Տրեմատոդներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Helicometria sp.ապրում է մարսողական տրակտում:

Տրեմատոդներ, (Trematoda, Digenea), ծծող որդեր, տափակ որդերի տիպի դաս։ Հասուն ձևերը մակաբուծում են ողնաշարավոր կենդանիների և մարդու, թրթուրները՝ փափկամորթների, երբեմն այլ անողնաշարավորների օրգանիզմներում։ Հայտնի է տրեմատոդների շուրջ 7000 տեսակ՝ տարածված ամենուրեք։ Մարմինը սովորաբար երկարացած է, տափակ, տերևաձև, երբեմն՝ գլանաձև կամ տանձաձև։ Մարմնի երկարությունը սովորաբար միլիմետր տասնորդական մասերից մինչև մի քանի սմ է (մեկ տեսակը՝ մինչև 1,3 մ)։ Տիպիկ տրեմատոդներ ունեն երկու ծծան՝ բերանային և ոտնային, որոնցով կպչում են տիրոջ մարմնին կամ օրգաններին։ Մարմնի ծածկույթը մկանների հետ կազմում է մաշկամկանային պարկ, որի ներսում են գտնվում ներքին օրգանները։ Մարմնի խոռոչը բացակայում է։ Ունեն մարսողական (փակ), արտաթորության, նյարդային և սեռական համակարգեր։ Հերմաֆրոդիտ են։ Բազմաթիվ տրեմատոդներ մարդու և ընտանի կենդանիների արեմաաոդոզների հարուցիչներ են։ Մարդու մակաբույծներ են լյարդի երկծծանը, նշտարաձև երկծծանը, կատվի կամ սիբիրյան երկծծանը, արյան երկծծանը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։


Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Տրեմատոդներ» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Տրեմատոդներ» հոդվածին։