Ագրոքիմիական լաբորատորիա
Ագրոքիմիական լաբորատորիա, հաստատություն, որտեղ կատարվում են պարարտանյութերի, պեստիցիդների, կերերի, հողի քիմիական բաղադրության որոշում և գյուղատնտեսական մթերքների որակի ուսումնասիրություն։
Նկարագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գործում են ուսումնական ագրոքիմիական լաբորատորիաներ՝ գյուղատնտեսական ուսումնական հաստատություններին կից, գիտահետազոտական և արտադրական ագրոքիմիական լաբորատորիաներ` գյուղատնտեսական գիտահետազոտական ինստիտուտներին և փորձարարական կայաններին կից։
Գործառույթներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Գյուղատնտեսության ագրոքիմիական սպասարկումը կատարում են հիմնականում գյուղատնտեսական գիտահետազոտական ինստիտուտներին և փորձարարական կայաններին կից կազմակերպված քիմիացման նախագծաորոնողական կայանների ագրոքիմիական լաբորատորիաները։ Ագրոքիմիական հոսքային վերլուծությունների կատարման համար լաբորատորիաներն ապահովված են ժամանակակից սարքավորումներով։ Զանգվածային վերլուծությունները կատարվում են բոլոր ագրոքիմիական լաբորատորիաներում՝ միևնույն խիստ ստանդարտ եղանակներով։ Ագրոքիմիական լաբորատորիաներում կատարվում են պարարտանյութերի արտադրական փորձարկումներ, իրենց գործունեության գոտում ընդհանրացնում են ագրոքիմիական սպասարկման աշխատանքների արդյունքները, ստուգում են պարարտանյութերի ճիշտ փոխադրումը, պահպանումն ու օգտագործումը, տարածում են ագրոքիմիական գիտելիքներ։ Ագրոքիմիական լաբորատորիաների հողերի վերլուծության տվյալների և փորձերի արդյունքների հիման վրա կազմվում են ագրոքիմիական քարտեզագրամներ, հաստատվում են պարարտանյութերի կիրառման տեխնոլոգիաները և որոշվում պարարտանյութերի նկատմամբ տնտեսության պահանջները։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Գյուղատնտեսական հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |