Cherchez la femme

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Իդալիա Պոլետիկա

Շեռշե լա ֆամ (ֆր.՝ Cherchez la femme, [ʃɛʁʃe la ˈfam]), ֆրանսերեն արտահայտություն, որը բառացիորեն նշանակում է «Փնտրեցե՛ք կնոջը»։ Օգտագործվում է այն դեպքում, երբ տղամարդն իրեն տարօրինակ է պահում, կամ նրա արարքների դրդապատճառն անհայտ է, իսկ դրա պատճառները կարող են լինել կնոջ հետ ապօրինի հարաբերությունները քողարկելու, կնոջ վրա տպավորություն թողնելու կամ նրա բարեհաճությանն արժանանալու փորձերը։ Այսինքն` այս արտահայտությունն օգտագործողի կարծիքով` առաջին հայացքից անբացատրելի թվացող հանցագործության կամ տարօրինակ արարքների պատճառը կինն է։

Արտահայտությունը հանդիպում է Ալեքսանդր Դյումա Հոր` 1854 թվականի «Փարիզի մոհիկանները» վեպում, որի հերոսներից մեկը` Փարիզի ոստիկանության ծառայողը, սիրում էր կրկնել.

Cherchez la femme, pardieu ! cherchez la femme !
- Փնտրեցե՛ք կնոջը, Աստված վկա։ Փնտրեցե՛ք կնոջը։

Արտահայտությունը վեպում կրկնվում է մի քանի անգամ։ Դյուման արտահայտությունն օգտագործել է նաև 1864 թվականին գրված համանուն պիեսում, որում ասվում է.

Il y a une femme dans toutes les affaires ; aussitôt qu'on me fait un rapport, je dis : «Cherchez la femme ! »
- Ցանկացած դեպքում կա կին. հենց ինչ-որ մեկն ինձ զեկուցագիր է բերում, ես ասում եմ` «Փնտրեցե՛ք կնոջը»։

Դյումայի այս արտահայտությունն իրոք պատկանում է ֆրանսիական ոստիկանության հայտնի պաշտոնյա Անտուան դը Սարտինին (1729-1801)։ Դը Սարտինն իր հերթին վերաձևակերպել էր հռոմեացի բանաստեղծ Յուվենալիսի միտքը, որի 6-րդ սատիրայում ասվում է. «Հազիվ թե գտնվի դատական մի հայց, որում վեճի պատճառը կինը չլինի»։

Հայկական իրականության մեջ արտահայտությունն օգտագործվել է «Հարսնացու հյուսիսից» ֆիլմում[1]։ 2011 թվականից ի վեր ցուցադրվում է դերասան Նարեկ Դուրյանի համանուն ներկայացումը[2]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Ищите женщину / Cherchez la femme / Происхождение слов». www.koryazhma.ru. Վերցված է 2021 թ․ սեպտեմբերի 1-ին.
  • «Педагогика общеобразовательной школы». web.archive.org. 2015 թ․ նոյեմբերի 17. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ նոյեմբերի 17-ին. Վերցված է 2021 թ․ սեպտեմբերի 1-ին.