Ահաբեկչական գործողություն Սեմիրամիս հյուրանոցում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ահաբեկչական գործողություն Սեմիրամիս հյուրանոցում
«Սեմիրամիս» հյուրանոցի ավերակները պայթյունից հետո
Տեսակահաբեկչական ակտ
Երկիր Մանդատային Պաղեստին
Գրոհի վայրԵրուսաղեմ
Տարեթիվհունվարի 5, 1948-հունվարի 6, 1948
Զոհվածներ26 մարդ
 Semiramis Hotel bombing Վիքիպահեստում

«Սեմիրամիս» երուսաղեմյան հյուրանոցի ահաբեկչական գործողությունը տեղի է ունեցել 1948 թվականի հունվարի 5-ի լույս 6-ի գիշերը, արաբա-իսրայելական 1947-1949 թվականների պատերազմի առաջին փուլի ժամանակ։ Պայթյունը կազմակերպել էին «Հագանա» հրեական ռազմականացված խմբավորման մարտիկները, որոնց ղեկավարները ուշացած կեղծ տեղեկություն էին ստացել այն մասին, որ հյուրանոցը վերածվել է արաբական անկազմակերպ զորամիավորումների շտաբի։ Պայթյունի արդյունքում զոհվեցին 26 քաղաքացիական անձինք, ներառյալ իսպանական հյուպատոսի տեղակալ Մանուել Ալյենդե Սալազարը։ Պայթյունը շրջանի արաբ բնակչությանը խուճապի մեջ քցեց, նրանք դիմեցին փախուստի, և դատապարտվեց Բրիտանական մանդատի իշխանությունների կողմից։ Հետագայում Բեն-Գուրիոն պաշտոնանկ արեց «Հագանա»-ի երուսաղեմյան մասնաճյուղի ղեկավար Միշայել Շահամին, ով այդ ռազմագործողության պատասխանատուն էր[1]։

Իրադարձությունների ընթացքը[խմբագրել | խմբագրել կոդը]

Կատամոնը արաբական շրջան էր Երուսաղեմի հարավ-արևմուտքում։ Այն հիմնականում բնակեցված էր արաբ-քրիստոնյաներով և ունևոր հրեաներով (սրանք շրջանում փոքրամասնություն էին կազմում)։ Շրջանը գտնվում էր Արևմտյան Երուսաղեմի հրեական թաղամասերի միջև գտնվող բարձունքի վրա, ճեղքում էր դրանց ամբողջականությունը և այս գործոններով պայմանավորված՝ ուներ կարևոր ռազմավարական նշանակություն կոնֆլիկտի երկու կողմերի համար։

«Հագանա»-ն շահագրգռված էր այն բանում, որ դրդի արաբ բնակչությանը ՝հեռանալու շրջանից։ Այդ նպատակով 1947 թվականի դեկտեմբերի 31-ին նրա կողմից այստեղ արաբների 7 դատարկ տներ պայթեցվեցին, ինչը հրահրեց, որպեսզի մի քանի արաբ մեծահարուստ բնակիչներ փախչեն այստեղից, ինչպես նաև՝ Կատամոնից հրեաները տեղափոխվեցին Երուսաղեմի հրեական թաղամասեր։ Արաբական անկազմակերպ ռազմականացված կազմավորումները, իրենց հերթին, ձգտում էին ամրապնդել իրենց դիրքերը Կատամոնում և կանխել արաբ բնակիչների արտագաղթը։

1948 թվականի հունվարի 3-ին Քադիր ալ-Հուսեյնը, Սրբազան պատերազմի բանակի հրամանատարը, և արաբական այլ հրամանատարներ «Սեմիրամիս» հյուրանոցի կոնֆերենց-դահլիճում կազմակերպեցին հանդիպում Կատամոն թաղամասի առաջնորդների հետ։

Հունվարի 4-ին Հագանայի արաբական իրազեկիչներից մեկը Երուսաղեմի Հագանայի ղեկավար Միշայել Շահամին հայտնեց, որ Կատամոնում արաբները երկու շտաբ ունեն՝ մեկը՝ «Սեմիրամիս» հյուրանոցում, մյուսը՝ «Կլարիջ» հյուրանոցում (տեղեկությունը չէր համապատասխանում իրականությանը) ։ Այդ իրազեկիչը պատմել էր նաև, թե ինքը տեսել է, որ Աբու Քադիրի ջիփը ավելի քան մեկ ժամ կայանել է «Սեմիրամիս» հյուրանոցի ավտոկայանատեղիում։ Հագանայի երուսաղեմյան ղեկավարությունը որոշում է պայթեցնել հյուրանոցը։

Հունվարի 5-ի լույս 6-ի գիշերը Հագանայի մի խումբ անդամներ 2 մեքենաներով մոտեցան հյուրանոցին։ Նրանք իրենց հետ ավելի քան 80 կիլոգրամանոց պայթուցիչ նյութով երկու պայուսակ ունեին. խմբի անդամների մի մասը պետք է զինված պաշտպանություն իրականացներ, իսկ մյուս մասը կոտրեր նկուղի դուռը և հյուրանոցի հիմնաքարերի մոտ տեղադրեր և ակտիվացներ պայթուցիկը։

Չնայած նրան, որ Կատամոնի արաբ բնակիչները 30 հոգիանոց ոստիկանություն էին կազմակերպել և տեղակայել էին շրջանի մուտքի անցակետի մոտ, Հագանայի մարտիկները այդ գիշեր չհանդիպեցին ոչ մի արաբ պարեկի, իսկ անցակետերը դատարկ էին։ Հնարավոր է, որ հորդառատ անձրևի պատճառով արաբները այդ գիշեր հարձակումը համարել էին քիչ հավանական և գնացել էին իրենց գործերին։

Մոտենալով հյուրանոցին՝ Հագանայի մարտիկները նռնակով պայթեցրեցին դեպի նկուղ տանող դուռը և այստեղ տեղափոխեցին պայթուցիչը։ Լսելով նռնակի պայթյունը՝ հյուրանոցի տերը զանգահարեց բրիտանական ոստիկանություն և հարձակման վերաբերյալ հաղորդում տվեց։ Հագանայի մարտիկներից մոտ չորս րոպե պահանջվեց պատրույգը փոխարինելու համար, քանի որ պայթուցիչի վրա եղած պատրույգը թրջվել էր և չէր վառվում։ Սրանից հետո նրանք վառեցին պատրույգը և անմիջապես հեռացան։

Սրան հաջորդած պայթյունի հետևանքով զոհվեցին 26 քաղաքացիական անձինք, այդ թվում՝ արաբական մի քրիստոնյա ընտանիքի բազմաթիվ անդամներ՝ հյուրանոցի կենվոր, հուրանոցի տիրոջ որդին և առնվազն մեկ ծծկեր երեխա[2]։ Բեննի Մորրիսը գրում է, որ զոհերի թվում կարող էին լինել եկու իրաքցի կամավորներ՝ արաբական անկազմակերպ զորամիավորումների մասնակիցներ[1]։

Համաձայն Associated Press-ի՝ Հագանայի ներկայացուցիչը հայտարարել է, որ հյուրանոցի վրա հարձակումը ձեռնարկվել է, որովհետև[3]՝

  • «… այն արաբական հրոսակախմբերի հանդիպման և Երուսաղեմի շրջակա գյուղերի միջև սպառազինության բաշխման կարևորագույն վայրն էր։ Ցավոք մենք չենք կարող հարվածել արաբների (գլխավոր) շտաբակայանին, քանի որ այն թաքնված է մզկիթում»։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Benny Morris. 1948. — Yale University Press, 2008. — 524 с. — ISBN 978-0-300-15112-1
  2. Larry Collins, Dominique Lapierre. O, Jerusalem! — Shimon&Shuster paperbacks. — 635 с. — ISBN 978-0-671-66241-7 стр.129-133
  3. AP (1948 թ․ հունվարի 5). «Three are Killed, 16 Missing in Jerusalem Hotel Bombing». Reading Eagle. էջ 1.