Փափկամորթեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Փափկամորթեր (Mollusca), փափկամարմիններ, անողնաշարավոր կենդանիների տիպն ունի 7 դաս՝ զրահավորներ, ակոսափորայիններ, մոնոպլակոֆորներ, երկփեղկանիներ, փորոտանիներ, թիոտանիներ և գլխոտանիներ։ Չհատվածավորված, երկկողմ համաչափ կենդանիներ են, սակայն փորոտանիների մոտ երկրորդաբար առաջացել է անհամաչափություն, իսկ զրահավորները, ակոսափորայինները և մոնոպլակոֆորները պահպանել են հատվածավորությունը։ Մարմինը կազմված է գլխից, իրանից, ոտքից և խեցուց։ Երկփեղկանիները սակավաշարժության և պասիվ սնման հետևանքով կորցրել են գլխային հատվածը։ Իրանը կամ ընդերային պարկը պարունակում է ներքին օրգանների մեծ մասը և առաջացնում մաշկային ծալք՝ թիկնոց, որն իր արտաքին մակերեսին առաջացնում է խեցի։ Թիկնոցի և իրանի միջև առաջանում է թիկնոցի խոռոչ, որտեղ տեղավորված են թիկնոցային օրգանները՝ խռիկները և քիմիական զգացողության օրգանները՝ օսֆրադիումները․ այստեղ են բացվում նաև արտաթորության, սեռական անցքերը և հետանցքը։ Նստակյացները և մակաբույծները ոտք չունեն (ոստրեներ և այլն), լողացողների ոտքը վերածվել է լողակների (թևոտանիներ)․ գլխոտանիներինը՝ բերանը շրջապատող շոշափուկների և ձագարի, որը դարձյալ շարժման օրգան է։ Զրահավորների խեցին կազմված է 8 թիթեղիկներից, երկփեղկանիներինը՝ 2 կողքային փեղկերից, մնացածներինը ամբողջական է․ կազմված է օրգանիզմի հիմքից ու կալցիումի կարբոնատից և կատարում է արտաքին կմախքի դեր։ Աղիքը կազմված է առաջնաղուց, միջնաղուց և վերջնաղուց։ Կլանում կա փափկամարմիններին բնորոշ քերիչ։ Ունեն թքագեղձեր և լյարդ։ Շնչառության օրգանները 1 կամ մի քանի զույգ առաջնային խռիկները կամ քտենիդներն են։ Ցամաքային փափկամարմինները շնչում են թիկնոցի խոռոչի հաշվին առաջացած թոքերով։ Փափկամարմինների արյունատար համակարգը բաց է (գլխոտանիներինը՝ համարյա փակ)։ Սիրտը հաճախ կազմված է զույգ նախասրտերից և փորոքից։ Անհամաչափ փորոտանիներն ունեն միայն 1՝ ձախ նախասիրտ։ Արտաթորության օրգանները 1 կամ մի քանի զույգ երիկամներն են։ Զրահավորների, մոնոպլակոֆորների և ակոսափորայինների նյարդային համակարգը կազմված է գլխային աղեղից և զույգ կողքային ու փորային նյարդաբներից, մյուսներինը՝ մարմնի տարբեր մասերում ցրված զույգ հանգույցներից, որոնք իրար միացած են երկայնական և լայնական նյարդաբներով։ Բարձրակարգ փորոտանիներն ու գլխոտանիներն ունեն բավական բարդ գլխուղեղ։ Փորոտանիները բազմանում են միայն սեռական ճանապարհով։ Կան բաժանասեռ և հերմաֆրոդիտ տեսակներ։ Ցածրակարգ փորոտանիներին բնորոշ են տրոխոֆորա կամ վելիգեր թրթուրները, իսկ թոքաշունչ փորոտանիները և գլխոտանիները զարգանում են առանց կերպարանափոխության։ Փորոտանիների մեծամասնությունն ապրում է ծովերում, օվկիանոսներում, կան նաև աղի և քաղցրահամ ջրերում ապրող և ցամաքային տեսակներ։ Փորոտանիները սնունդ են ծառայում ձկների, թռչունների, կաթնասունների համար։ Օգտագործվում են նաև մարդու սննդում (ոխարե, ծովային սանր, կաղամար, այգու խխունջ և այլն)։ Մարգարտախեցուց և այլ երկփեղկանիներից ստանում են մարգարիտ, սադափ։ Նավաորդը վնասում է նավերի փայտյա մասերը։ Խխունջներն ու կողինջները մշակովի բույսերի վնասատուներ են։ Որոշ փորոտանիներ մարդու և կենդանիների մակաբույծ որդերի միջնորդ տերեր են։ Հայտնի է ժամանակակից փորոտանիների մոտ 107 հազար տեսակ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։