Օրագիր Կ․ Պոլսո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Օրագիր Կ․ Պոլսո
Տեսակպարբերական
Լեզուհայերեն
Հիմնադրվել է1868

«Օրագիր Կ․ Պոլսո», քաղաքական, ազգային-առևտրային օրաթերթ։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Լույս է տեսել 1868-1878 թվականներին Կ. Պոլսում՝ հայերեն և հայատառ թուրքերեն (1868 թվականին կոչվել է «Օրագիր», 1876 թվականին՝ «Նորագիր», 1877-1878 թվականներին՝ «Նոր դար»)։ Եղել է «Ծիլն Աւարայրի» (1866–67) և «Օրագիր Ծիլն Աւարայրի» (1868, երկուսն էլ՝ խմբագիր՝ Մարկոս Աղաբեկյան) թերթերի շարունակությունը։

Խմբագիր-տնօրեններն են եղել Օգսեն Խոճասարյանը, Հակոբ Խանճյանը։

Պարբերականը դավանել է սահմանադրական-միապետական սկզբունքներ, սպասվելիք ազատության բարեփոխումների շրջանում մեծ տեղ է հատկացրել Օսմանյան կայսրությունում քրիստոնյա ժողովուրդների վիճակի բարելավման, ներքին ինքնորոշման և կառավարման մեթոդների կարգավորման հարցերին։ Պարբերականը ներկայացրել է արևմտահայության ծանր կացությունը, նրա վիճակի բարվոքումը կապել թուրքական կառավարության բարենորոգիչ ձեռնարկների և երկրագործական ընկերությունների գործունեության հետ։ Անդրադարձել է արևմտահայերի սահմանադրական ժողովների ընթացքին, որի շուրջ բանավիճել է «Մանզումէի Էֆքեարի», «Մեղուի», «Թատրոնի» հետ։ Պաշտպանել է Թուրքիայում սահմանադրական միապետություն հաստատելու, ժողովուրդներին սահմանադրական ազատություններ շնորհելու գաղափարը։

«Նոր դար» պարբերականը հայ ժողովրդի ապահովությունը պայմանավորել է միապետների մարդասիրական քաղաքականությամբ և այդ պատճառով դրվատանքի խոսքեր է ուղղել Ռուսաստանի կայսրին՝ ճորտատիրության վերացման կապակցությամբ։

Տպագրել է նաև բանասիրական նյութեր ու հաղորդագրություններ, անդրադարձել ազգային և եվրոպական գրականության նորություններին։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ գրատպություն և գրքարվեստ» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։