Փոքրիկ Ալբերտ (գիտափորձ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Այժմ նա վախենում է անգամ Ձմեռ Պապից

«Փոքրիկ Ալբերտ», հայտնի հոգեբանական փորձարկում, իրականացվել է հոգեբան բիհեյվորիստ Ջոն Բ. Ուոթսոնը և ասպիրանտ Ռոզալի Ռայները։ Նախկինում ռուս ֆիզիոլոգ Իվան Պավլովը անցկացրել էր «Պայմանական և ոչ պայմանական ռեֆլեքսների» ուսումնասիրությունը։ Ուոթսոնը հետաքրքրված էր Պավլովի տեսությամբ և ցանկանում էր ցույց տալ, որ մարդիկ նույն կերպ կարող են հակազդել տարբեր խթաններին։

Գիտափորձ[խմբագրել | խմբագրել կոդը]

Փորձարկման մասնակիցը երեխա էր, ում նրանք անվանում էին «Ալբերտ Բ»։ Վերջինս, սակայն, առավել հայտնի էր որպես Փոքրիկ Ալբերտ։ Ուոթսոնի և Ռայների նպատակն էր հոգեպես կայուն երեխայի մոտ առաջացնել ֆոբիաներ[1]։ Մոտ ինն ամսականում նրանք երեխային նստեցնում էին սեղանի կենտրոնում և նրան տալիս սպիտակ առնետ, ում հետ էլ երեխան խաղում էր։ Այն պահին, երբ երեխան դիպչում էր առնետին, Ուոթսոնը մուրճով հարվածում էր մետաղե խողովակին, բարձր աղմուկ առաջացնելով։ Բազմաթիվ անգամներ փորձը կրկնելուց հետո Ալբերտը սկսում էր լաց լինել առնետին պարզապես տեսնելիս։ Այսպիսով, առնետը, սկզբնապես չեզոք խթան լինելով, դառնում է պայմանական խթան[2]։

Հետագա փորձարկումների արդյունքում Ալբերտը սկսեց վախենալ նաև այլ սպիտակ մորթե կենդանիներից և անգամ իրերից։ Օրինակ` նապաստակից, շնից և Ձմեռ պապի մորուքից։

Քննադատություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Չնայած որ «Փոքրիկ Ալբերտը» հոգեբանության ամենահայտնի փորձարկումներից է և ընդգրկված է բոլոր հոգեբանության դասընթացներում, այն նաև խստորեն քննադատվել է տարբեր պատճառներով։ Նախ, փորձարկումը մանրամասնորեն նախագծված չէր։ Ուոթսոնը և Ռայները, երեխայի ռեակցիաները գնահատելիս, հիմնվում էին իրենց սուբյեկտիվ կարծիքի վրա։ Բացի այդ «Փոքրիկ Ալբերտ» փորձարկումը էթիկայի խնդիրներ էր հարուցում։ Այսպիսի մեկ այլ փորձարկում մեր օրերում կարգելվեր անցկացնել։

Հետագայում Ուոթսոնը մշակել է միջոցներ Ալբերտի վախերը հաղթահարելու համար, սակայն այդպես էլ չի կարողացել դրանք իրագործել։ Մեծ հավանականությամբ Ալբերտի վախերն իրեն ուղեկցել են ողջ կյանքի ընթացքում[3]։

Ալբերտի ճակատագիր[խմբագրել | խմբագրել կոդը]

Թե ինչ է իրականում տեղի ունեցել Ալբերտի հետ, մինչ վերջերս մնում էր անհայտ։ Նա մոտ մեկ տարեկան էր, երբ ավարտվեցին փորձարկումները[4]։ Հայտնի է միայն, որ նա մոր հետ հեռացել է։

Այնուամենայնիվ, վերջերս Փոքրիկ Ալբերտի իրական անձն ու ճակատագիրը պարզվել են։ Շուրջ յոթ տարի տևած հետաքննությունների արդյունքում հոգեբան Հոլ Փ. Բեքը նշում է, որ տղայի իսկական անունը Դուգլաս Մերիթ է։

Պատմությունն ուրախ ավարտ չի ունեցել։ Դուգլասը մահացել է 1925 թվականի մայիսի տասին հիդրոցեֆալիայից` ուղեղում ջրի կուտակումից։ Նա եղել է ընդամենը վեց տարեկան։ «Մեր հետաքննությունն ավելի երկար տևեց, քան փոքրիկ տղայի կյանքը»,- գրել է Բեքը։

2012 թվականին Բեքը և Ալան Ջ. Ֆրիդլանդը հրապարակեցին, որ Դուգլաս Մերիթը Ուոթսոնի ներկայացրած «առողջ» երեխան չէր։ Մերիթն ի ծնե տառապել է հիդրոցեֆալիայից։ Մինչդեռ Ուոթսոնը դիտմամբ նրա առողջական վիճակը սխալ է ներկայացրել։ Այս տեղեկություններն է՛լ ավելի են մատնանշում այս հայտնի փորձի էթիկական և բարոյական խնդիրները։

2014 թվականին մեկ այլ հետաքննություն կասկածի տակ դրեց Բեքի և Ֆրիդլանդի բացահայտումները։ Ըստ այս նոր տեսության Փոքրիկ Ալբերտի անունը Ուիլյամ Բարգեր էր։ Դուգլասն ու Ուիլյամը ծնվել են նույն օրը, և նրանց մայրերն աշխատել են նույն հիվանդանոցում։ Ուիլյամը երեխայի առաջին անունն է, իսկ Ալբերտը` երկրորդ, որով էլ նա առավել հայտնի է եղել։

Մինչ փորձագետները շարունակում են քննարկել տղայի ինքնությունը, գրեթե կասկած չկա, որ «Փոքրիկ Ալբերտը» հետազոտությունն այլևս չունի նախկին ազդեցությունը հոգեբանության ոլորտում։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Դասական գիտափորձեր (հոգեբանություն)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Hill, G. (2009). AS & A Level Psychology Through Diagrams, pg 27.
  2. Steven Schwartz; Classic Studies in Psychology; Palo Alto: Mayfield Publishing,1986; print.
  3. (Harris, 1979).
  4. Hill, pg 177.

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Beck, H. P., Levinson, S., & Irons, G. (2009). Finding little Albert: A journey to John B. Watson’s infant laboratory. American Psychologist, 2009;64(7): 605-614.
  • Fridlund, A. J., Beck, H. P., Goldie, W. D., & Irons, G. Little Albert: A neurologically impaired child. History of Psychology. doi: 10.1037/a0026720; 2012.
  • Watson, John B. & Rayner, Rosalie. (1920). Conditioned emotional reactions. Journal of Experimental Psychology, 3, 1-14.