Երրորդ ոսկուց հետո լսում է. «Ամեն սաբրին մի խեր կլինի»։ Այս մարդը դատարկ գնում է տուն։ Ճանապարհին տեսնում է մի ջրհորի մոտ լիքը մարդ է հավաքվել։ Հենց այդ մարդիկ սրան տեսնում են, կանչում են, որ գա ջուր հանի ջրհորից, դրա համար էլ իրեն ամեն մեկը մի ոսկի կտա։ Նա իմաստունի ասածներն է հիշում, ու մտնում ջրհորը։ Մտնում է, որ ջուր հանի, զգում է, որ ինչ որ մեկը իրեն քաշում է, ու կանչում։ Պտտվում է, տեսնում մի կողմում մարդկանց գլուխներ են կտրած գցած, իսկ մյուս կողմում մի սեղան է դրած, մի ծայրին ագռավ է նստած, մյուսին էլ` գորտ։ Ագռավը աղքատին հարցնում է, թե նա ինչու է այդտեղ, մի՞թե նա չգիտի, որ այդտեղ ոտք դնել չի կարելի։ Հետո ագռավն ասում է, որ եթե աղքատը իր հարցին պատասխանի, դուրս կգա այդտեղից, իսկ եթե չպատասխանի նրա գլուխն էլ կկտրեն։ Հարցնում է աղքատին, թե այդ գորտը իրեն արժանի՞ կին է։ Աղքատը հիշում է իմաստունի խոսքերն ու ասում, որ սրտով սիրածը բոլորից լավը կլինի։ Այս խոսքերն ասելուն պես, ագռավն ու գորտը ուռչում են, պայթում, ագռավը մի ջահել տղա է դառնում, իսկ գորտը մի գեղեցիկ աղջիկ, փաթաթվում են իրար։ Այս մարդուն ահագին փող են տալիս, նա էլ վերցնում է կուժը ջուր լցնում տալիս մարդկանց. վերջիններս էլ բավականին փող են տալիս։ Այդ մարդը փողերը վերցնում է գնում տուն։ Գալիս տեսնում է իր խրճիթի փոխարեն մեծ տներ է կառուցած, մտածում է, որ կինը մի հարուստ մարդու հետ է ամուսնացել։ Հետո մի ջահել տղա գալիս-փաթաթվում է իր կնոջը։ Բարկացած հրացանը վերցնում է ու իմաստունի վերջին խոսքն է հիշում։ Հրացանը մի կողմ է դնում գնում ականջ դնում ու նրանց խոսակցությունից հասկանում է, որ անծանոթը իր որդին է[2]։

Կերպարներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Աղքատ մարդ
  • Նրա կինը
  • Նրանց որդին
  • Վաճառական
  • Իմաստուն

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հայ ժողովրդական հեքիաթներ, կազմող` Ա. Նազինյան, Երևան, 2004, էջ 198
  2. Նույն տեղում, էջ 200