Դեցիմուս Յունիուս Յուվենալիս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից


Դեցիմուս Յունիուս Յուվենալիս (լատ.՝ Decimus Junius Juvenalis, մոտ 60 — մոտ 130), հռոմեացի խոշոր բանաստեղծ երգիծաբան, հինգը գրքում ամփոփված թվով 16 սատիրաների հեղինակ: Յուվենալիսի սատիրաների մեջ արտացոլված է Ներոնից մինչև Հադրիանոս կայսեր գահակալության ժամանակաշրջանի իրողությունները: Դրանցում հեղինակը ծաղրում ու մերկացնում է իր ժամանակի հասարակական կյանքի հոռի կողմերը:

Սկսել է գրել Դոմիցիանոս կայսեր մահից չորս տարի հետո, այսինքն շուրջ 100 թվականից: Առաջին սատիրան գրել է 101 թ. ոչ վաղ, իսկ 16 սատիրան` շուրջ 128թ., երբ հռոմեական գահին Հադրիանոս կայսրն էր:

Առաջին ինը սատիրաները (1-3 գրքերը), աչքի են ընկնում իրենց սրությամբ, 10-16 սատիրաները (գիրք 4 և 5) չունեն առաջին իննի երգիծական թափն ու ուժգնությունը, դրանք առավելապես փիլիսոփայական, բարոյախոսական բնույթ են կրում, դաստիարակչական-խրատական խոհեր են:

Նրա սատիրաները հագեցված են չարությամբ ու դառնությամբ` ուղղված առավելապես հռոմեական հարուստ խավի ներկայացուցիչներին, այլասերված վերնախավին: Նա խարազանում է աներկյուղ, նրա ծաղրը դառն է ու սպանիչ: Շարադրման արտակարգ սուր ոճին և բնուրույն սարկազմին միանում են չափազանցությունները, օրինակները դիցաբանությունից, ճարտասանական հարցումները, վառ պատկերները, համեմատությունները, որոնք սատիրաների կառուցվածքն օժտում են յուրահատուկ արտահայտչականությամբ և հետաքրքրությամբ:

Աղբյուրներ [խմբագրել]

  • Ա. Առաքելյան, Հռոմեական գրականության պատմություն, Երևան, 1975: