Փոխանունություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Փոխանունություն, բառակապակցության մեկ անդամի գործածությունը նաև մյուս անդամի փոխարեն, որտեղ փոխարինող բառն արտահայտում է և՛ իր, և՛ փոխարինված բառի իմաստը։

Այն խոսքին պատկերավորություն հաղորդող ոճական հնարանք է՝ այլաբերության տեսակ։

Փոխանունությունը փոխաբերությունից տարբերվում է նրանով, որ վերջինս կառուցվում է առարկաների և երևույթների արտաքին կամ ներքին նմանությունների հիման վրա, իսկ փոխանանությունը հենվում է նրանց տարբեր առնչությունների, ներքին ու արտաքին կապերի վրա, որոնք պայմանավորված են այդ հասկացությունների միջև եղած կցորդական զուգորդություններով[1]։

Տեսակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Պարունակողը՝ պարունակյալի փոխարեն, ինչպես՝ «Երկու դույլ բերեցին» կապակցությունը «Երկու դույլ ջուր բերեցին» կապակցության փոխարեն, «Թագավորը նրան տվեց խոստացած երկու կոտը», փոխանակ՝ «Թագավորը նրան տվեց խոստացած երկու կոտ ոսկին» կամ «Էս մի բուռն էլ ագռավներին, ծտերին», փոխանակ՝ «Էս մի բուռ կուտն էլ ագռավներին, ծտերին»։
  2. Հեղինակը՝ ստեղծագորոծթյան փոխարեն, ինչպես՝ «Նստած Չարենց էր կարդում, փոխանակ՝ «Նստած Չարենցի ստեղծագործություններն էր կարդում» կամ «Քույրս ամեն օր Մոցարտ է լսում», փոխանակ՝ «Քույրս ամեն օր Մոցարտի ստեղծագործություններն է լսում։
  3. Գործողությունը՝ արդյունքի փոխարեն, ինչպես՝ «Արվեստանոցում հիանալի աշխատանքներ են ստեղծվում։
  4. Նյութը՝ նրանից պատրաստված առարկայի փոխարեն, ինչպես՝ «Մետաքս է հագել», փոխանակ՝ «Մետաքսե զգեստ է հագել»։
  5. Ժամանակը՝ տվյալ ժամանակամիջոցում տեղի ունեցող գործողության, երևույթի, իրադարձության փոխարեն, ինչպես՝ «Այսօր չորս ժամ ունենք», որում ժամը նշանակում է դասախոսություն, գործնական և այլն։
  6. Հատկանիշը՝ առարկայի փոխարեն, ինչպես՝ «Կանաչը ծածկել է ողջ հովիտը», փոխանակ՝ «Կանաչ բուսականությունը ծածկել է ողջ հովիտը»։
  7. Պատկանելություն ցույց տվող առարկան՝ պատկանյալի փոխարեն, ինչպես՝ «Քո գիրքը լաթակազմ է, իմը՝ կաշեկազմ» փոխանակը «Իմ գիրքը՝ կաշեկազմ»։
  8. Քանակական թվականները՝ չափի միավորների և դրանց կապված առարկաների փոխարեն, ինչպես՝ «Երեսուն բնագիր էր կետադրելու, քսանն արդեն արել էր», փոխանակ՝ «Քսան բնագիրն արդեն արել էր»։
  9. Դասական թվականները հաջորդաբար կրկնվող առարկաների փոխարեն, ինչպես՝ «Մայրը հագել էր կապույտ վերարկու, աղջիկը՝ կարմիր, առաջինը կարվել էր արտելում, երկրորդը՝ մասնավոր վարպետի մոտ», որոնց մեջ առաջինը և երկրորդը դասական թվականները փոխարինել են «մոր վերարկուն», «աղջկա վերարկուն» կապակցություններին։
  10. Հետևանքի անվանումը՝ պատճառի անվան փոխարեն և հակառակը, ինչպես՝ «Ամեն անգամ վաճառականը, այդ գեղեցկուհուն տեսնելով, շայլորեն բաց էր անում փողի քսակը», որտեղ «բաց էր անում փողի քսակը» կապակցությունը գործածվել է «փող տալ» արտահայտության փոխարեն։
  11. Տեղը, վայրը՝ մարդկանց փոխարեն, ինչպես՝ «Գյուղ կանգնի, գերան կկոտրի», «Քաղաքը քնած էր խոր լռության մեջ»։
  12. Առարկայի անվանումը՝ առարկան գործածողի անվան փոխարեն, ինչպես՝ «Թուրքական արյունոտ յաթաղանը կտրեց նրան արմատից»[2]։
  13. Առարկայի անունը՝ մասնագիտության անվան փոխարեն, ինչպես՝ «Բավական չէ, հա, որ քո ասեղով պահում ես ամբողջ ընտանիքը»[2]։
  14. Ժամանակը՝ գործողության կամ երևույթի անվան փոխարեն, որը տեղի է ունեցել տվյալ ժամանակահատվածում, ինչպես՝ «Ես չեմ ցանկանում, որ իմ երեխաները տեսնեն այն, ինչ տեսանք մենք այն դժնդակ օրերին։ 1941–ը չպետք է կրկնվի»[2]։
  15. Վերացական անունը՝ թանձրացական անվան փոխարեն, ինչպես՝ «Մենք պետք է հարգենք ծերությունը, աղքատությունը, մայրական սերը և հիվանդությունը, աշխատանքը, վիշտը այն մարդկանց, ովքեր կորցրել են իրենց հարազտներին»[2]։
  16. Վերացական հասկացության անունը՝ ժամանակի անվան փոխարեն, ինչպես՝ «Գիրքը սնում է պատանեկությունը, զվարճացնում ծերությունը, զարդարում երջանկությունը, դժբախտության մեջ մխիթարում, տանը ուրախացնում, դրսում չի խանգարում»[2]։

Գործածություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Այսպիսով՝ փոխանունությունը լրացյալի արտահայտումն է լրացումով։ Ավելի մասնավորելով այդ ընդհանուր սահմանումը՝ կարելի է ասել, որ փոխանունությունը որոշյալի արտահայտումն է որոշիչով կամ հատկացյալի արտահայտումը՝ հատկացուցչով[3]։

Փոխանունությունները լինում են խոսքային–իրադրական և լեզվական։

Խոսքային–իրադրական են այն փոխանունությունները, որոնք կարող են իրացվել միայն տվյալ խոսքի մեջ կամ տվյալ խոսքային իրադրությունում։ Այս փոխանունությունները, որոնք գրեթե անսահմանափակ գործածություն ունեն ժամանակակից հայերենում, լեզվի խնայողության կենսական միջոցներից մեկն են։ Սրանք հնարավորություն են տալիս խոսքի մեջ կրճատել կրկնվող բառերը, ինքնին հասկանալի բառերն ու նույնիսկ կապակցությունները։ Օրինակ՝ «Գնացել էր շուկա ջեմի համար 20 կգ ծիրան առնելու, առավ միայն 10–ը»։ Այստեղ 10 թվականը փոխանվանաբար արտահայտում է ամբողջ 10 կգ ծիրան կապակցության իմաստը։

Լեզվական են այն փոխանունությունները, որոնք, անկախ խոսքային իրադրությունից, խոսքի նախընթաց իրազեկումից և այլ հանգամանքներից, սովորական գործածություն ունեն և հասկանալի են ինքնին։ Օրինակ՝ «արծաթյան փող», «ոսկյա դրամ» կապակցությունները խոսքային փոխանունությամբ գործածվելով «արծաթ» և «ոսկի» բառերով, դարձել են խոսքից դուրս հասկանալի փոխառություններ։ Եթե խոսքային–իրադրական փոխանունությունները կարևոր են խոսքի համառոտության, լեզվական խնայության տեսակետից, ապա լեզվական փոխանունությունները կարևոր են իմաստաբնական տեսակետից։ Ընդ որում՝ այդպիսի փոխանունություններով բառերը ստանում են նորանոր իմաստներ։ Այդպես են առաջացել սուր «հատու» ածականից՝ սուր «երկսայր հատող և խոցող զենք», խավար «մթին» ածականից՝ խավր «մթություն» գոյականական իմստը, կանաչ գունանունից՝ «բուսականություն» իմաստը և այլն։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Եզեկյան, Լևոն (2006). Հայոց լեզվի ոճագիտություն. Երևանհ. էջ 375.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Պողոսյան, Պողոս (1991). Խոսքի մշակույթի և ոճագիտության հիմունքներ. Երևան. էջ 56.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  3. Աղայան, Էդուարդ (1987). Լեզվաբանության հիմունքներ. երևան. էջ 345.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Էդուարդ Աղայան, Լեզվաբանության հիմունքներ, Երևան, 1987։

Պողոս Պողոսյան, Խոսքի մշակույթի և ոճագիտության հիմունքներ, Երևան, 1991։

Լևոն Եզեկյան, Հայոց լեզվի ոճագիտություն, Երևան, 2006։

Ֆրիդրիխ Խլղաթյան, Ոճաբանական տերմինների բառարան–տեղեկատու, Երևան, 1976։

Հրաչյա Աճառյանի անվան Լեզվի Ինստիտուտ, Ժամանակակից հայոց լեզվի բացատրական բառարան, Երևան, 1969։