Փաստերի ստուգման հարթակ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
FIP - Փաստերի ստուգման հարթակ
ՀրատարակիչԻրազեկ քաղաքացիների միավորում
ԽմբագիրՀակոբ Կարապետյան
Հիմնադրման թվական2016
Նախկին անվանումներSUT.am
Կայքfip.am
Պատկերներ Վիքիպահեստում

«Փաստերի ստուգման հարթակը» (անգլ․՝ Fact Investigation Platform — FIP) առցանց անկախ լրատվամիջոց է, որը հիմնադրվել է «Իրազեկ քաղաքացիների միավորում» խորհրդատվական հասարակական կազմակերպության կողմից[1]։ «Փաստերի ստուգման հարթակը» (FIP.am) մասնագիտացված է փաստերի ստուգման և հետաքննական լրագրության մեջ։ FIP.am-ի հիմնական նպատակն է բացահայտել հանրային մարմինների ու լրատվամիջոցների կողմից հրապարակված, իրականությանը չհամապատասխանող տեղեկությունները և կանխարգելել ապատեղեկատվության տարածումը[2]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

«Փաստերի ստուգման հարթակը» ստեղծվել է 2016 թ․ նոյեմբերին։ Մինչև 2018 թ․ սեպտեմբերը կայքը հանդես է եկել Sut.am անվամբ և դոմեյնով։ Փոփոխությունը պայմանավորված էր նոր ընթերցողներին «սուտ» բառով չվանելու և սխալ ընկալում չստեղծելու մարքեթինգային քաղաքականությամբ։ Վերանվանումը, սակայն, չազդեց կայքի բնույթի և նպատակի վրա։ Կայքի գործունեության հիմնական նպատակը շարունակում են լինել ապատեղեկատվության դեմ պայքարը և փաստերի ստուգումը[3]։

Թեմատիկ ուղղվածություն (Բովանդակություն)[խմբագրել | խմբագրել կոդը]

Լրատվամիջոցի բովանդակության մեծ մասը կազմում են հանրային և պաշտոնատար անձանց կողմից արված ոչ ճշգրիտ, ապակողմնորոշող, մանիպուլյատիվ և կեղծ պնդումների բացահայտումները։ FIP-ը ստուգում է հեռարձակվող, առցանց և տպագիր լրատվամիջոցներում հաղորդված կամ հրապարակված փաստերը, ինչպես նաև սոցիալական ցանցերում շրջանառվող պնդումները։ Բացի այդ, «Փաստերի ստուգման հարթակը» հանձնառու է ստուգելու ընթերցողներին հետաքրքրող պնդումներն ու տեղեկությունները, որոնք վերջիններս ուղարկում են հարթակի կայքի հատուկ բաժնի կամ ֆեյսբուքյան էջի միջոցով[4]։

Մեթոդաբանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

«Փաստերի ստուգման հարթակն» ունի կառուցվածքային և խմբագրական անկախություն, ինչպես նաև լրագրողների համար սահմանված վարքագծի կանոնագիրք։ FIP-ը փաստերը ստուգում է բաց աղբյուրների միջոցով կամ կապ հաստատում պետական մարմինների հետ տեղեկատվություն ստանալու հարցմամբ։ Կայքը հիպերհղումների և մեջբերումների միջոցով տրամադրում է այն աղբյուրներն ու գործիքները, որոնք օգտագործվել են տվյալ հայտարարությունը, փաստը կամ տեղեկատվությունը ստուգելու ընթացքում։ Ինչպես նշված է FIP-ի պաշտոնական կայքէջում, այդ ամենն արվում է, որպեսզի ընթերցողը, անցնելով բոլոր հղումներով և աղբյուրներով, կարողանա անցնել նույն ուղին, ինչ FIP-ի մասնագետներն ու լրագրողները, և ստուգել նշված հոդվածի ու տվյալների իսկությունը[4]։

«Փաստերի ստուգման հարթակը» պատրաստած նյութերը գնահատում է «փաստաչափ» վարկանիշային համակարգի միջոցով, որն ունի տեղեկատվության հետևյալ դասակարգումը՝ լիովին ճշմարիտ, մասամբ ճշմարիտ, առանց վճռի, մասամբ սխալ կամ ամբողջությամբ սխալ, կեղծ, մանիպուլյատիվ[4]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Մեր կազամակերպությունը | Իրազեկ քաղաքացիների միավորում». 2017 թ․ փետրվարի 10. Վերցված է 2022 թ․ մարտի 25-ին.
  2. «Մեր մասին». fip.am. Վերցված է 2022 թ․ մարտի 25-ին.
  3. «SUT.am-ը դարձել է «Փաստերի ստուգման հարթակ»` FIP.am». fip.am. 2018 թ․ սեպտեմբերի 3. Վերցված է 2022 թ․ մարտի 25-ին.
  4. 4,0 4,1 4,2 «Մեթոդաբանություն». fip.am. Վերցված է 2022 թ․ մարտի 25-ին.