Քսենյա Պետրովա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քսենյա Պետրովա
ռուս.՝ Петрова, Ксения Семёновна
Ծնվել է1892
ԾննդավայրԲուգուռուսլան, Սամարայի նահանգ, Ռուսական կայսրություն
Վախճանվել է1942
Վախճանի վայրԿլյավլինսկի շրջան, Սամարայի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Մասնագիտությունբանաստեղծուհի, դրամատուրգ և գրող
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Ռուսական կայսրություն

Քսենյա Սեմյոնովնա Պետրովա (1892, Բուգուռուսլան, Սամարայի նահանգ, Ռուսական կայսրություն - 1942, Կլյավլինսկի շրջան, Սամարայի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), էրզիացի բանաստեղծուհի, գրող, դրամատուրգ, մանկավարժ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Քսենյա Սեմյոնովնա Պետրովան ծնվել է 1892 թվականին Սամարայի նահանգի Բուգուռուսլան քաղաքում՝ անհող բատրակի ընտանիքում։ Դպրոցում նրան հաջողվել է սովորել ընդամենը երեք ամիս և գրագիտություն ստացել է ինքնաուսուցման կարգով։ 1919 թվականին էքստեռն կարգով հանձնելով ուսուցչի կոչման քննությունները՝ դասավանդել է դպրոցում, ակտիվորեն մասնակցել մեծահասակների շրջանում անգրագիտության վերացմանը։ Քաղաքացիական պատերազմի տարիներին Բուգուռուսլան գավառում մարտնչել է սպիտակգվարդիականների և չեխոսլովակյան ապստամբների դեմ և ծանր վիրավորվել։

1920 թվականին եղել է Բուգուռուսլան գավառի ժողովրդական կրթության բաժնի վարիչը։ 1921 թվականին իրականացրել է մշակութա-լուսավորչական աշխատանքներ Մոսկվայի գլխավոր քաղաքական լուսավորության մորդովական բաժնում, միաժամանակ համարվել է Ազգային Ժողկոմի հրահանգիչ։ 1923 թվականին վերադառնալով Սամարայի նահանգ՝ աշխատել է որպես Ստարո-Բուրյանսկի շրջանի Բինարադկա գյուղի յոթամյա դպրոցի վարիչ։ 1926-1932 թվականներին մայրենի լեզու է դասավանդել Մալո Տոլկայսկի մանկավարժական տեխնիկումում։ Այդ տարիներին եղել է դրամատիկական խմբակի և ուսանողական ինքնագործ թատրոնի ղեկավարը։ Բուգուռուսլանի գավառը վաղուց եղել է էրզյան ազգային մշակույթի և գրականության ձևավորման կարևոր կենտրոններից մեկը[1][2]։

Այստեղից գրականություն են եկել մեծ խումբ գրողներ, գիտնականներ և բանաստեղծներ, որոնցից են Պ. Ս. Կիրիլովը, Տ. Ա. Ռապտանովը, Վասիլի Ռադաևը, Արթուր Մորոն, Ա. Մ. Լուկյանովը, ինչպես նաև հայտնի էրզյան գրողներ և հեքիաթասացներ Ա. Ս. Ժուրավլյովը, Կ. Գ. Բատաևը, Ի. Պ. Նովոկաևը, Ե. Պ. Բուզուևը, Յա. Վ. Գուբերնսկին, Ի. Պ. Վերխովցեվը, Սերաֆիմա Լյուլյակինան։

Այդ ժամանակների Մորդովիայի բազմաթիվ էրզյան երիտասարդ գրողների, բանաստեղծների և մշակույթի գործիչների կայացման գործում մանկավարժական անձնվեր գործունեությամբ իր մասնակցությունն է ունեցել նաև Քսենյա Պետրովան։ 1932 թվականին տեղափոխվել է Սարանսկ, մայրենի լեզու և գրականություն դասավանդել Կոմվուզում և խորհրդային կուսակցական դպրոցում, կատարել գիտահետազոտական աշխատանքներ։

1936-1942 թվականներին աշխատել է Կույբիշևի մարզի Կլյավլինսկի շրջանի Ստարիե Սոսնա գյուղում` որպես ուսուցիչ։ Գրական գործունեությունը սկսել է բանաստեղծություններ և պիեսներ գրելով (1926):

Մահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Քսենյա Պետրովան մահացել է 1942 թվականին։ Թաղված է Կույբիշևի մարզի Կլյավլինսկի շրջանի Ստարիե Սոսնա գյուղում։

Աշխատություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

1926 թվականին «Якстере теште» («Կարմիր աստղ») թերթում լույս է տեսնում «Оля» («Ազատություն») բանաստեղծությունը։ Հետագա տարիներին բանաստեղծությունները լույս են տեսնում «Սյատկո» ամսագրում։ 1932 թվականին այդ ամսագրում լույս է տեսնում «Гайги вирь» («Զրնգուն անտառը») բանաստեղծությունը։ Բանաստեղծական գործերն աչքի էին ընկնում արդիականությամբ և հրատապությամբ, բայց դրանք կատարյալ չէին արվեստի առումով, այդ իսկ պատճառով էլ 20-30-ական թվականների մորդովական պոեզիայում վառ հետքեր չեն թողել։

Պետրովայի իրական կոչումը դրամատուրգիան էր։ Նրա բազմաթիվ պիեսներից հատկապես գեղարվեստական մեծ արժեք է ներկայացնում «1921 թվական» դրաման, որը պատմում է Պովոլժիեում նոր կյանքի կառուցման դժվարությունների, սովի և ավերածությունների մասին։ 1933 թվականին «Սյատկո» ամսագրում տպագրվում է «Кода сынь глушасть» («Ինչպես էին նրանց ծաղրում») պիեսը, որը նվիրված է Մորդովիայի բնակչության մասնակցությանը 1905-1907 թվականների հեղափոխությանը։ «Кизэнь ве» («Ամառային գիշեր» ) դրամայի սյուժեի հիմքում ընկած են Սամարայի նահանգում քաղաքացիական պատերազմի իրադարձությունները։

Դրամատիկական տաղանդն առավել մեծ ուժով է դրսևորվում «Ташто койсэ» («Հին ձևով», 1932) պիեսում։ Իր ժանրով այն համարվում է սոցիալ- կենցաղային դրամա, որտեղ հեղինակը բացահայտում է այն խնդիրների խորը սոցիալական իմաստը, որոնք բնորոշ են մինչհեղափոխական Ռուսաստանին։

Նվաճումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Քսենյա Պետրովայի կողմից մշակված էրզյան լեզվի քերականությունը երկար տարիներ դասավանդվում էր էրզյան դպրոցներում։ 1938 թվականից Գրողների միության անդամ է։

Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պոեմ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Гайги вирь» (1932)

Դրամատուրգիա[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «1921-й год»
  • «Кизэнь ве» (1932)
  • «Ташто койсэ» (1932)
  • «Кода сынь глушасть» (1933)
  • «Чопуда вий» (1933)

Գրքեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Кизэнь ве» (1932)
  • «Чопуда вий» (1933)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ксения Семёновна Петрова. Чачома чистэнзэ 115 иетненень. // Сятко.-2007.- №12.- С. 66-68. ISSN 0207-1894
  2. Мордовия. Кто есть кто. Энциклопедический словарь-справочник. - Ульяновск, 1997. - с.317

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]