Ալկալի հողեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Ալկալի հողեր, հողեր, որտեղ կլանված նատրիումի քանակը գերազանցում է կլանունակության 20%-ը։

Դասակարգում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ նատրիումի քանակի, ալկալի հողերը լինում են՝

  • թույլ ալկալի (20-25%),
  • միջին ալկալի (25-40%),
  • ուժեղ ալկալի (40%-ից ավելի)։

Կան նաև թույլ ալկալիացած (5-10%), միջին ալկալիացած (10-15%) և ուժեղ ալկալիացած (15-20%) հողեր։

Պարունակած աղերի բնույթով ալկալի հողերը լինում են՝

Սոդայական

Սոդայական ալկալի հողերը տարածված են համապատասխան աղուտների շրջաններում։

Քլորիդ-սուլֆատային

Քլորիդ-սուլֆատային ալկալի հողերը հատուկ են ԽՍՀՄ շագանակագույն և գորշ հողերի գոտիներին։

Առաջացում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալկալի հողերը առաջացել են նատրիումական աղակալած հողերից բնական լվացման՝ աղազերծման ճանապարհով, որն արտահայտվում է մակերեսային փխրուն շերտի տակ՝ ալկալիացած սյունակոշտային հորիզոնի կազմավորմամբ։ Ալկալի հողերը առաջացել են նաև նատրիումի սուլֆատ պարունակող և բարձր մակարդակ ունեցող ստորգետնյա ջրերով սնվելու հետևանքով։ Այս դեպքում առաջանում է դիսպերս մասնիկներով հարուստ, խիստ արտահայտված խորքային ալկալիացած հորիզոն՝ հագեցած փոխանակային նատրիումով, որի առկայությամբ կոլոիդները հիդրատացվում են և խոնավ վիճակում վերածվում ցեխախառն, մածուցիկ, անջրանցիկ զանգվածի։

Չորանալու ընթացքում սեղմվելով՝ ճաքճքում և առաջացնում են հողասյուներ և կոշտեր։ Դրա հետևանքով հողն ամրանում է (նրա մշակումը՝ դժվարանում), գյուղատնտեսական բույսերի համար դառնում ոչ պիտանի։ Ալկալիացած հորիզոններն ունեն հիմնային ռեակցիա, որի աստիճանը պայմանավորված է փոխանակային նատրիումի, ինչպես նաև նորմալ սոդայի և նատրիումի կարբոնատի քանակով։

ՀԽՍՀ-ում ալկալի հողեր կան Արարատյան դաշտում։ Մերձարաքսյան հովտի ալկալի հողերը սոդայական են։ Գյուղատնտեսական բույսերի համար այս հողերը պիտանի դարձնելու նպատակով հոդի մեջ ներմուծում են կալցիում պարունակող աղեր, հատկապես՝ գիպս, որի շնորհիվ նատրիումը փոխարինվում է կալցիումով և սոդա չի առաջացնում, մեծանում է հողի ջրաթափանցելիությունը, հեշտանամ ջրալույծ աղերի լվացումը։

Հողի հիմնային ռեակցիան չեզոքացնելու համար օգտագործում են նաև քիմիական արդյունաբերության թափոններ՝ ծծմբական թթու, երկաթարջասպ և այլն։ Կառուցվում է ցամաքուրդային (դրենաժային) ցանց՝ լվացման ընթացքում լուծված աղերը հեռացնելու նպատակով։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC-BY-SA-icon-80x15.png