Տրանսուրան տարր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Տրանսուրանային տարրեր, քիմիական տարրեր, որոնք պարբերական համակարգում գտնվում են ուրանից հետո (ատոմային թվերը մեծ են 92-ից): Բոլոր տրանսուրանային տարրերը սինթեզվել են միջուկային փոխազդեցությունների շնորհիվ (բնության մեջ հայտնաբերվել են միայն նեպտունիումի և պլուտոնիումի միկրոքանակություններ): Տրանսուրանային տարրերը ռադիոակտիվ են: Ատոմային թվի մեծացմանը զուգընթաց դրանց կիսատրոհման պարբերությունը կտրուկ նվազում է: 1932թ. նեյտրոնի հայտնագործումից հետո կարծիք արտահայտվեց, որ նեյտրոններով ճառագայթվելուց ուրանից պետք է ստացվեն առաջին տրանսուրանային տարրերի իզոտոպները: Եվ 1940թ. Էդվին Մակմիլանը և Ֆ. Էիբլսոնը միջուկային ռեակցիայի ստացան նեպտունիում (ատոմային թիվը՝ 93) և հետազոտեցին դրա կարևորագույն քիմիական ֆիզիկական հատկությունները: Հենց այդ ժամանակ էլ կատարվեց մյուս տրանսուրանային տարրի՝ պլուտոնիումի հայտնագործությունը: Երկու տարրերն էլ անվանվել են Արեգակնային համակարգի համանուն մոլորակների պատվին: