Աբրեկ
Աբրեկ, վրեժխնդիր լեռնականի անվանում, որն անցյալում տարածված էր Հյուսիսային Կովկասի լեռնաբնակ ժողովուրդների մեջ։
Աբրեկությունը ցարիզմի նվաճողական գործողությունների, գաղութային շահագործման և ագրարային քաղաքականության հետևանք Էր, որը նպատակ ուներ, հենվելով լեռնցիների շահագործող դասի վրա, ճնշել բնիկ ժողովուրդների ազգային-ազատագրական պայքարը և նվաճած հողերը տրամադրել Ռուսաստանից գաղթած կազակներին։ Տեղի գյուղացիության և նորաբնակների միջև թշնամությունը տևել է մինչև ցարիզմի անկումը։
Աբրեկի ձգտումն էր՝ չենթարկվել ցարիզմին և ետ վերցնել զավթած հողերը։ Հռչակված աբրեկներ էին լեռնականների մասսայական շարժման ղեկավարներ Շամիլը և Զելիմխանը։ Հյուսիսային Կովկասի ժողովուրդների տնտեսական և կուլտուրական կյանքի սոցիալիստական վերափոխության շնորհիվ աբրեկությունը իսպառ վերացավ։
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 44)։ |