Աղվեսն անապատում (ռազմական գործողություն)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

«Աղվեսն անապատում» կամ «Անապատի աղվես», ռազմական գործողություն, որով նախատեսվում էր ռմբակոծել Իրաքը։ Տեղի է ունեցել 1998 թվականի դեկտեմբերի 16-ից դեկտեմբերի 19-ի ընթացքում։ Այն իրականացվել է ԱՄՆ և Մեծ Բրիտանիայի ռազմական ուժերի կողմից։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1991 թվականին Պարսից ծոցի շրջանում իրաք-քուվեյթյան պատերազմի ավարտից հետո ԱՄՆ-ը չէր դադարեցնում Սադդամ Հուսեյնին քաղաքական ասպարեզից հեռացնելու փորձերը և իր ազդեցության ամրապնդման ուղղված քայլերը մերձավորարևելյան տարածաշրջանում։

Սադդամ Հուսեյն՝ Իրաքի հինգերորդ նախագահ

Մասնավորապես Իրաքի կողմից տարբեր միջազգային հանձնաժողովների աշխատանքների խոչընդոտումը, փորձերը խույս տալու իր նկատմամբ 1991 թվականին առաջ քաշված պատժամիջոցներից, ԱՄՆ-ին հիմք տվեցին հիմնավորելու իր մշտական ռազմական ներկայության անհրաժեշտությունը տարածաշրջանում, որն այդ ժամանակ պաշտոնապես հայտարարվել էր ամերիկյան կարևորագույն կենսական շահերի գոտի։ Միևնույն ժամանակ Իրաքի վերը նշված մոտեցումները համաշխարհային հանրության շատ մոտ ձևավորեցին և հիմնավորեցին նրա բացասական կերպարը։

Անհրաժեշտ է նշել, որ 1991 թվականի պատերազմի ավարտից հետո, Իրաքում աշխատում էր ՄԱԿ-ի հատուկ հանձնաժողով (UNSCOM), որը զբաղվում էր իրաքյան զանգվածային ոչնչացման զենքի արտադրման վայրերի հայտնաբերմամբ։ Մի շարք տվյալներով նրա վերահսկողությամբ Իրաքը ոչնչացրել է 40 000 քիմիական մարտական գլխիկ, մոտ 700 ռեակտիվներ, որոնք նախատեսված էին քիմիական զենքի համար, 3 600 արգելված քիմիական նյութեր և ավելի քան 100 միավոր սարքավորումներ, որոնք օգտագործվում են քիմիական զենքի արտադրության մեջ։

Ռազմական գործողությունների համար ձևական առիթ հանդիսացավ ՄԱԿ-ի հատուկ հանձնաժողովի նախագահ Ռ. Բաթլերի հայտարարությունը ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդում առ այն, որ Իրաքը խախտել է համաձայնագրի պայմանները՝ ստուգող կառույցներ միջազգային կազմակերպությունների մասնագետների մուտքի թույլտվության հետ կապված։ 1998 թվականի դեկտեմբերի 16-ի առավոտյան հայտարարությունը ՄԱԿ-ի տեսուչների՝ Իրաքից Բահրեյն տարհանման մասին իրականում իրենից ներկայացնում էր կտրուկ շրջադարձ Ծոցում ընթացող գործընթացներում և Բաղդադի դեմ նոր ռազմական գործողությունների վտանգ։ Դեկտեմբերի 16-ին ԱՄՆ-ի ղեկավարությունը վերջնական որոշում ընդունեց Իրաքին օդային հարվածներ հասցնելու մասին։ Պաշտոնապես գործողության հիմնական նպատակ հայտարարվեց իրաքյան բանակի սպառազինության կազմում և զինանոցներում եղած զանգվածային ոչնչացման զենքի ոչնչացումը։

Ռազմական գործողություն[խմբագրել | խմբագրել կոդը]

«Անապատի աղվես» կամ «Աղվեսն անապատում» օպերացիայի հիմքում ընկած էր օդային հարձակումը։ Դրա հետ մեկտեղ գործողության շրջանակներում անց էին կացվում հետախուզական աշխատանքներ, տեղեկատվական պատերազմ, ինչպես նաև հոգեբանական ճնշում էր գործադրվում հակառակորդի վրա։ Գործողության ամբողջ ղեկավարությունը իրականացնում էր միացյալ կենտրոնական հրամանատարության հրամանատար Է. Զիննին։

Օդային հարձակողական գորողության իրականացման համար ստեղծվեց միասնական խմբավորում ԱՄՆ-ի և Մծ Բրիտանիայի ռազմաօդային և ռազմածովային ուժերի միջև, որում մինչ գործողության սկիզբը հաշվվում էր մոտ 130 մարտական ինքնաթիռներ, 20 մարտական նավեր, այդ թվում նաև ավիակիր և 10 թևավոր հրթիռներ կրող նավեր։ Միավորված խմբավորման ցամաքային ուժերը ճգնաժամի տարածքում հաշվվում էր մոտ 5 000 մարդ։

B-1B prepares for Operation Desert Fox.jpg

Գործողության ծրագրով նախատեսվում էր Իրաքի վարչա-քաղաքական և ղեկավար ենթակառուցվածքների մաքսիմալ ոչնչացում, այդ իսկ պատճառով հիմնական ուժերը ուղղված էին երկրի կառավարական և ռազմական կառույցների(նախարարությունների շենքեր, Բաաս կուսակցության կենտրոնական և շրջանային գլխամասային գրասենյակներ, կապի գծեր) վերացմանը։

Օդային հարձակողական գործողությունը տեղի ունեցավ 1998 թվականի դեկտեմբերի 17-20 4 փուլով՝ ընդհանուր 73 ժամ տևողությամբ։

  • առաջին փուլում՝ դեկտեմբերի 17-ին, հիմնական շեշտը դրված էր տախտակամածային օդուժի և ծովային հիմքով թևավոր հրթիռների կիրառման վրա, ինչը ապահովեց հարձակման հանկարծակիությունը։
  • երկրորդ փուլում՝ դեկտեմբերի 17-18-ին, հետևեցին հրթիռա-օդային համակցված հարվածաներ օդային հիմքով թևավոր հրթիռների, ինչպես նաև լազերային համակարգով կառավարվող օդային ռումբերի կիրառմամբ։
  • երրորդ փուլում՝ դեկտեմբերի 18-ի առավոտյան, իրականացվեցին հրթիռա-օդային համակցած հարվածներ ռադիոկայանների և հեռուստակայանների, պահեստների, օդանավակայանների և ազգային գվարդիայի զիանոցների վրա։ Հարձակման արդյունքում Իրաքի արբանյակային հեռուստաալիքը դադարեց գոյություն ունենալ։
  • չորրորդ փուլում հրթիռա-օդային հարվածներ իրականացվեցին այն կառույցների վրա, որոնք չէին տուժել առաջին երեք փուլերի հարձակումների արդյունքում։

Գործողության ընթացքում Բաղդադում տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ Իրաքի փոխվարչապետ Թ. Ազիզը, պատասխանելով Իրաքի հակաօդային պաշտպանության պասիվության մասին հարցին, լրագրողներին հայտնեց, որ ամերիկա-բրիտանական կոալիցան ներգրավել է քիչ սահմանափակ թվով ռեսուրսներ և չի կարող հրթիռային հարվածներ իրականացնել «ամեն օր մեկ ամսվա ընթացքում», ինչ նշանակում է, որ գործողությունը մի քանի օրից ավելի չի տևի և Իրաքը կարող է հաղթահարել հարձակումը։

Արդյունքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամերիկյան հրամանատարության հայտարարության համաձայն «Անապատի աղվեսը» դարձել է ԱՄՆ-ի զինված ուժերի պատմության մեջ ամենահաջող գործողությունը. ոչնչացվել էր նախատեսված նպատակակետերի 85%ը, չկային մարդկային և ռազմակն տեխնիկայի կորուստներ։ Օգտագործված 1000 ռազմամթերքի 70%-ը ուներ ճշգրիտ նշանառություն, որի արդյունքուն վնասվել էին Իրաքի տարածքում գտնվող ավելի քան 100 կառույցներ (նշանակետեր)։ Ընդ որում ոչ բոլոր կառույցներն ունեին զուտ ռազմական նշանակություն։

Desert fox missile.jpg

Տարբեր տվյալների համաձայն Իրաքի զինված ուժերի մարդկային կորուստները կազմել են 600-1600 մարդ։ Իրաքին հասցված վնասը կազմել է 150 միլիարդ ԱՄՆ դոլլար։ Փորձագետները նշում են, որ «Անապատի աղվես» գործողությունը դարձավ նոր փուլ տեղական պատերազմների տեսության զարգացման, պատրաստման պրակտիկայի և անցկացման համար.

  1. Ի շնորհիվ գործողության սկզբում մարտավարական կազմի սահմանափակման մինչև Իրաքի շրջակայքում հավելյալ ուժերի վերջնական տեղակայումը, հասան հարձակման հանկարծակիությանը, ինչի շնորհիվ հրթիռների առաջին արձակումները և օդուժի թռիչքները իրաքյան կողմի համար անսպասելի էին։
  2. Պետական մակարդակով խելամիտ ապատեղեկատվություն կիրառմամբ հաջողվեց թաքցնել գործողության ժամկետը և այն դարձնել անսպասելի այդ թվում՝ ՄԱԿ-ի ԱԽ-ի համար։

Գործողության գլխավոր քաղաքական արդյուքն այն եղավ, որ ԱՄՆ-ն և Մեծ Բրիտանիան ամբողջ աշխարհին ցույց տվեցին իրենց պատրաստակամությունը լուծելու սեփական արտաքին-քաղաքական խնդիրները բոլոր հնարավոր միջոցներով՝ անգամ առանց ՄԱԿ-ի համաձայնության։ Սրանով մեծապես նվազեցվեց ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի դերը և ի հայտ եկան գոյություն ունեցող միջազգային անվտանգության համակարգի վերացման միտումներ։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]