Ագրոանտառաբարելավում
Ագրոանտառաբարելավում, անտառատնտեսական միջոցառումների համալիր։
Նպատակն է մասնակիորեն վերացնել գյուղատնտեսական բույսերի վրա բացասաբար ազդող բնական գործոնները։ Իրականացվում է դաշտապաշտպան անտառաշերտերի ստեղծմամբ։ Ագրոանտառաբարելավում բարերար ազդեցություն է գործում կլիմայի և հողի վրա, կանոնավորում է տեղումների քանակը, շրջապատի հողի ու գետերի ջրային ռեժիմը, բարձրացնում օդի հարաբերական խոնավությունը, նվազեցնում քամիների վնասակար ազդեցությունը, արգելակում հողի Էրոզիան, ամրացնում ավազուտները։
Լեռնային շրջաններում ագրոանտառաբարելավում զուգակցվում է խոտացանությամբ և հիդրոտեխնիկական պարզ կառույցներով։
Հայաստանում ագրոանտառաբարելավում սկսվել է 1930-ական թվականներին[փա՞ստ]։ Ագրոանտառաբարելավման աշխատանքներ կատարվեցին Ողջաբերդ-Գառնի զանգվածում, Ապարանի և Սիսիանի շրջանների՝ Էրոզիայի ենթարկված, լվացված լեռնալանջերի, ինչպես նաև Սևանի ջրերից ազատված ավազուտների վրա։
Ըստ Հայկական սովետական հանրագիտարանի, 1965-1968 թվականին ստեղծվել են 14,9 հազար հա անտառային զանգվածներ։
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 59)։ ![]() |