Աթաթուրքի ճառ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նութուքը՝ գրքի տեսքով
Մուստաֆա Քեմալը ներկայացնում է Նութուքը 1927 թվական։ Hâkimiyet Milletindir նշանակում է «Ինքնիշխանությունը պատկանում է ժողովրդին»

Աթաթուրքի ճառ (օսման.՝ نطق, հայտնի է որպես Աթաթուրքի ճառ, Նութուք անուններով)՝ Մուսթաֆա Քեմալի ելույթը 1927 թվականի հոկտեմբերի 15-ից 20-ը տեղի ունեցած Ժողովրդահանրապետական կուսակցության երկրորդ համագումարում։ Ելույթի ժամանակ անդրադարձ կատարվեց 1919 թվականի մայիսի 19-ին Թուրքիայի անկախության պատերազմի մեկնարկի և 1923 թվականին Թուրքիայի Հանրապետության հիմնադրման միջև ընկած իրադարձություններին։ Աթաթուրքի իր ճառը կարդաց երեսունվեց ժամում (6 օրվա ընթացքում), որն էլ դարձավ քեմալական պատմագրության հիմքը։ Նութուքը նշանավորեց թուրքական ազգայնականության շրջադարձային կետը` ներմուծելով մի շարք նոր առասպելներ և հասկացություններ հանրային խոսքի մեջ, ինչպիսիք են հանրապետությունը, ժողովրդավարությունը, ազգի ինքնիշխանությունը և աշխարհիկությունը[1][2][3][4]։ Աթաթուրքն իր ելույթում այս հասկացությունները որակեց որպես թուրք ժողովրդի «ամենաթանկարժեք գանձերը», նրա նոր պետության «հիմքերը» և ապագա «գոյության» նախապայմանները[5]։

Բովանդակություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մուսթաֆա Քեմալը սկսում է իր ելույթը՝ նկարագրելով Օսմանյան կայսրության իրավիճակը այն ժամանակ, երբ նա 1919 թվականին հասավ Սամսուն՝ սկսելու Թուրքիայի անկախության պատերազմը։

«Պարոնայք,

Ես 1919 թվականի մայիսի 19-ին ափ իջա Սամսունում։ Այդ ժամանակ այսպիսի դիրքորոշում էր. տերությունների խումբը, որին հարում էր նաև Օսմանյան կայսրությունը, պարտվել է Մեծ պատերազմում։ Օսմանյան բանակը հանձնվել է բոլոր ուղղություններով և կնքվել խիստ պայմաններով զինադադար։ Մեծ պատերազմի տարիներին ժողովուրդը ուժասպառ է եղել և նրանց շրջանում տարածվել է աղքատությունը։ Նրանք, ովքեր իրենց ազգին ուղարկել էին պատերազմի, այժմ փախել են և նրանց միակ անհանգստությունը սեփական բարեկեցությունն է։ Վահդեթինը, ով կրում էր սուլթան և խալիֆա տիտղոսները, այլասերվեց. նա միայն երազում է իր փրկության ուղիների մասին։ Դամաթ Ֆերիթ փաշայի մեծ վեզիրության տակ գտնվող կառավարությունը, առանց պատվի, վախեցած և ապաշնորհ, սուլթանի հրամանատարությամբ և նրա հետ նույն նավակում, պատրաստ է ընդունելու ամեն ինչ հանուն իրենց կյանքի փրկության»։

«Անտանտի տերությունները հարկ չհամարեցին հարգել զինադադարի պայմանները։ Տարբեր պատրվակներով նրանց մարտիկներն ու զորքերը մնացին Ստամբուլում։ Ադանայի վիլայեթը գրավեցին ֆրանսիացիները, Ուրֆան, Մարաշը, Այնթափը, Անթալիան և Կոնիան՝ իտալացիները, մինչդեռ Մերզիֆոնում և Սամսունում անգլիական զորքեր էին։ Օտարերկրյա սպաներն ու պաշտոնյաները և նրանց հատուկ գործակալները շատ ակտիվ էին ամեն տեղ։ Վերջապես, մայիսի 15-ին հունական բանակը Անտանտի տերությունների համաձայնությամբ,հասավ Իզմիր»[6]։

Նա պնդում է, որ Օսմանյան կայսրությունը 1919 թվականին կնքում էր իր մահկանացուն։ Ժողովուրդն ու բանակը հավատարիմ են մնում սուլթանին, ով մեղավոր էր դավաճանության մեջ։ Իսկ ժողովուրդը հավատարիմ էր միայն իր դարավոր ավանդույթների և դոգմաների շնորհիվ։

«Թշնամական պետությունները նյութապես և հոգեբանորեն հարձակվում էին Օսմանյան պետության վրա և վճռական էին մասնատելու այն։ Սուլթանի և խալիֆի տիտղոսներ կրող անձը ցանկանում էր միայն իր կյանքը փրկել։ Կառավարությունը նույն կերպ էր վարվում։ Ժողովուրդը հեռացավ առանց առաջնորդության։ Սպասում էին մթության մեջ՝ ակնկալելով անհայտ ապագա։ Նրանք, ովքեր սկսեցին հասկանալ սարսափելի իրավիճակը, մտածում էին փրկության ուղիների մասին՝ դիմելով իրենց ծանոթ մեթոդներին։ Բանակը գոյություն ուներ միայն անունով։ Սպաները ուժասպառ էին եղել Մեծ պատերազմից հետո, մինչդեռ նրանց առաջ ստեղծված սարսափելի իրավիճակը պատռում էր նրանց սրտերը, և նրանք դեռ փնտրում էին փրկության ուղիներ։ Այստեղ ես ուզում եմ շեշտել մի կարևոր բան. բանակը և ժողովուրդը բոլորովին անտեղյակ էին սուլթան-խալիֆի դավաճանությունից։ Նրանք կապված էին իրար հետ. այս հաստատություններն իրենց հոգով, մի քանի դարերի ավանդույթի վրա են հիմնված։ Մարդիկ նույնիսկ չէին կարող մտածել իրենց փրկության մասին առանց սուլթան-խալիֆի առաջնորդության»[7]։

Նա պնդում է, որ Թուրքիան կարող է հարգվել այլ տերությունների կողմից միայն այն դեպքում, եթե հասնի անկախության.

«Ես ընդունեցի խոսելու իմ հերթը և բարձրաձայն հայտարարեցի. պարոնայք, իշխանությունն ու ինքնիշխանությունը գիտական բանավեճերով կամ վեճերով չեն տրվում մեկ անձից մյուսին։ Ինքնիշխանությունը բռնի ուժով է վերցվում։ Օսմանցիները բռնությամբ վերցրել են թուրք ժողովրդի ինքնիշխանությունը։ ՈՒզուրպատորները կարողացել են իշխել 600 տարի։ Այսօր թուրք ժողովուրդն իր համար ետ է վերցրել այդ ինքնիշխանությունը։ Սա արդեն իսկ կայացած փաստ է։ Այս մասին ավելին քննարկելու կարիք չկա։ Ցանկալի է, որ այստեղ ներկաները կարողանան ընդունել այս ճշմարտությունը։ Հակառակ դեպքում որոշ ղեկավարներ կընդունեն[8]։

Քննադատելով օսմանյան բնակչության որոշ գերակշռող գաղափարներ՝ կապված օսմանյան պետության շարունակական գոյության հետ, մասնավորապես՝ ամերիկյան կամ բրիտանական պրոտեկտորատ լինելուն, նա բացատրում է իր բացասական վերաբերմունքը և առաջ քաշում թուրքական պետության հիմնադրման իր հիմնավորումը.

«Այժմ, պարոնայք, ես ձեզ կհարցնեմ, թե փրկության համար ի՞նչ որոշում կարելի էր կայացնել նման պայմաններում։ Ինչպես արդեն բացատրեցի, երեք առաջարկություն կարող ենք առաջ քաշել.

1. Պահանջել պաշտպանություն Անգլիայից

2. Ընդունել Ամերիկայի Միացյալ Նահանգները որպես պարտադիր ուժ

Այս երկու առաջարկների հեղինակները նպատակ ունեին Օսմանյան կայսրության ամբողջականության պահպանումը և գերադասեցին այն որպես ամբողջություն դնել մեկ տերության պաշտպանության ներքո, քան թույլ տալ, որ այն բաժանվի մի քանի պետությունների միջև։

3. Երրորդ առաջարկն էր ազատել երկիրը՝ թույլ տալով յուրաքանչյուր շրջանին գործել իր ձևով և իր հնարավորությունների համաձայն։ Այսպես, օրինակ, որոշ շրջաններ, ի հակադրություն բաժանման տեսության, ջանում էին մնալ կայսրության անբաժանելի մասը։ Մյուսները, ովքեր այլ կարծիքի էին, թվում էր, թե կայսրության մասնատումը համարում էին արդեն կայացած փաստ և փնտրում էին միայն իրենց անվտանգությունը։ Իմ վերոհիշյալ բացատրությունները ներառում են այս երեք տեսակի դրույթների հիմնական դրդապատճառները։ Չէի կարծում, որ այս երեք առաջարկներից որևէ մեկը կարող է խելամիտ ընդունվել, քանի որ այն փաստարկներն ու նկատառումները, որոնց վրա հիմնված էին դրանք, անհիմն էին։ Իրականում Օսմանյան կայսրության հիմքերն իրենք այդ ժամանակ փշրվեցին։ Նրա գոյությանը սպառնում էր բնաջնջում։ Օսմանյան բոլոր թաղամասերը գործնականում մասնատվեցին։ Մնում էր միայն հայրենիքը, որը պաշտպանում էր ընդամենը մի բուռ թուրքերի, և այժմ առաջարկվում էր նաև բաժանել այն։ Այնպիսի արտահայտություններ, ինչպիսիք են՝ Օսմանյան կայսրություն, անկախություն, Փադիշահ-խալիֆ, կառավարություն, բոլորն էլ ուղղակի անիմաստ խոսքեր էին։ Ո՞ւմ գոյությունն էր անհրաժեշտ փրկել։ Իսկ ո՞ւմ օգնությամբ։ Իսկ ինչպե՞ս։ Հետևաբար, ո՞րը կարող է լինել լուրջ և ճիշտ լուծում։ Այս պայմաններում հնարավոր էր միայն մեկ բանաձև, այն է՝ ստեղծել նոր թուրքական պետություն, որի ինքնիշխանությունն ու անկախությունն անվերապահորեն կճանաչվեն"[9]։

Այսպիսով Աթաթուրքն ավարտեց ելույթը՝ իր ուղերձը փոխանցելով թուրք երիտասարդներին։

Վերլուծություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Թուրք պատմաբան Հաքան Ուզունի կարծիքով՝ Նութուքը ազգի այն հիմնական արժեքների մարմնացումն է, որն ընդունել է Աթաթուրքը։ Ելույթն անդրադառնում է ազգային միասնության կարևորությանը և՛ ազգային շարժման, և՛ հանրապետության համար։ Ազգային շարժումը, ինքնիշխանության հետապնդման միջոցով անկախության և միասնության հասնելու նպատակով, դա արել է ոչ թե ագրեսիվ, այլ օրինական հիմքի վրա` պաշտպանական դիրքով[10]։

Ըստ թուրք սոցիոլոգ Ֆաթմա Մյուգե Գյոչեքի[11][12][13]՝ ելույթը «ընդունվել է որպես պաշտոնական թուրքական ազգային պատմվածք և պետության կողմից սրբացվել է»։ Գյոչեքը հայտարարել է, որ քանի որ օրենքը քրեականացնում է Աթաթուրքին վիրավորելը, թուրք պատմաբանները չեն կարողացել քննադատորեն վերլուծել ելույթը։ Նա ասաց. «Ակնհայտ է, որ տեքստը սկսում է թուրք ազգի ծնունդը 1919 թվականից՝ այդ ընթացքում 1915 թվականին պետական բռնությունների միջոցով հայերի մահը տեղափոխելով հանրապետական նախապատմության տիրույթ»[14]։

Պատմաբան Մարկ Դեյվիդ Բայերը գրել է.

Ելույթի և Հայոց ցեղասպանության մասին պաշտոնական դիսկուրսի հիմնական թեմաներն են՝ լռությունը, ցեղասպանության ժխտումը, անցյալի բռնության մասին ընդհանուր ամնեզիան (եթե թուրքերին որպես իրական զոհ չներկայացնեն), հանցագործների հետ նույնականացումը, մեծ մարգարեին երբեք կասկածի տակ չդնելը[15]։

Բրիտանացի պատմաբան Փերի Անդերսոնը նշում է, որ «1927 թվականին նրա տված ելույթը, որը դարձավ ազգի պաշտոնական դավանանք, թուլացրեց Խրուշչովի կամ Կաստրոյի ցանկացած ելույթ։ Գովաբանելով իր սեփական ձեռքբերումները, այն տևեց 36 ժամ, հնչեց վեց օր, ի վերջո կազմելով 600 էջ և ռեկորդ սահմանեց ինքնավարության տարեգրության մեջ»[16]։

Ծանոթագրությւոն[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Yelbasi, Caner (2019). The Circassians of Turkey: War, Violence and Nationalism from the Ottomans to Atatürk (անգլերեն). Bloomsbury Publishing. էջ 23. ISBN 978-1-83860-017-4.
  2. Göknar, Erdağ (2013). «Turkish-Islamic Feminism Confronts National Patriarchy: Halide Edib's Divided Self». Journal of Middle East Women's Studies. 9 (2): 32–57. doi:10.2979/jmiddeastwomstud.9.2.32. S2CID 162122141.
  3. Zürcher, Erik Jan (1986). «Young Turk memoirs as a historical source: Kazim Karabekir's Istiklal Harbimiz». Middle Eastern Studies. 22 (4): 562–570. doi:10.1080/00263208608700681.
  4. Dogan, Gazi (2016). The establishment of Kemalist autocracy and its reform policies in Turkey (PhD thesis). abstract.
  5. Morin, Aysel; Lee, Robert. Constitutive Discourse of Turkish Nationalism: Atatürk's Nutuk and the Rhetorical Construction of the "Turkish People". էջ 486.
  6. Alaranta, Toni (2008). «Mustafa Kemal Atatürk's Six-Day Speech of 1927: Defining the Official Historical View of the Foundation of the Turkish Republic» (PDF). University of Turku, Finland. էջ 117.
  7. Alaranta, 2008, էջ 118
  8. Alaranta, 2008, էջ 126
  9. «Mustafa Kemal, Speech to the Congress of the People's Republican Party» (PDF). University of Delaware.
  10. Uzun, Hakan. Atatürk'ün Nutuk'unun İçerik Analizi. Hacettepe University. էջեր 142–149. (PhD Thesis) (In Turkish)
  11. Nahmiyaz, Medi (2018). «Turkey: Greeks and Armenians in History Textbooks (1930–2010)». Multiple Alterities: Views of Others in Textbooks of the Middle East (անգլերեն). Springer International Publishing. էջեր 333–353. doi:10.1007/978-3-319-62244-6_15. ISBN 978-3-319-62244-6.
  12. Mazlish, Bruce (2009). «Global Humanity». The Idea of Humanity in a Global Era (անգլերեն). Palgrave Macmillan US. էջեր 17–29. doi:10.1057/9780230617766_2. ISBN 978-0-230-61776-6.
  13. Galip, Özlem Belçim (2020). New Social Movements and the Armenian Question in Turkey: Civil Society vs. the State (անգլերեն). Springer Nature. էջ 37. ISBN 978-3-030-59400-8.
  14. Göçek, Fatma Müge (2011). «Reading Genocide: Turkish Historiography on 1915». In Suny, Ronald Grigor; Göçek, Fatma Müge; Naimark, Norman M. (eds.). A Question of Genocide: Armenians and Turks at the End of the Ottoman Empire. Oxford University Press. էջեր 42–52. ISBN 978-0-19-979276-4.
  15. Baer, Marc D. (2020). Sultanic Saviors and Tolerant Turks: Writing Ottoman Jewish History, Denying the Armenian Genocide. Indiana University Press. էջ 82. ISBN 978-0-253-04542-3.
  16. Anderson, Perry (2008 թ․ սեպտեմբերի 11). «Kemalism». London Review of Books (անգլերեն). Vol. 30, no. 17. ISSN 0260-9592. Վերցված է 2021 թ․ դեկտեմբերի 9-ին.

Տես ավելին[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Աթաթուրքի ճառ» հոդվածին։