Jump to content

Ագրոանտառբարելավում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անտառատափաստանային շրջան

Ագրոանտառբարելավում, անտառտնտեսական միջոցառումների համալիր, որոնք իրականացվում են գյուղատնտեսական մշակաբույսերի վրա բնական գործոնների (երաշտ, չորահողմ, հողի էրոզիա և մշակաբույսերի բերքատվությանը խանգարող անբարենպաստ ազդակներ) բացասական ազդեցության նվազեցման նպատակով։ Հիմնված է անտառի հողապաշտպան, ջրակարգավորիչ և այլ պաշտպանական հատկանիշների վրա։ Իրականացվում է դաշտապաշտպան անտառաշերտերի ստեղծմամբ[1][2]։

Կիրառական նշանակություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ագրոանտառբարելավումը բարերար ազդեցություն է ունենում կլիմայի և հողի վրա, մասամբ կանոնավորում է տեղումների քանակը, շրջապատի հողի ու գետերի ջրային ռեժիմը, բարձրացնում օդի հարաբերական խոնավությունը, նվազեցնում քամիների վնասակար ազդեցությունը, արգելակում հողի էրոզիան, ամրացնում ավազուտները։ Իրականացվում է դաշտապաշտպան անտառաշերտերի ստեղծմամբ։

Լեռնային շրջաններում ագրոանտառբարելավում զուգակցվում է խոտացանությամբ և ջրատեխնիկական կառույցներով[3]։

Անտառբարելավման շրջաններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ անտառաճեցման պայմանների' տարածքը բաժանվում է անտառբարելավման շրջանների (ագրոանտառբարելավման շրջանացում), որի հիմքում դրվում են հողակլիմայական, ջրաբանական, երկրաբանական, տեղագրական գործոնները և գյուղատնտեսական ուղղվածությունը։ Շրջանացումն օգտագործում են ագրոանտառբարելավման միջոցառումների նախագծման, ծառաթփային տեսակաշարի ընտրության, անտառաշերտերի հիմնադրման, դրանց մշակման ագրոտեխնոլոգիական միջոցառումների պլանավորման նպատակներով։

Ագրոանտառբարելավումը Հայաստանում[խմբագրել | խմբագրել կոդը]

ՀՀ-ում ագրոանտառբարելավումը սկսվել է 1926 թվականից։ Ագրոանտառբարելավման աշխատանքներ են կատարվել Կոտայքի մարզի Ողջաբերդ և Գառնի գյուղերի շրջակայքում, Արագածոտնի և Սյունիքի մարզերի էրոզիայի ենթարկված լեռնալանջերի և Սևանի ջրերից ազատված ավազուտների վրա։

Ագրոանտառբարելավումը նաև անտառաբուծության բնագավառ է, որն ուսումնասիրում է անտառտնկարկների միջոցով գյուղատնտեսական հողահանդակների արդյունավետության բարձրացման տեխնոլոգիական և կազմակերպական հարցեր։ Ըստ Հայկական սովետական հանրագիտարանի, 1965-1968 թվականին ստեղծվել են 14,9 հազար հա անտառային զանգվածներ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Agroforestry». www.fao.org. Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ նոյեմբերի 4-ին. Վերցված է 2022 թ․ փետրվարի 26-ին.
  2. «What is agroforestry?». www.aftaweb.org (բրիտանական անգլերեն). Վերցված է 2018 թ․ ապրիլի 29-ին.
  3. «National Agroforestry Center». USDA National Agroforestry Center (NAC).
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։