Ագրարային ճգնաժամ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Ագրարային ճգնաժամեր, գերարտադրության ճգնաժամեր կապիտալիստական գյուղատնտեսության մեջ

Բնութագրվում են գյուղատնտեսական ապրանքների չիրացված պաշարների կուտակման, մանր ու միջին ապրանքարտադրողների քայքայման և ունեզրկման պրոցեսի արագացմամբ, ագրարային գերբնակչության ավելացումով, ֆերմերների եկամտի և գյուղատնտեսական բանվորների աշխատավարձի կրճատմամբ: Արդյունաբերական ճգնաժամերի համեմատությամբ Ագրարային ճգնաժամերն ունեն իրենց առանձնահատկությունները, ավելի տևական են (1873-ին Արևմտյան Եվրոպայում և Ռուսաստանում, ապա ԱՄՆ-ում բռնկված Ագրարային ճգնաժամը շարունակվեց մինչև 90-ական թթ. կեսերը): Ագրարային շգնաժամերն ազդում են կապիտալի շրջանառության ցիկլի վրա՝ երկարաձգելով արդյունաբերական ճգնաժամերը և լճացումը: Ընկնում են գյուղատնտեսական ապրանքների գները, վերանում է ռենտայի սովորական աղբյուրը(գերշահույթը): Ռենտան վճարվում է գյուղատնտեսական բանվորների աշխատավարձի, միջին շահույթի հաշվին, որն ավելի է երկարաձգում ագրարային ճգնաժամը: Նրանց տևականության վրա ազդում են նաև բնական պայմանների առանձնահատկությունները: Պետական-մոնոպոլիստական կապիտալիզմի ժամանակ պետությունը ձեռնարկում է հակաճգնաժամային միջոցառումներ՝ ձգտելով սահմանարձակել գյուղատնտեսական արտադրությունը և պահպանել գների մակարդակը: Սակայն գյուղատնտեսական ապրանքների գների մակարդակը պահպանելու քաղաքականությունը դանդաղեցնում է արտադրությունը կրճատելու պրոցեսը: Խոշոր տնտեսությունները միջոցներ ստանալով պետությունից ինտենսիվացնում են գյուղատնտեսական արտադրությունը: ԱՄՆ-ում 1965-ին՝ 1950-ի համեմատությամբ ցանքատարածությունները կրճատվել են 11%-ով, բայց հեկտարի միջին բերքատվությունն աճել է 46%-ով: Շարունակվում է ապրանքային ավելցուկների կուտակումը, նվազում են ֆերմերների եկամուտները, ուժեղանում է մանր ու միջին ֆերմերային ու գյուղացիական տնտեսությունների քայքայումը: 
Զարգացած կապիտալիստական երկրներում գյուղատնտեսության տեխնիկական հեղաշրջումը բնակչության նվազող գնողականությամբ հանդերձ ուժեղացնում է գերարտադրության ճգնաժամերի տենդենցը: Կապիտալիզմի համաշխարհային շուկան ընդգրկող ագրարային ճգնաժամից մեծապես տուժում են տնտեսության միակողմանի զարգացմամբ երկրները, քանի որ մի կողմից սահմանափակ է նրանց արտահանած ապրանքների ցանկը, մյուս կեղմից, նրանք ստիպված են ցածր գներով վաճառել իրենց արտադրանքը:

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC-BY-SA-icon-80x15.png