Ագրոօդերևութաբանական դիտարկում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ագրոօդերևութաբանական դիտարկում, ագրոօդերևութաբանական գործոնների, նաև բույսերի աճի ու զարգացման, այգիների, ցանքերի և արոտավայրերի վիճակի դիտարկում[1]։

Մեթոդներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Անցկացվում են դաշտում և օդերևութաբանական հրապարակում (5 x 6 մ)` ընդհանուր մեթոդով։ Օդերևութաբանական հրապարակում ամեն օր (տեղական ժամանակով ժամը 8.00- ին), գետնից 1,5 մ բարձրության վրա տեղադրված հատուկ ջերմաչափերով չափում են օդի շտապ (դիտարկման պահի), օրական առավելագույն և նվազագույն ջերմաստիճանները, որոշում են օդի ջերմաստիճանը հողից 2 սմ բարձրությյան վրա (նվազագույն ջերմաչափով), տեղումների քանակը (տեղումնաչափով), ձմռանը` ձնածածկույթի հզորությունը (մշտական ձողաքանոնով) և գրանցում են մթնոլորտային երևույթները։ Դաշտերում նշում են մշակաբույսերի զարգացման փուլի սկսվելը, բույսերի վնասվելն օդերևութաբանական երևույթներից, հողի վերին շերտի խոնավացման աստիճանը, գարնանը` վարելահողի ջերմաստիճանը։ Ձմռանը կատարում են ձնաչափ նկարահանումներ և վերցնում են աշնանացան բույսերի նմուշներ` նրանց կենսունակությունը որոշելու համար։

Օդերևութաբանական դիտարկումները Հայաստանում[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայաստանում առաջին օդերևութաբանական դիտարկումները կատարվել են 1840-ական թթ-ից՝ Գյումրիում (1843) և Երևանում (1844) բացված կայաններում։ Սակայն ոլորտը պատշաճ զարգացում ապրել է միայն խորհրդային իշխանության տարիներին։ 1938-ին Երևանում բացվել է 1-ին մասնագիտացված ագրոօդերևութաբանական կայանը, հրատարակվել Հայաստանի կլիմայի մասին 1-ին աշխատությունը և ջրագրական տարեգիրքը։ 1962-ին գործել են 82 օդերևութաբանական կայաններ, 46 օդերևութաբանական և 63 ջրագրական դիտակետեր։ Ներկայում ՀՀ-ում Ագրոօդերևութաբանականներ և համապատասխան կանխատեսումներ կատարում է Հայաստանի հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի պետական ծառայությունը։ Գործում են Երևանի մասնագիտացված ագրոօդերևութաբանական կայանը, ցանցի 37 կայաններ և 2 դիտակետեր, որոնցով իրականացվում է շուրջ 30 մշակաբույսերի՝ նաև խոտհարքներում և արոտավայրերում, դիտարկումներ։ Ագրոօդերևութաբանականման տվյալները՝ ամփոփագրերի տեսքով, տրվում են մարզպետարանների համապատասխան վարչություններին։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Օդերևութաբանական կայան

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Գյուղատնտեսական հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։