Ագրարային ռեֆորմ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ագրարային ռեֆորմներ, տիրապետող քաղաքական իշխանության ձեռնարկումներ, նպատակն է փոփոխել ագրարային հարաբերությունները

Ագրարային ռեֆորմների սոցիալական բնույթը որոշվում է արտադրաեղանակով։ Առաջին համաշխարհային պատերազմից հետո Լեհաստանում, Հունգարիայում, Ռումինիայում և մի շարք այլ երկրներում կատարված ռեֆորմները հիմնական գծերով հիշեցնում էին ստոլիպինյան ռեֆորմը։ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո ժողովրդա-դեմոկրատական երկրներում Ագրարային ռեֆորմները վերացրին կալվածատիրական հողատիրությունը և հիմք ստեղծեցին գյուղատնտեսության սոցիալիստական վերափոխության համար։ Այդտեղ հողը (բացի ՄԺՀ-ից) մասամբ ազգայնացվեց։ Աշխատավոր գյուղացիությանը տրվեցին կալվածատերերից ու կուլակային խոշոր տնտեսություններից բռնագրավված հողերը։ Հետագայում պետական-հողատիրական տնտեսություննեի և գյուղացիական արտադրական կոոպերացիայի հիման վրա գյուղում առաջ եկան սոցիալիստական արտադրական հարաբերություններ։ Ետպատերազմյան տարիներին Ագրարային ռեֆորմների մի շարք կապիտալիստական երկրներում (Ճապոնիայում՝ 1946-49-ին, Իտալիայում՝ 1950) ուղի հարթեցին գյուղատնտեսության մեջ կապիտալիզմի ավելի արագ զարգացման համար։ Զարգացող երկրներում, որտեղ գյուղատնտեսությունը ազգային էկոնոմիայի կարևորագույն ճյուղն է, Ագրարային ռեֆորմները սերտորեն միահյուսվում են իմպերիալիզմի, նեոգաղութակալության դեմ մղվող պայքարին։ Ագրարային ռեֆորմները որպես համադեմոկրատական վերափոխումների կենտրոնական խնդիր, ըստ էության, որոշում են բնակչության հիմնական զանգվածների դիրքորոշումը ազգային-ազատագրական հեղափոխության մեջ։ Գաղութակալությունից ազատագրված շատ երկրներում իշխանության գլուխ կանգնած ազգային բուրժուազիան, գյուղացիական շարժման ճնշման ներքո, ձեռնամուխ է եղել Ագրարային ռեֆորմին։ Սակայն ռեֆորմը ոչ մի երկրում դեռ չի ավարտվել։ Առաջացել է բարդ, անցման տիպի բազմաձև տնտեսություն, որտեղ հիմնականը մանրապրանքային տնտեսությունն է, իսկ առաջատարը՝ կապիտալիստականը։ Նման պայմաններում գյուղական բուրժուազիան հավաքագրվում է և՛ ֆեոդալական-կալվածատիրական միջավայրից, և՛ գյուղացիական վերնախավից։ Գյուղի ինքնագործ բնակչության հիմնական մասը կիսապրոլետարները և պրոլետարներն են։ Թեև ֆեոդալական հարաբերություններն այլևս տիրապետող չեն, հողագործական կապիտալիզմը դեռևս գտնվում է նախնական կուտակման փուլում, գյուղատնտեսության մեջ արդյունաբերական հեղաշրջումը միայն սկսվում է։ Այսպիսով Ագրարային ռեֆորմի թափը զարգացող երկրներում պայմանավորված է ազգային-ազատագրական հեղափոխության ընթացքով։

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC-BY-SA-icon-80x15.png